Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան

Օգոստոս 20,2026 22:35 Share

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է ԱՐԴԱՐԱՑՆՈՂ հիմքով: Այս մասին հայտնում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

«Կարգալույծներ Ասատրյան Ստեփանն ու Թախմազյան Արամայիսը իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տվել նախաքննության ընթացքում՝ մեղադրելով իմ վստահորդին միլիոնավոր դրամների հափշտակության մեջ: Մասնավորապես՝ Արամայիս Թախմազյանը նույնիսկ առերես պնդել է, որ Թեմից և Մայր Աթոռից իրեն հասանելիք գումարները շուրջ 5 տարի չեն վճարվել և այդ արարքը կատարվել է իմ վստահորդի միջոցով:

ՍԱԿԱՅՆ ԱՅՍ ՍՈՒՏԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ:

Նախաքննության մարմինը 10 ամիս շարունակ ստուգել է Արամայիս Թախմազյանի և նրա կնոջ (որն, ի դեպ, նույնպես իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել) թվով 1262 բանկային գործարք և հետապնդումը դադարեցնելու որոշմամբ արձանագրել է, որ Թեմն ու Մայր Աթոռը այս անձանց գումարները կոպեկ առ կոպեկ վճարել են:

Արամայիս Թախմազյանը բացահայտվելուց հետո հայտնել է, որ այս դեպքով հիշողության հետ թյուրըմբռնում ունի և Մայր Եկեղեցուց ու Թեմից միլիոնավոր դրամները ստանալու պահերը, կենտրոնացած չլինելու պատճառով, լավ չի ընկալել…

Նախաքննության մարմինը նշել է, որ մեղադրանքը չի կարող հիմնվել Թախմազյանի հիշողության սահմանափակումների վրա:

Արամայիս Թախմազյան, առավոտները շաքարաջուր խմի՛ր, հիշողությունդ կարգավորիր, որ մարդկանց քո պատճառով հանիրավի չկալանավորեն:

Իսկ այս հրեշավոր ստի պատճառով իմ վստահորդ Նաիրա Ալավերդյանը ամիսներ շարունակ ապօրինի կալանք է կրել, առողջական խնդիրներ է ձեռք բերել, ֆինանսական կորուստներ է ունեցել, Նաիրա մայրը, չդիմանալով դստեր նկատմամբ հակաիրավական գործընթացին, տառապանքից և հիվանդության սրացումից մահացել է մի քանի ամիս առաջ՝ այդպես էլ չտեսնելով իր դստեր արդարացումը:

Բոլոր մեղավորների պատասխանի ժամը գալու է Աստծո և օրենքի առաջ…»,- գրել է նա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել