Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մասնագետները պետք է հաշվի առնեն, որ թեեւ Իրանը բնական գազի պաշարներով աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը, տարվա որոշ ժամանակահատվածներում բախվում է գազի պահանջարկի կտրուկ աճին. «Ազգ»

Օգոստոս 07,2026 10:44 Share

Իրան կատարած եռօրյա այցից հետո ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական գազի մատակարարումները հնարավոր է առնվազն կրկնապատկել: Նրա խոսքով, դա ոչ միայն կխթանի Հայաստանի էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացումը (բազմազանեցում), այլեւ երկարաժամկետ հեռանկարում կարող է հնարավորություն ստեղծել գազի տարանցման դեպի այլ ուղղություններ:

Այս նպատակով նախատեսվում է ստեղծել հայ-իրանական աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն տեխնիկական, տնտեսական եւ իրավական հարցերը, ինչպես նաեւ կգնահատեն Հայաստանի տարածքով իրանական գազի հնարավոր տարանցման հեռանկարները:

Սակայն այդ աշխատանքները հաջողությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ Իրանի գազային ոլորտի իրական հնարավորություններն ու առկա սահմանափակումները: Թեեւ Իրանը բնական գազի պաշարներով աշխարհում երկրորդ տեղում է, երկրի արդյունահանման հնարավորություններն ու ներքին սպառման արագ աճը միշտ չէ, որ թույլ են տալիս մեծացնել արտահանման ծավալները:
Իրանական գազի արտահանման սահմանափակ հնարավորությունները

Ձեւավորման փուլում գտնվող աշխատանքային խմբերը պետք է հաշվի առնեն, որ թեեւ Իրանը բնական գազի պաշարներով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը, տարվա որոշ ժամանակահատվածներում, հատկապես ձմռանը, երկիրը բախվում է գազի պահանջարկի կտրուկ աճին: Այդ պայմաններում սպառման պիկը հաղթահարելու նպատակով Թեհրանը նույնիսկ ստիպված է լինում սահմանափակ ծավալներով գազ ներմուծել եւ ավելի ակտիվացնել էներգետիկ դիվանագիտությունը:

Իրանական «Մեհր» լրատվական գործակալության հաղորդմամբ, միջազգային գնահատականներով Իրանը Ռուսաստանից հետո բնական գազի ամենամեծ պաշարներն ունեցող երկիրն է աշխարհում: Այնուամենայնիվ, վերջին տարիներին, հատկապես ձմռան ամիսներին, պարբերաբար քննարկվում են գազի դեֆիցիտի եւ նույնիսկ դրա ներմուծման անհրաժեշտության հարցերը:

Առաջին հայացքից դա կարող է հակասական թվալ, քանի որ նման հարուստ պաշարներ ունեցող երկիրը, կարծես, չպետք է խնդիր ունենա սեփական ներքին պահանջարկը բավարարելու հարցում:

Սակայն մասնագետներն արդարացիորեն նշում են, որ ընդերքում առկա պաշարները դեռեւս չեն նշանակում համապատասխան արտադրական կարողությունների առկայություն:
«Մեհր» լրատվական գործակալության տվյալներով, էական տարբերություն կա բնական գազի պաշարների ծավալի, օրական արդյունահանման հնարավորությունների եւ ներքին սպառման արագ աճի միջեւ, ինչը հանգեցնում է առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռության:
Հենց այդ պատճառով էլ Իրանի էներգետիկ քաղաքականությունը վերջին տարիներին կենտրոնացել է ոչ միայն գազի արդյունահանման ծավալների ավելացման, այլեւ լրացուցիչ գործիքների կիրառման վրա, այդ թվում՝ սահմանափակ ծավալներով գազի ներմուծման եւ էներգետիկ դիվանագիտության ակտիվացման:

Կարեւոր է հասկանալ նաեւ, թե ինչու է Իրանը Թուրքմենստանից բնական գազի ներմուծման վերաբերյալ 25-ամյա պայմանագիր կնքել, որը, սակայն, ֆինանսական տարաձայնությունների, կուտակված պարտքերի եւ գազամատակարարումների բազմակի ընդհատումների պատճառով բախվել է լուրջ դժվարությունների, ինչի հետեւանքով տարբեր ժամանակահատվածներում մատակարարումները դադարեցվել են:

Համատեղ աշխատանքային խմբերում ընդգրկված հայ մասնագետները պետք է պարզեն նաեւ, թե ինչու է Իրանը, հատկապես իր հյուսիսային եւ արեւելյան շրջանների գազամատակարարումն ապահովելու նպատակով, շարունակում կարեւորել Թուրքմենստանի հետ համագործակցությունը:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել