Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնագիտական ճշգրտությունից դեպի հոգու անչափելի տարածքներ. Գարո Ուրֆալյան

Սեպտեմբեր 03,2026 12:00 Share

Ճակատագիրը մեր ժողովրդին սփռել է աշխարհով մեկ, բայց որտեղ էլ ապրել ու հաստատվել է հայը, իր աշխատասիրությամբ ու նպատակասլացությամբ կարողացել է հաջողության հասնել և արժանանալ հարգանքի ու ճանաչման։

Մեր այդպիսի հայրենակիցներից է Լոս Անջելեսում ապրող ու ստեղծագործող Գարո Ուրֆալյանը՝ նկարիչ և միաժամանակ իր մասնագիտության մեջ ճանաչում վայելող բժիշկ-ատամնաբույժ։

Լիբանանում ծնված Գարոն նկարել սկսել է դեռ մանկուց։ Տարիների ընթացքում փոխվել են նրա զբաղմունքներն ու կյանքի ճանապարհները, բայց նկարչությունը մնացել է նրա ամենատևական կիրքը՝ ուղեկցելով կյանքի բոլոր փուլերում։

Այսօր նա շարունակում է ստեղծագործել, նկարչությունը նրա համար ներքին անհրաժեշտություն է՝ որոնման ու ինքնարտահայտման միջոց։ Գարոն նշում է, որ իր արվեստի վրա ազդեցություն է ունեցել նաև Հարավային Կալիֆոռնիայի բազմամշակութային միջավայրը, որտեղ տարբեր մշակույթներ ու աշխարհընկալումներ մշտապես հանդիպում են միմյանց։

Բժիշկը չի կարող իրեն թույլ տալ պատահականություն. այնտեղ միլիմետրն անգամ նշանակություն ունի, ձեռքը պետք է վստահ լինի, շարժումը՝ ճշգրիտ, արդյունքը՝ հնարավորինս կանխատեսելի։ Իսկ նկարիչը կարող է իրեն թույլ տալ ճիշտ հակառակը՝ կանգնել դատարկ կտավի առջև՝ դեռ չիմանալով, թե ուր է հասնելու, և թողնել, որ մի գիծը ծնի մյուսը, գույնը՝ կերպար, կերպարը՝ մի հիշողություն կամ հարց, որի պատասխանը գուցե ինքը նույնպես չունի։ Նա ինքն էլ ասում է, որ նախապես չի որոշում ո՛չ սյուժեն, ո՛չ իմաստը. կտավը ոչ թե ծրագրում է, այլ բացահայտում ստեղծագործելու ընթացքում։

Գարոյի մեջ այդ երկու աշխարհները ոչ թե մերժում, այլ լրացնում են միմյանց։ Բժշկի ձեռքը փնտրում է ճշգրտություն, նկարչինը՝ ազատություն։ Մեկը սովորել է նկատել մարմնի այն փոքր փոփոխությունները, որոնք սովորական աչքը կարող է չտեսնել, մյուսը՝ մարդու ներսի այն շարժումները, որոնք երբեմն նույնիսկ բառերով հնարավոր չէ արտահայտել։

Գարո Ուրֆալյանը, կարծես, նկարում է ոչ այնքան այն, ինչ մարդը ցույց է տալիս աշխարհին, որքան այն, ինչ մարդը սովորաբար թաքցնում է իր ներսում։

Վերջերս Լոս Անջելեսի մշակութային կարևոր հատվածներից մեկում՝ Wilshire Boulevard-ի Museum Row-ում գործող TAG Gallery-ում ներկայացվեց Գարո Ուրֆալյանի անհատական «Before the Entropy» ցուցահանդեսը։

Անվանումը բառացիորեն կարելի է փոխանցել որպես «Էնտրոպիայից առաջ»։ «Էնտրոպիա»-ն գիտական հասկացություն է, որը, պարզ ասած, նկարագրում է կարգավորված վիճակից դեպի անկարգություն անցումը։ Բայց Գարոյի արվեստում այն դուրս է գալիս ֆիզիկայի սահմաններից և վերածվում մարդու հոգեվիճակի։

Ինքը՝ Գարո Ուրֆալյանը, ցուցահանդեսի շրջանակում ունեցած իր խոսքում այսպես է բացատրում գաղափարը. «Ես էնտրոպիա հասկացությունն օգտագործում եմ մարդու հոգեկան աշխարհը բացատրելու համար, որովհետև մենք ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան էնտրոպիայի միջով ենք անցնում։ Այսօր տեղեկատվության անընդհատ հոսքը, հատկապես արհեստական բանականության դարաշրջանում, խախտում է մարդու ներքին հավասարակշռությունը։ Մենք հաճախ դա չենք գիտակցում, մինչև մեզ հետ որևէ ցնցող բան չի պատահում՝ ամուսնալուծություն, աշխատանքի ձախողում կամ հիվանդություն։ Հենց այդ ժամանակ է էնտրոպիան հարվածում մեզ»։

