Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցիչների և դասախոսների միջին եկամուտը դեռևս էապես զիջում է այն մակարդակին, որը կդարձներ մասնագիտությունը մրցունակ. «Փաստ»

Սեպտեմբեր 01,2026 10:32 Share

Ուսուցչի աշխատանքը երիտասարդ մասնագետների համար այսօր հազվադեպ է դիտվում որպես կայուն և հեռանկարային կարիերայի ընտրություն։ Այն կապված է ծանրաբեռնվածության, սահմանափակ մասնագիտական աճի հնարավորությունների և, որ ամենակարևորն է, աշխատանքի ոչ բավարար նյութական խրախուսման հետ։ Արդյունքում մարզերում ձևավորվում է մի իրավիճակ, երբ դպրոցներում աշխատում են հիմնականում տարիքով ուսուցիչներ, մինչդեռ երիտասարդ կադրերը կա՛մ ընդհանրապես չեն ընտրում այս մասնագիտությունը, կա՛մ դիպլոմ ստանալուց հետո տեղափոխվում են Երևան, կա՛մ ընդհանրապես արտագաղթում են, կա՛մ էլ պարզապես աշխատանքի են անցնում այլ ոլորտներում։

Այս երևույթը ուղղակիորեն կապված է աշխատավարձի հարցի հետ, որը, թերևս, ամբողջ համակարգի ամենազգայուն, նյարդայնացնող կետն է։

Վերջին տարիներին ներդրվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգ, որի նպատակն էր խրախուսել մասնագիտական զարգացումը և կապել վարձատրությունը որակավորման աստիճանի հետ։ Սա, անկասկած, դրական քայլ է, սակայն այն ինքնին չի կարող փոխհատուցել այն կառուցվածքային բացը, որը գոյություն ունի ուսուցչի և դասախոսի աշխատանքի իրական արժեքի ու նրա դիմաց ստացվող վարձատրության միջև։ Դրան զուգահեռ ատեստավորումը ուսուցիչների շատ փոքր հատվածի աշխատավարձային պայմաններն է բարելավել։ Ընդհանուր առմամբ, ուսուցիչների և բարձրագույն կրթության դասախոսների միջին եկամուտը դեռևս էապես զիջում է այն մակարդակին, որը կդարձներ մասնագիտությունը մրցունակ այլ ոլորտների, առավել ևս՝ մասնավոր հատվածի հետ։ Այս ֆինանսական անհամապատասխանությունը ոչ միայն խրախուսում է կադրերի արտահոսքը, այլև անուղղակիորեն նպաստում է այնպիսի երևույթների տարածմանը, ինչպիսիք են լրացուցիչ մասնավոր պարապմունքները, որոնք էլ ավելի են խորացնում անհավասարությունը սովորողների միջև՝ կախված ընտանիքի ֆինանսական հնարավորություններից։

Կադրերի և ֆինանսավորման խնդիրների վրա ավելանում է աշխարհագրական և ժողովրդագրական մեկ այլ լուրջ մարտահրավեր՝ կրթական ենթակառուցվածքների ծայրահեղ անհավասար բաշխվածությունը, որը կարելի է անվանել նաև օպտիմալացման խնդիր։ Ներքին միգրացիայի արդյունքում, երբ բնակչությունը շարունակաբար կենտրոնանում է մայրաքաղաքում և նրա մերձակայքում, Երևանի դպրոցներն ու մանկապարտեզները հայտնվում են ծայրահեղ ծանրաբեռնվածության վիճակում։ Սա ուղղակիորեն նվազեցնում է աշակերտների տրամադրության տակ եղած ուսումնական ժամանակը, ազդում ուսուցիչների ծանրաբեռնվածության և, հետևաբար, դասավանդման որակի վրա։ Միևնույն ժամանակ, մարզերում իրավիճակն ուղիղ հակառակն է. շատ դպրոցական շենքեր, որոնք կառուցվել են դեռևս խորհրդային տարիներին՝ հաշվարկված շատ ավելի մեծ թվով աշակերտների համար, այսօր օգտագործվում են իրենց հզորության ընդամենը 40-60 տոկոսի սահմաններում։ Սա՝ լավագույն դեպքում:

