«Խոսում եք քաղբանտարկյալների մասին, իմացեք՝ ՀՀ-ում չկա որեւէ մարդ, նույնիսկ ձեր համակիրները, որ անգամ մեկ տոկոս կասկած ունենա, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել եւ կալանավորվել է, քանի որ Ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ցուցում տվեց»,- ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այդ հայտարարություններին, թե «Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»։
Վարդեւանյանը հավելեց․ «Սամվել Կարապետյանն ասել է՝ մեր ձեւով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը։ Ձեր քննչական մարմինը, դատախազությունը, այնուհետեւ դատարանները գտել են, որ սա իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ է։ Սամվել Կարապետյանի նկատմամբ այս հոդվածով կալանք է կիրառվել, նորմա՞լ է սա, նորմալ չէ, դու էլ գիտեք, մենք էլ գիտենք։ Երբ խոսում ենք քաղբանտարկյալների մասին, եթե մարդուն սխալ կալանավորում են, եւ դու այդտեղ տեսնում ես չարամիտ նպատակ, ինքը քաղբանտարկյալ է»։
Նա անդրադարձավ Հայաստանի քրեակատարողական հիմնարկների պահման պայմաններին, ասաց, որ պայմանները շատ վատ են։ «Դուք գիտե՞ք՝ Հայաստանի ՔԿՀ-ներում հիմա ինչ է կատարվում, Երեւան Կենտրոն ՔԿՀ-ում, Արմավիր, Նուբարաշեն, Արթիկ ՔԿՀ-ներում»,- նշեց Վարդեւանյանը։
Անդրադառնալով դատարանների գործունեությանը՝ Վարդեւանյանն ասաց․ «Եթե ձեզանից, ձեր մտերիմներից որեւէ մեկը վերաքննիչ բողոք ներկայացնի, այն կքննվի շատ «սեղմ» ժամկետում՝ առաջին դատական նիստը նշանակվելու է 2028 թվականի նոյեմբերին»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի այսօրվա ելույթին, երբ նա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին կոչ էր անում նստել տաքսի եւ գնալ Էրզրում, Արարատ լեռ, Արամ Վարդեւանյանն ասաց․ «Նարեկ Կարապետյանի՝ Երեւանից մեկնելու հետ կապված ճանապարհային քարտեզ էր ներկայացվում՝ ընդհուպ Թուրքիայի մասով։ Նարեկ Կարապետյանը ՀՀ այն քաղաքացիներից է, ում սահմանը հատելու հնարավորությունը սահմանափակվել էր ընտրությունների հաջորդ օրը՝ առանց որեւէ մեղադրանքի, առանց որեւէ քրեական գործի»։
ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արուսյակ Ջուլհակյանն իր ելույթում արձագանքեց Սամվել Կարապետյանի կալանավորման հարցին։
«Սամվել Կարապետյանի ձերբակալությունից եք խոսում եւ ասում եք՝ Վճռաբեկ դատարանը ճանաչել է, որ նրա ձերբակալությունն ապօրինի էր։ Դուք իրապե՞ս պնդում եք, որ մենք զավթել ենք դատական իշխանությունը, դատական իշխանության անկախությունը հասցրել ենք զրոյի, եւ մեր Վճռաբեկ դատարանը ապօրինի է ճանաչում Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որին, ըստ ձեզ, մենք քաղաքական հետապնդման ենք ենթարկում։ Ես առաջարկում եմ այստեղ մարդկային բանականության նկատմամբ ունենանք հարգանք»,- ասաց Ջուլհակյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































