Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյան, դուք չեք հաղթելու Եկեղեցուն, Եկեղեցին չի պարտվելու «թավշյա» բռնաճնշումներին»

Օգոստոս 07,2026 17:47 Share

«Այս օրը Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես համազգային ամոթի օր։ Եվ պատմությունը վստահաբար այդ գնահատականը տալու է։ Այսօր դատարանի առջեւ է կանգնած աշխարհասփյուռ հայության հոգեւոր առաջնորդ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։ Այսօր դատարանի առջեւ են կանգնած բարձրաստիճան հոգեւորականներ։ Պատմությունը վստահաբար դրա գնահատականը տալու է»,- ԱԺ նիստում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։

«Սիրելի հայրենակիցներ, իշխանությունը ձեզ կհամոզի, որ սա ընդամենը մի քանի հոգեւորականի դեմ պայքար է, բայց սա պայքար է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու դեմ, սա պայքար է մեր ինքնության դեմ։ Խնդրանքս է, որպեսզի յուրաքանչյուրս սատար կանգնենք Հայ Առաքելական եկեղեցուն եւ մեր հոգեւոր հայրերին»,- ասաց նա։

Անուշ Միրզոյանի խոսքով՝ պատմության մեջ բոլոր նրանք, ովքեր կռվել են մեր եկեղեցու դեմ, հիշվել են որպես գորշ ժամանակների հեղինակներ՝ «Ստալին, Նիկոլայ Առաջին, Թալեաթ փաշա, Հեյդար Ալիեւ, Իլհամ Ալիեւ եւ Նիկոլ Փաշինյան»։

«Նիկոլ Փաշինյան, ես ասում եմ՝ դուք չեք հաղթելու Եկեղեցուն, Եկեղեցին չի պարտվելու «թավշյա» բռնաճնշումներին»,- ասաց Անուշ Միրզոյանը։

Նրա ելույթին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը․ «Քանի որ մեր գործընկերն ասում են, որ այսօր Հայաստանի պատմության ամենաամոթալի օրն է, ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի պատմության մեջ եղել են իսկապես ամոթալի օրեր։ Օրինակ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը, երբ ահաբեկիչները մտան ՀՀ օրենսդիր մարմին եւ գնդակահարեցին պետության ղեկավարներին։ Եվ այդ նույն օրը ինչ-որ մեկը օծվում էր որպես Ամենայն հայոց կաթողիկոս։ Ամոթալի էր 2008 թվականի մարտի մեկը, երբ ՀՀ քաղաքացիներին գնդակահարում էին սեփական մայրաքաղաքի կենտրոնում։ Ամոթալի էր 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի լույս գիշերը, երբ նույն հրոսակախմբերը մտնում էին ՀՀ կառավարության շենք, ՀՀ օրենսդիր մարմին, ջարդ ու խուրդ էին անում եւ փորձում էին կրկնել հոկտեմբեի 27-ի ահաբեկչությունը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել