«Ռուսաստանի հետ վերջին խոսակցությունը երբ է եղել՝ չգիտեմ, և ծանոթ չեմ որևէ հայտարարության, որը հիմք տա մտածելու, թե գազի սակագինը կարող է փոխվել։ Այնուամենայնիվ, եթե նման իրավիճակ առաջանա, մենք բարեկամաբար մեր ռուս գործընկերների հետ կունենանք քննարկումներ»,- խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին՝ քննարկվե՞լ է Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագնի հարցը, Հայաստանում դիտարկվո՞ւմ է այլ երկրներից՝ Իրանից, Իրաքից կամ Ադրբեջանից, գազ ստանալու հարցը։
«Դիվերսիֆիկացիան, իհարկե, կարևոր է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ Իրան կատարած այցի ընթացքում քննարկումներ եղել են գազի ներկրման ծավալների ավելացման ուղղությամբ։ Բացի այդ, TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով անցնելու է նաև գազամուղ։ Սա ևս մեկ հնարավորություն է՝ դիտարկելու ևս մեկ աղբյուր ունենալու համար»,- պատասխանեց Սարգիս Խանդանյանը։
Հստակեցնող հարցին՝ խաղաղության օրակարգի շրջանակներում Ադրբեջանից Հայաստան գազի ներկրում պլանավորվո՞ւմ է, իշխող խմբակցության պատգամավորը պատասխանեց․ «Տնտեսական և էներգետիկ տարբեր հարաբերությունների քննարկումներ տեղի ունեցել են Ադրբեջանի հետ։ Չգիտեմ՝ կոնկրետ գազի մատակարարման հարցով ուր ենք հասել, բայց դա բացառված սցենար չէ»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































