Ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը չորս վճիռների է սպասում․ այսօր կայացած կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ դրանք հաստատումն են նրա, որ ապօրինի գույքի բռնագանձման գործառույթը սկսել է աշխատել։
Հայտարարեց, որ հուլիսի 24-ին հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ դատախազության հայցը, որի արդյունքում Սարգիս Սահակյանից կբռնագանձվի Աշտարակ քաղաքի սեփական տունն ամբողջությամբ, Երևանի Արաբկիր համայնքի բնակարանի 45 տոկոսը և 184 միլիոն 222 հազար 585 դրամ։
Ուժի մեջ է մտել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով վճիռը։
Հրազդանի նախկին քաղաքապետից կբռնագանձվի 8 անշարժ գույք՝ չորսն ամբողջությամբ, մեկ ընկերությունում՝ 50 տոկոս մասնաբաժին, 2 տրանսպորտային միջոց, 85 միլիոնից ավելի գումար։
Կարդացեք նաև
Պաշտպանության նախկին փոխնախարար Մանվել Գրիգորյանի ժառանգներից կբռնագանձվի 9 անշարժ և 6 շարժական գույք, մեկ իրավաբանական անձում մասնակցություն և 340 միլիոն դրամ։
Բոլոր վճիռներում հայցերը մասնակի են բավարարվում՝ հաշվարկների մեխանիզմների տարբերության պատճառով, բայց Աննա Վարդապետյանի պնդմամբ՝ դրանք արդյունքի վրա էական ազդեցություն չեն ունենում, ուստի դատախազությունն «ավելորդ իրավական քաշքշուկի մեջ» չի մտնում։
Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը նկատել էր, որ բռնագանձված գույքերը, այդ թվում՝ նաև տներ ու բնակարաններ, շատանում են, և դրանց կառավարման կարգ է պետք մշակել։ Նա հանձնարարեց՝ մինչև 2031 թվականը պետք է 2 միլիարդ դրամի ապօրինի գույք բռնագանձվի։
Աննա Վարդապետյանը հայտարարեց, որ մինչ այս պահը, ընդհանուր առմամբ, ապօրինի ծագում ունենալու հիմքով 6 միլիարդից ավելի գույք է բռնագանձվել, այդ թվում՝ երկու առանձնատուն։ Ապօրինի ծագման գույքի բռնագանձման 172 հայց կա դատարանում, երկու հայցադիմում էլ սպասում են վարույթ ընդունվելուն։ Ընդհանուր հայցագինը 628 միլիարդ 600 միլիոն դրամ է, 464 միլիարդ 600 միլիոն դրամի էլ գույքային պահանջ կա, ուստի Նիկոլ Փաշինյանի սահմանած ուղենիշը Աննա Վարդապետյանն իրատեսական է համարում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































