Կրունկների չորությունն ու ճաքերը տարածված խնդիր են տարբեր տարիքի ու սեռի մարդկանց մոտ, թեև ավելի հաճախ հանդիպում են կանանց շրջանում։ Մեծամասամբ կրունկների ճաքերը առողջական լուրջ խնդիրների հետ չեն կապվում, բայց կարող են անհարմարություն, տհաճություն, երբեմն էլ ցավային զգացողություններ պատճառել մարդուն։
Պարզ միջոցներ, որոնք պայքարում են կրունկների ճաքերի դեմ
1․ Կրունկների խնամքի համար նախատեսված խոնավացնող խիտ կրեմների ու բալզամների օգտագործումը ճաքերի դեմ պայքարի կարևոր փուլերից է․ այդ միջոցները պարունակում են հետևյալ բաղադրամասերը, որոնք խոնավացնում, փափկացնում ու շերտազատում են կրունկների մաշկը։ Այդ բաղադրամասերն են՝
- միզանյութ,
- սալիցիլաթթու,
- սախարիդ իզոմերատ,
- ալֆա-հիդրօքսիթթու
Այս միջոցները խորհուրդ է տրվում օգտագործել առավոտյան՝ օրվա սկզբում մաշկի առաձգականությունը լավացնելու համար, ինչպես նաև օրը 2-3 անգամ խոնավացնել կրունկների մաշկը։ Կրունկների խնամքի համար նախատեսված որոշ բալզամներ կարող են թեթևակի այրոց կամ գրգռվածություն առաջացնել․ դա նորմալ է, սակայն պետք է դադարեցնել դրանց օգտագործումը, եթե այդ զգացողությունները պահպանվում են մի քանի անգամ կիրառելուց հետո, իսկ ուժեղ ռեակցիաների դեպքում պետք է դիմել բժշկին։
Կարդացեք նաև
Կրունկների խորը, դժվար լավացող ճաքերի դեպքում բժիշկը կնշանակի դեղատոմսով վաճառվող միջոցներ, ստերոիդային կրեմներ
2․Ոտքերի լոգանքներն ու մաշկի շերտազատումը ևս կարևոր են։
- Պահեք ոտքերը տաք օճառաջրի մեջ մոտ 20 րոպե։
- Կոշտացած ներբանները շորտազատեք ճիլոպի, սքրաբի, չեչաքարի (պեմզա) կամ շերտազատող գործիքի օգնությամբ։
- Լավ չորացրեք ոտքերը։
- Քսեք խոնավացնող քսուքը կամ բալզամը։
- Ապա վազելին քսեք ոտնամաշկին՝ խոնավությունը պահպանելու համար։
- Հագեք գուլպաներ։
- Խոսափեք չոր մաշկը շերտազատելուց, քանի որ դա մեծացնում է մաշկն ավելի վնասելու հավանականությունը։
Ոտքերի լոգանքներին կարող են փոխարինել նաև կրունկները խոնավացնող ներդիրները։ Դրանք նման են գուլպաների և բուժիչ յուղեր ու վիտամինային լուծույթներ են պարունակում։
Բնական միջոցներ, որոնք կարող են օգնել կրունկների ճաքերի դեմ պայքարում
1. Մեղր
2012 թվականին հրապարակված հետազոտության համաձայն՝ մեղրն ունի հակամանրէային, խոնավացնող ազդեցություն և կարող է նպաստել վերքերի մաքրմանն ու ապաքինմանը, մաշկի խոնավացմանը։
Մեղրը կարելի է օգտագործել՝
- ոտքերի լոգանքից հետո՝ որպես բնական սկրաբ,
- կամ գիշերը՝ որպես ոտքերի դիմակ՝ թողնելով մինչև առավոտ։
2. Կոկոսի յուղ
Կոկոսի յուղի օգտագործումը հաճախ խորհուրդ է տրվում մաշկի չորության, էկզեմայի և փսորիազի դեպքում։ Այն կարող է օգնել մաշկի խոնավության պահպանմանը։
Բացի խոնավեցնող ազդեցությունից, կոկոսի յուղի հակաբորբոքային և հակամանրէային հատկությունները կարող են նպաստել ճաքերի ապաքինմանը, հատկապես եթե դրանք արյունահոսում են կամ վարակվելու վտանգ կա։
3. Այլ բնական միջոցներ
Կան բազմաթիվ այլ տնային միջոցներ, որոնք կիրառվում են կրունկների ճաքերի դեպքում, սակայն դրանցից ոչ մեկի արդյունավետությունը հատուկ այս խնդրի բուժման համար գիտականորեն համոզիչ կերպով ապացուցված չէ։ Դրանց մեծ մասը հիմնականում օգնում են մաշկի խոնավացմանն ու փափկեցմանը։
