Հատկապես ամռան ընթացքում հաճախ ենք լսում Սալմոնելային վարակների դեպքերի ակտիվացման մասին, և դա պատահական չէ․ թեև այս վարակը հանդիպում է տարվա բոլոր եղանակներին ու ամենուր, տաք եղանակը և սառնարանում չպահվող սնունդը իդեալական պայմաններ են ստեղծում այս վարակի հարուցիչների աճի համար։
Ի՞նչ է սալմոնելան
Սալմոնելան շատ տարածված բակտերիաների տեսակ է։ Ձողաձև այս միկրոօրգանիզմները հանդիպում են աշխարհի տարբեր վայրերում՝ հանդիսանալով մարդկանց շրջանում հիվանդությունների առաջացման ամենատարածված պատճառներից մեկը։
Սալմոնելային վարակը սովորաբար փոխանցվում է մարդուն աղտոտված սննդի կամ ջրի միջոցով, կամ կենդանիների հետ անմիջական շփման հետևանքով։
Կարդացեք նաև
Սալմոնելային թունավորման ախտանշանները
Սալմոնելայով վարակման ախտանշանները կարող են տարբեր լինել՝ կախված վարակի պատճառ դարձած Սալմոնելայի տարատեսակից։ Վարակների մեծ մասը հանգեցնում է մարսողական համակարգի խանգարման, սակայն բակտերիայի որոշ շտամներ կարող են առաջացնել որովայնային տիֆ։
Սալմոնելային վարակի ախտանշաններից են՝
- ջերմության բարձրացումը,
- փորլուծությունը,
- որովայնի կծկումներն ու ցավերը,
- սրտխառնոցն ու փսխումը,
- դողը,
- գլխացավը։
Սալմոնելային վարակի ախտանշանները կարող են ի հայտ գալ աղտոտված սնունդ օգտագործելուց մի քանի ժամից մինչև մի քանի օր անց։
Այս ախտանշանները սովորաբար անհետանում են երկուսից յոթ օրվա ընթացքում, թեև աղիքների բնականոն աշխատանքը կարող է վերականգնվել միայն մի քանի ամիս անց։ Հազվադեպ դեպքերում Սալմոնելայով վարակը կարող է հանգեցնել երկարատև հոդացավերի, որը հայտնի է որպես ռեակտիվ արթրիտ և ժամանակի ընթացքում կարող է վերածվել քրոնիկ արթրիտի։
Այս հոդվածը վերաբերվում է ոչ տիֆային սալմոնելային վարակին՝ սալմոնելոզին։ Տիֆային Սալմոնելա բակտերիաները առաջացնում են որովայնային տիֆ և պարատիֆ, որոնք չբուժվելու դեպքում կարող են ծանր ընթացք ունենալ։
Սալմոնելային վարակի զարգացման պատճառները
Սալմոնելային թունավորման պատճառը Սալմոնելա բակտերիաներն են։ Այս բակտերիաները կարող են ապրել որոշ մարդկանց և կենդանիների աղիներում, ինչպես նաև հայտնվել աղտոտված սննդում և ջրում։
Վարակման աղբյուր կարող են լինել՝
- հում ձուն և ձվի կեղևը,
- հում կարմիր միսը, ծովամթերքը և թռչնամիսը,
- մրգերն ու բանջարեղենը,
- չպաստերիզացված կաթը կամ պանիրը,
- չմաքրված կամ չախտահանված ջուրը,
- կենդանիների մորթին, փետուրները, թեփուկները, մաշկը և կղանքը, ինչպես նաև նրանց բնակության վայրերը,
- Սալմոնելայով վարակված մարդու շրջակայքի մակերեսները։
Ինչպե՞ս կարելի է վարակվել սալմոնելայով
Սալմոնելայով վարակվելու ամենատարածված պատճառը թերի եփված սնունդն է կամ սննդի պատրաստման ու պահպանման կանոնների խախտումը։
Վարակվել կարելի է՝
- հում կամ թերի եփված միս, թռչնամիս, ծովամթերք կամ ձու ուտելով,
- աղտոտված մրգեր և բանջարեղեն օգտագործելով,
- աղտոտված ջուր կամ չպաստերիզացված կաթ խմելով,
- հում սննդի հետ շփվելուց հետո և ուտելուց առաջ ձեռքերը չլվանալով,
- պետքարանից օգտվելուց հետո ձեռքերը չլվանալով և այլն։
Սալմոնելայով կարելի է վարակվել նաև վարակված կենդանիներից և մարդկանցից։ Գրեթե ցանկացած կենդանի կարող է ունենալ Սալմոնելայով վարակվածություն կամ բակտերիան կրել մորթու, փետուրների, թեփուկների կամ մաշկի վրա։
Ռիսկի գործոնները
Յուրաքանչյուրը կարող է վարակվել սալմոնելայով, սակայն վարակվելու կամ ծանր հիվանդանալու վտանգը կարող է ավելի բարձր լինել՝ կախված տարիքից, որոշ հիվանդություններից և ընդունվող դեղամիջոցներից։
Սալմոնելայով վարակվելու ավելի բարձր վտանգի են ենթարկվում այն մարդիկ, որոնք՝
- ապրում կամ աշխատում են բարձր ռիսկային կենդանիների հետ․ օրինակ՝ հավերի, բադերի, կրիաների և մողեսների,
- ընդունում են անտացիդներ կամ վերջերս ընդունել են հակաբիոտիկներ․ այս դեղերը կարող են նվազեցնել սալմոնելայի դեմ օրգանիզմի պաշտպանությունը և հեշտացնել վարակվելը,
- ունեն աղիների բորբոքային հիվանդություն․ այդ հիվանդության հետևանքով առաջացած վնասումը կարող է հեշտացնել վարակի առաջացումը,
- 5 տարեկանից փոքր են․ փոքր երեխաների իմունային համակարգի համար կարող է ավելի դժվար լինել վարակի դեմ պայքարելը։
Սալմոնելայով վարակվելու պատճառով ծանր հիվանդության զարգացման ավելի բարձր ռիսկի խմբում են՝
- 65 տարեկանից բարձր են կամ 5 տարեկանից փոքր անձինք,
- թույլ իմունային համակարգ ունեցող մարդիկ,
- մանգաղաբջջային սակավարյունություն ունեցող անձինք։
Բարդությունները
Մարդկանց մեծ մասի մոտ սալմոնելոզի բարդությունները հազվադեպ են։ Դրանք կարող են ներառել՝
- ջրազրկում․ փսխման կամ փորլուծության հետևանքով հեղուկի կորուստը կարող է հանգեցնել ջրազրկման։ Չբուժվելու դեպքում այն կարող է կյանքին վտանգ սպառնալ,
- բակտերեմիա և սեպսիս․ երբ Սալմոնելան ներթափանցում է արյան շրջանառություն, այն կարող է տարածվել օրգանիզմի այլ հատվածներում և առաջացնել վտանգավոր վարակներ,
- օստեոմիելիտ․ ոսկրերի հազվադեպ վարակ, որն ավելի հաճախ հանդիպում է մանգաղաբջջային հիվանդություն ունեցող մարդկանց մոտ,
- ռեակտիվ արթրիտ․ վիճակ, որի դեպքում վարակից հետո իմունային համակարգը բորբոքում է առաջացնում հոդերում, աչքերում և միզուղիներում։
Սալմոնելայի վարակը չափազանց հազվադեպ է մահացու լինում, սակայն դա հնարավոր է, եթե վարակը տարածվի օրգանիզմով և հանգեցնի օրգանների անբավարարության։
Ախտորոշում և հետազոտություններ
Սալմոնելան ախտորոշվում է հիմնականում կղանքի կամ արյան հետազոտության միջոցով։ Որոշ դեպքերում կարող են հետազոտել նաև մեզը կամ վերքից վերցված նմուշը։
Բուժում և կառավարում
Ինչպե՞ս է բուժվում սալմոնելան
Սովորաբար սալմոնելայի դեպքում դեղորայքային բուժում անհրաժեշտ չէ։
Բժիշկը կարող է նշանակել հակաբիոտիկներ, եթե հիվանդը՝
- ծանր վիճակում է,
- ունի թուլացած իմունային համակարգ,
- ունի մանգաղաբջջային հիվանդություն։
Ծանր փորլուծության կամ փսխման դեպքում կարող է անհրաժեշտ լինել հիվանդանոցային բուժում՝ ներերակային հեղուկներ ստանալու համար։
Ախտանշանները տանը կարելի է վերահսկել և ջրազրկումը կանխել՝ բավարար քանակությամբ հեղուկ օգտագործելով։ Պետք է խմել ոչ միայն ջուր, այլև հեղուկներ, որոնք օգնում են վերականգնել օրգանիզմի էլեկտրոլիտային հավասարակշռությունը, օրինակ՝ արգանակ կամ ռեհիդրացիոն լուծույթներ։
Ե՞րբ է պետք դիմել բժշկի
Կապվեք բժշկի հետ, եթե ախտանշանները մի քանի օր անց չեն բարելավվում, կամ եթե ունեք այնպիսի առողջական վիճակ, որը մեծացնում է ծանր հիվանդության ռիսկը։
Շտապ օգնություն կանչեք, եթե ունեք ծանր հիվանդության կամ ջրազրկման նշաններ, այդ թվում՝
- բարձր ջերմություն,
- արյուն կղանքում,
- հաճախակի փսխում և սնունդը կամ հեղուկը պահելու անկարողություն,
- մուգ գույնի մեզ կամ սովորականից քիչ միզարձակություն,
- բերանի կամ կոկորդի չորություն,
- գլխապտույտ։
Ինչպե՞ս կանխել սալմոնելոզը
Սալմոնելայով վարակվելու վտանգը կարելի է նվազեցնել՝ հետևելով սննդի անվտանգ պատրաստման ու պահման կանոններին և կենդանիների հետ շփվելիս զգուշություն ցուցաբերելով։