Այս անհամաչափությունը երկակի վնաս է հասցնում համակարգին։ Մի կողմից՝ մեծ քանակությամբ պետական միջոցներ են ծախսվում կիսադատարկ շենքերի պահպանման ու ջեռուցման վրա, մյուս կողմից՝ փոքրաթիվ դասարաններով դպրոցները հաճախ ի վիճակի չեն ապահովել առարկայական բոլոր մասնագետներով լիարժեք հաստիքային ծանրաբեռնվածություն, ինչը կրկին շոշափում է ուսուցչական կադրերի պակասի խնդիրը։ Այս անհավասարությունը էլ ավելի է սրվում ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական բազայի վիճակով։ Բազմաթիվ դպրոցներում՝ հատկապես մարզերում, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, պարզապես բացակայում են ժամանակակից բնագիտական լաբորատորիաներ, տեղեկատվական տեխնոլոգիաների դասարաններ և գործնական պարապմունքների համար անհրաժեշտ սարքավորումներ։ Ֆիզիկայի, քիմիայի կամ կենսաբանության դասերն այսպիսով հաճախ մնում են զուտ տեսական մակարդակում, առանց այն գործնական բաղադրիչի, որը կարող էր զարգացնել աշակերտների հետազոտական մտածողությունը և իրական հետաքրքրությունը ճշգրիտ ու բնագիտական առարկաների նկատմամբ։ Նույն խնդիրն առավել ցավոտ ձևով դրսևորվում է մասնագիտական կրթության համակարգում, որտեղ ժամանակակից արտադրական սարքավորումների բացակայության պայմաններում գործնականում անհնար է դառնում պատրաստել այնպիսի կադրեր, որոնք համապատասխանում են այսօրվա արտադրական և տեխնոլոգիական միջավայրի պահանջներին։

Հենց այստեղից էլ, բնականաբար, ծնվում է կրթության ամենակարևոր և ամենաերկարաժամկետ հետևանքներ ունեցող խնդիրներից մեկը՝ ուսումնական ծրագրերի և աշխատաշուկայի իրական պահանջների միջև առկա անջրպետը։ Թե՛ միջին մասնագիտական, թե՛ բարձրագույն կրթություն ստացած շրջանավարտների զգալի մասը դուրս է գալիս համակարգից՝ ունենալով տեսական գիտելիքների որոշակի պաշար, սակայն զգալիորեն պակաս գործնական հմտություններով, քան իրենից պահանջում է իրական աշխատատեղը։ Գործատուները հաճախ ստիպված են ներդրումներ կատարել նոր աշխատակիցների լրացուցիչ վերապատրաստման մեջ, ինչը թե՛ ժամանակի, թե՛ ֆինանսական տեսանկյունից լրացուցիչ բեռ է դառնում բիզնեսի համար։

Ի վերջո, այս ամբողջ շղթայի վրա ավելանում է սոցիալական անհավասարության խնդիրը, որը դրսևորվում է աղքատության՝ որպես բարձրագույն կրթության հասանելիության հիմնական խոչընդոտներից մեկի տեսքով։ Բարձրագույն կրթություն ստանալու ուղին սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար հաճախ մնում է գործնականում փակ կամ խիստ սահմանափակ։

Խնդիրը միայն ուսման վարձավճարների չափը չէ. հատկապես մարզերից Երևան կամ խոշոր քաղաքային կենտրոններ տեղափոխվող ուսանողների համար կրթության իրական արժեքին գումարվում են նաև ուղեկցող, երբեմն նույնիսկ ավելի ծանրաբեռնող ծախսեր՝ վարձակալված բնակարանի կամ հանրակացարանի վճար, երթևեկության և ամենօրյա ապրուստի ծախսեր։ Այս լրացուցիչ ֆինանսական բեռը գործնականում բարձրագույն կրթությունը վերածում է ոչ թե սոցիալական վերելքի հավասար հնարավորություն ընձեռող մեխանիզմի, այլ մի գործիքի, որը մեծապես կրկնօրինակում և ամրապնդում է արդեն իսկ գոյություն ունեցող սոցիալական ու տարածքային անհավասարությունները. մայրաքաղաքում ապրող, համեմատաբար ապահովված ընտանիքների երեխաներն ունենում են էապես ավելի մեծ հնարավորություններ, քան իրենց մարզային, սոցիալապես անապահով հասակակիցները, անգամ նույն մակարդակի կարողությունների պարագայում։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930