Այդ միջոցներն են՝
- քացախով ոտքերի լոգանք,
- ձիթայուղ կամ այլ բուսական յուղեր՝ մաշկը խոնավեցնելու համար,
- շի յուղ,
- բանանի խյուս՝ որպես խոնավեցնող դիմակ,
- պարաֆին՝ մաշկի խոնավությունը պահպանելու համար,
- յուղի հետ խառնած վարսակի փաթիլներ՝ մաշկը նրբորեն շերտազատելու համար։
Զգուշացում
Եթե կրունկների ճաքերը պայմանավորված են որևէ հիվանդությամբ, մի փորձեք ինքնուրույն բուժել դրանք։ Այդ դեպքում կարող է անհրաժեշտ լինել հատուկ բուժում, որը կնշանակի ոտնաթաթի հիվանդություններով զբաղվող մասնագետը։ Նրան խորհուրդ է տրվում դիմել նաև այն դեպքերում, երբ ճաքերը շատ խորն են, ուժեղ ցավ են պատճառում, արյունահոսում են կամ չեն լավանում՝ անկախ նրանից՝ ունե՞ք ուղեկցող հիվանդություններ, թե ոչ։ Մասնագետը կգնահատի ձեր վիճակը և կառաջարկի ամենահարմար բուժման տարբերակը։
Ինչո՞ւ են ճաքճքում կրունկները
Կրունկների ճաքերի առաջացմանն առաջին հերթին նպաստում է մաշկի չորությունն ու հաստացումը։ Հետևյալ գործոնները ևս կրունկների ճաքերի պատճառ կարող են դառնալ․
- երկար ժամանակ կանգնած մնալը,
- ոտաբոբիկ քայլելը կամ բաց կրունկով կոշիկներ կրելը,
- երկարատև և շատ տաք ցնցուղ ընդունելը,
- այնպիսի օճառների օգտագործումը, որոնք հեռացնում են մաշկի բնական ճարպային շերտը,
- անհարմար կամ կրունկը հուսալիորեն չգրկող կոշիկ կրելը,
- ցուրտ եղանակը կամ օդի ցածր խոնավությունը։
Եթե ոտքերը կանոնավոր չխոնավեցվեն, մաշկը կարող է ավելի արագ չորանալ և ճաքել։
Բժշկական պատճառներ
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը, արյան շրջանառության խանգարումները, որոնք հաճախ հանդիպում են շաքարային դիաբետի դեպքում, մաշկի չորացման տարածված պատճառներից են։ Բացի դրանից, նյարդերի վնասման հետևանքով մարդը կարող է նույնիսկ չզգալ, որ ոտքերի մաշկը չորացել, ճաքճքել և ցավոտ է դարձել։
Չոր մաշկի և կրունկների ճաքերի պատճառ կարող են լինել նաև առողջական հետևյալ խնդիրները՝
- վիտամինների պակասը,
- սնկային վարակները,
- հիպոթիրեոզը (վահանաձև գեղձի թերֆունկցիա),
- ատոպիկ դերմատիտը,
- երեխաների ներբանների դերմատոզը,
- փսորիազը,
- ափերի և ներբանների կերատոդերման (մաշկի չափազանց հաստացում),
- ճարպակալումը,
- հղիությունը,
- տարիքային փոփոխությունները։
Կրունկների ճաքերը ի՞նչ ախտանշաններով կարող են ուղեկցվել
Բացի ճաքերից, կարող է ի հայտ գալ նաև՝
- մաշկի թեփոտում,
- քոր,
- ցավ, որը երբեմն կարող է շատ ուժեղ լինել,
- արյունահոսություն,
- մաշկի կարմրություն և բորբոքում,
- խոցերի առաջացում։
Ծանր դեպքերում, հատկապես եթե խնդիրը կապված է որևէ հիվանդության հետ, կարող են զարգանալ բարդություններ, այդ թվում՝
- կրունկի զգացողության նվազում կամ կորուստ,
- ցելյուլիտ (մաշկի և ենթամաշկային հյուսվածքների բակտերիալ վարակ),
- դիաբետիկ ոտնաթաթի խոց։
Վարակի նշաններ
Եթե ճաքերի շրջանում նկատում եք՝
- ուժեղ ցավ,
- տեղային ջերմության բարձրացում,
- կարմրություն,
- այտուց,
անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել բժշկի, քանի որ դրանք կարող են վկայել վարակի մասին։
Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Աղբյուր՝ Healthline



















































