«Մեր նպատակն է ստեղծել այլընտրանքներ Հայաստանի համար։ Սա, կարծում եմ՝ ցանկացած երկրի օրինական իրավունքն է, եւ կարծում եմ, բոլոր երկրներն աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի լինեն այլընտրանքներ»,-օգոստոսի 7-ին Ղրղզստանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ Եվրասիական տնտեսական միության համար լավագույն դիրքորոշումը ոչ թե այս գործընթացի տորպեդահարումը պետք է լինի, այլ, ընդհակառակը, աշխատել այն ուղղությամբ, որպեսզի բարձրացվի Եվրասիական տնտեսական միության մրցունակությունն ու գրավչությունը, իսկ Հայաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ։
Լրագրողի այն դիտարկմանը՝ գուցե՞ ընտրություն կազմակերպեն, Փաշինյանը նշեց՝ «Նախ պետք է ստեղծել ընտրության հնարավորություն, եւ միայն դրանից հետո կատարել ընտրությունը»։
«Ես ի գիտություն եմ ընդունել ԵԱՏՄ գործընկերների մայիսի 29-ի հայտարարությունը եւ հարգանքով եմ վերաբերվում դրան։ Շատ հետաքրքիր նրբություն կա․ գործընկերներն աջակցում են Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Ես շատ բարձր եմ գնահատում այդ դիրքորոշումը։
Կարդացեք նաև
Հանրաքվեն կլինի, բայց այն բանից հետո, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրոպական միությանն՝ անդամակցության հարցով, եւ պետք է ինստիտուցիոնալ աշխատել այդ ուղղությամբ»,-մասնավորապես ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետի դիտարկմամբ՝ հանրաքվե անցկացնելն անհնար է, որովհետեւ այդ հանրաքվեի առարկան գոյություն չունի։ «Եթե հիմա մենք հանրաքվե կազմակերպենք ու ասենք՝ կողմնորոշվեք՝ ինչպիսի՞ն կլինի Հայաստանի քաղաքացիների արձագանքը։ Նրանք կհարցնեն՝ իսկ որո՞նք են Եվրոպական միության անդամ դառնալու մեր հեռանկարները։ Իսկ ի՞նչ ճանապարհային քարտեզ ունենք մենք եւ այլն։ Շատ հարցեր կլինեն, որոնց պատասխանները մենք չունենք, եւ այդ պատասխանները ոչ ոք չունի»,-նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ինչ հիմա կատարվում է ԵԱՏՄ տարածքում, միայն հրահրում է Հայաստանում Եվրասիական տնտեսական միության նկատմամբ բացասական ընկալումը։ «Նկատի ունեմ այն սահմանափակումները, որոնք մեր հարգարժան ռուս գործընկերները սահմանել են հայկական ապրանքների նկատմամբ»,-ասել է Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ ցանկացած երկրի համար շատ կարեւոր է բարձրացնել արտադրության որակը, մրցունակությունն ու չափանիշները, որոնց ուղղությամբ աշխատում է Հայաստանն ու ԵԱՏՄ մյուս երկրները։
Փաշինյանը հորդորել է այս գործընթացը չդիտարկել բացասականի շարքում, քանի որ սա «լավ հնարավորություն միասին աշխատելու Եվրասիական տնտեսական միության գրավչության եւ մրցունակության բարձրացման ուղղությամբ»։
«Շատ կարեւոր է հասկանալ, որ առանց եվրասիական տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքների իրագործման հնարավորության ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջ։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում հայկական ապրանքների հարցում, իհարկե, խնդիր է Հայաստանի համար, բայց նաեւ լուրջ խնդիր է ԵԱՏՄ-ի համար։
Գործնականում ստացվում է, որ ԵԱՏՄ-ն չի աշխատում։ Եթե, ըստ էության, չի աշխատում, նշանակում է՝ ԵԱՏՄ-ն չի աշխատում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի գնահատմամբ՝ Եվրոպական միությունը Հայաստանի համար շոշափելի առեւտրատնտեսական գործընկեր է, սակայն այժմ հարցը համեմատության մասին չէ, այլ այն մասին, որ Հայաստանի համար այլընտրանքներ ստեղծվեն։ «ԵԱՏՄ որոշ գործընկերներ հրահրել են այս գործընթացը՝ հայտարարելով, որ Հայաստանը ոչ մեկին պետք չէ, եւ նրան ոչ մի տեղ չեն սպասում։ Մենք սա ոչ թե բացասաբար, այլ դրական ընդունեցինք ու սկսեցինք աշխատել, քանի որ իրականում իրավիճակը բոլորովին ուրիշ է»,-ասաց Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը համոզված է, որ եթե որեւէ մեկը Հայաստանի վրա ճնշում գործադրելու ազդեցության լծակներ ունի, ապա դրանք ո՛չ Բրյուսելում են, ո՛չ արեւմուտքում, ո՛չ հարավում եւ ոչ էլ արեւելքում։
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը կատակով համաձայնվեց լրագրողներից մեկի առաջարկին՝ «ստեղծել այլընտրանքային միություն Հայաստանի գլխավորությամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում



















