Հիմնական խորհուրդներն են՝
- միշտ լվացեք ձեռքերը օճառով և ջրով՝ զուգարանից օգտվելուց հետո, սնունդ պատրաստելուց առաջ և հետո, ինչպես նաև ուտելուց առաջ,
- պահպանեք սննդի անվտանգ պատրաստման և պահպանման կանոնները, այդ թվում՝ սնունդը պատշաճ կերպով եփեք և ճիշտ պահեք,
- եթե հիվանդ եք, ուրիշների համար սնունդ մի պատրաստեք,
- մի խմեք չպաստերիզացված կաթ և մի օգտագործեք չպաստերիզացված կաթից պատրաստված սնունդ,
- մի խմեք չմաքրված կամ չախտահանված ջուր և մի օգտագործեք այդպիսի ջուր սնունդ պատրաստելու համար,
- ընտանի կենդանիներին կամ նրանց կերին, ջրի ամաններին, պետքամաններին, կղանքին, վանդակներին կամ խաղալիքներին դիպչելուց հետո ձեռքերը լվացեք օճառով և ջրով,
- կենդանիներին դիպչելուց հետո ձեռքերով մի դիպչեք բերանին, մի համբուրեք կենդանիների մորթին, փետուրները, թեփուկները կամ մաշկը,
- մի օգտագործեք խոհանոցի լվացարանը ընտանի կենդանու պարագաները մաքրելու համար։
Սալմոնելայով վարակումը կանխելու համար սննդի պատրաստման ճիշտ ջերմաստիճանը
Ամենակարևոր քայլերից մեկը սնունդն անհրաժեշտ ներքին ջերմաստիճանի հասցնելն է։ Դրա համար հատկապես կարևոր է ունենալ լավ որակի սննդի ներքին ջերմաչափ։
Պատշաճ ջերմաստիճանը կախված է նրանից, թե ինչ եք պատրաստում.
- Գառան, հորթի, խոզի և տավարի միսը պետք է ներսում տաքացվի առնվազն մինչև 145°F (63°C)։
- Աղացած միսը, այդ թվում՝ տավարի և խոզի աղացած միսը, պետք է տաքացվի մինչև 160°F (71°C)։
- Թռչնամիսը՝ ներառյալ հավի և հնդկահավի միսը, պետք է տաքացվի մինչև 165°F (74°C)։
- Ձուկը պետք է տաքացվի մինչև 145°F (63°C)։
- Բոլոր սոուսները, մսի սոուսները և ապուրները պետք է հասցնել եռման աստիճանի։
- Մնացած/նախկինում պատրաստված սնունդը պետք է կրկին տաքացնել առնվազն մինչև 165°F (74°C)։
Սննդի անվտանգության պահպանման կանոնները՝ առանց ջերմային մշակման
Սննդի մնացորդներն անմիջապես սառնարանում տեղադրելը կարող է կանխել վարակումը։
Հատկապես զգույշ եղեք ամռանը։ Պիկնիկներն ու բացօթյա ճաշկերույթները հատկապես բարձրացնում են այս հարուցիչով սննդի աղտոտման վտանգը։
Հետևեք, որպեսզի տաք կերակուրները տաք մնան, իսկ սառը կերակուրները՝ սառը։
Երբեք մի թողեք սնունդը սենյակային ջերմաստիճանում երկու ժամից ավելի, իսկ եթե դրսի ջերմաստիճանը 32°C-ից բարձր է, սնունդը չպետք է մնա դրսում մեկ ժամից ավելի։
Պատմական ակնարկ․ Ինչպե՞ս առաջացավ «Սալմոնելա» անունը
1885 թ․-ին ամերիկացի անասնաբույժ Դանիել Էլմեր Սալմոնը և նրա երիտասարդ գործընկեր Թեոբալդ Սմիթը ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության Կենդանիների արդյունաբերության բյուրոյում ուսումնասիրում էին խոզերի շրջանում տարածված hog cholera՝ խոզերի խոլերա կոչվող հիվանդությունը։
Նրանք հիվանդ խոզերից մեկուսացրին մինչ այդ անհայտ բակտերիա և այն անվանեցին Bacillus choleraesuis։ Այդ ժամանակ գիտնականները սխալմամբ կարծում էին, որ հենց այս բակտերիան է խոզերի հիվանդության հիմնական պատճառը։ Հետագայում պարզվեց, որ hog cholera-ն իրականում վիրուսային հիվանդություն է, իսկ հայտնաբերված բակտերիան հաճախ հանդես էր գալիս որպես երկրորդային վարակ։
1900 թ․-ին ֆրանսիացի մանրէաբան Ժոզեֆ Լեոն Լինյերը առաջարկեց այդ բակտերիաների խմբի համար օգտագործել Salmonella անվանումը՝ ի պատիվ Դանիել Սալմոնի։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ MedicineNet, Cleveland clinic




















