Եվ ապա ավելացնում է մի նախադասություն, որն ըստ էության բացում է ամբողջ ցուցահանդեսի գաղափարական բանալին. «Ես փորձել եմ յուրաքանչյուր կտավում պատկերել էնտրոպիայի այն փուլերից մեկը, որոնց միջով կարող է անցնել մարդը»։

Քաոսից առաջ դեռ մի պահ կա։ Գարոն նկարում է հենց այդ պահը։
Գուցե հենց այդ պատճառով նրա կտավներում մարմինները հաճախ փոխում են բնական համամասնությունները, բաժանվում, ձգվում կամ միախառնվում, դեմքերը երբեմն անհետանում են, մարդկանց թևեր են աճում, գիրքը հայտնվում է գլխի տեղում, վանդակը՝ հիշողության շուրջ, ժամանակը՝ սուրճի բաժակի մեջ, իսկ շախմատային խաղը վերածվում է կյանքի խորհրդանիշի։ Առաջին հայացքից սա տարօրինակ, երբեմն նույնիսկ անիրական աշխարհ է, բայց որքան երկար ես նայում, այնքան ավելի ես հասկանում՝ այնտեղ ոչինչ այնքան էլ օտար չէ։ Որովհետև այդ տարօրինակ կերպարների մեջ ապրում են մեզ բոլորիս ծանոթ զգացումները՝ մենակություն, վախ, հոգնածություն, ներքին երկվություն, հիշողություն, ժամանակի անցողիկություն, բայց նաև՝ հույս։ Նրա կտավներում հույսը թաքնված է մի փոքրիկ նշանի մեջ՝ թևերի, թռչնի, լույսի, ծաղկի կամ պարզապես այն փաստի, որ մարդը դեռ այնտեղ է։

Մենակությունը՝  մարդկանց մեջ.  «Մենակություն» կտավի կենտրոնում նստած կին է։ Նրա շուրջը շարժվում, անցնում, հեռանում ու կարծես կրկնվում են մարդկային փոքր կերպարներ։ Ետևում մեծ դեղին սկավառակ կա՝ արևի պես լուսավոր, սակայն այդ լույսը չի փարատում կնոջ առանձնությունը։
Կինը մենակ է, բայց դատարկության մեջ չէ։ Նրա շուրջ մարդիկ կան։ Սա այն վիճակն է, երբ մարդը կարող է ապրել մարդկանց մեջ, խոսել, աշխատել, ժպտալ, իսկ ներսում մնալ մի տարածության մեջ, ուր ոչ ոք չի հասնում։ Գարոն այդ զգացումը չի բացատրում։ Նա պարզապես նստեցնում է կնոջը մեր դիմաց և թողնում, որ մենք ինքներս ճանաչենք այդ լռությունը։

Մյուս աշխատանքում՝ «Դու պարտված չես, դու հրեշտակ ես», կապտականաչ կերպարը նստած է գլուխը խոնարհած։ Նրա կեցվածքում պարտության նման մի բան կա՝ հոգնածություն, ծանրություն, գուցե նույնիսկ հուսահատություն։ Բայց նրա թիկունքին թևեր են։

Խոնարհված լինելը դեռ պարտություն չէ։ Հոգնած լինելը դեռ վերջ չէ։ Խոցված լինելը չի նշանակում կորցնել թռչելու կարողությունը։ Այստեղ Գարոն կարծես խոսում է ոչ այնքան իր կերպարի, որքան մեզանից յուրաքանչյուրի հետ։ Նկարիչը նրան այլ անուն է տալիս՝ հրեշտակ։ Այդտեղ է Գարոյի արվեստի հուզական ուժերից մեկը։ Նա ցավը չի գեղեցկացնում, բայց նաև չի թողնում, որ ցավն ունենա վերջին խոսքը։

«Ապրելու ժամանակ չկա» աշխատանքը լրիվ այլ հնչողություն ունի՝ հեգնական, անգամ փոքր-ինչ անհանգստացնող։ Մարդանման կերպարի գլխին բացված գիրք է, մարմինը կարծես վերածվել է տարբեր մեխանիզմների ու ձևերի, շուրջը՝ շարժում, գիտելիք, աշխատանք, գործողություն։

Ամեն ինչ կա։ Բացի ապրելու ժամանակից։ Եվ հանկարծ ֆանտաստիկ այդ կերպարը չափազանց ժամանակակից է դառնում։ Մենք սովորում ենք, աշխատում, պլանավորում, վաստակում, հասնում հաջորդ նպատակին, և երբեմն այնքան ենք զբաղված կյանքի կազմակերպմամբ, որ հենց կյանքն է մեր կողքով անցնում։ Գարոյի հեգնանքը այստեղ ծիծաղ չի առաջացնում։ Ավելի շուտ՝ անհարմար հարց. «Իսկ ե՞րբ ենք ապրելու»։
   

Ժամանակը՝  առանց ժամացույցի. «Ժամանակ» կտավում սովորական սուրճի բաժակը հայտնվել է գրեթե երազային տարածության մեջ։ Վերևում վանդակ է, այնտեղից կաթիլներ են իջնում բաժակի մեջ, կողքով թռչում են սև թռչուններ, կենտրոնում մարդու մասնատված ուրվագիծն է, ներքևում՝ մայր մտնող արև։

Այն երևում է կաթիլի մեջ, հեռացող թռչնի, մայր մտնող արևի, մարդու փոխվող մարմնի մեջ։ Մենք ժամանակը սովորաբար չափում ենք րոպեներով ու տարիներով։ Գարոն կարծես հակառակն է առաջարկում՝ այն չափել մարդու վրա թողած հետքով։ Գուցե ժամանակի ամենաճշգրիտ ժամացույցն էլ հենց մարդն է։

Երկու «ես». «Երկվություն» աշխատանքում երկու կերպարները կարծես իրար մեջ են ապրում։ Առջևի երիտասարդի հետևում ծանր, մութ դեմք է, մարմինները խառնվում են, ձեռքերը հատվում, և դժվար է որոշել՝ որտեղ է ավարտվում մեկը և սկսվում մյուսը։ Բայց շատ ավելի հետաքրքիր է այն կարդալ որպես մեկ մարդու ներսում ապրող երկու «ես»-երի հանդիպում՝ այն մեկը, որը ներկայացնում ենք աշխարհին, և մյուսը, որի հետ մնում ենք, երբ աշխարհը հեռանում է։

Գարոյի կյանքում ևս այդ երկվությունը հետաքրքիր զուգահեռ ունի՝ բժշկություն և արվեստ, գիտություն և ինտուիցիա, կարգապահություն և ազատություն։ Նա դրանց միջև ապրում է։

«Դոն Կիխոտը և ես» կտավի վերնագիրն արդեն իսկ խոստովանության նման է։ Դոն Կիխոտը՝ իր հողմաղացի մոտ, Սանչո Պանսան, իսկ նրանց առջև կանգնած ժամանակակից մարդը։ Բայց ամենակարևորն այստեղ «և ես»-ն է։

Դարերով Դոն Կիխոտը մեզ հուզել ու ծիծաղեցրել է նույն պատճառով՝ նա տեսնում էր այն, ինչ ուրիշները չէին տեսնում, և պայքարում էր այն ժամանակ, երբ մյուսները խորհուրդ էին տալիս հաշտվել իրականության հետ։

Գարոն նրան չի թողնում գրականության էջերում։ Նա իրեն կանգնեցնում է Դոն Կիխոտի կողքին։ Եվ հանկարծ հարցը դառնում է բոլորիս մասին։ Մեզանից ո՞վ իր հողմաղացը չունի։

Խաղը, որտեղ բոլորս ինչոր դեր ունենք. «Խաղը» կտավում շախմատն արդեն պարզապես խաղ չէ։ Արքաներ, խաղաքարեր, աստիճաններ, մարդկային ու տարօրինակ կերպարներ, հաղթանակի ու իշխանության նշաններ՝ բոլորը մի համակարգի մաս են։ Ոմանք խաղացողներ են։ Ոմանք՝ խաղաքարեր։ Ոմանք գուցե նույնիսկ չգիտեն, որ իրենցով խաղում են։ Գարոն այստեղ ավելի հեգնական է, երբեմն՝ հասարակական ու փիլիսոփայական հարցադրումներով, բայց դարձյալ հրաժարվում է մեզ տալ պատրաստի պատասխանը։ Ո՞վ է գրում կանոնները, ո՞վ է իրական խաղացողը, և արդյո՞ք խաղի վերջում կանգուն մնացածը միշտ հաղթողն է։

Գարոյի՝ պատրաստի պատասխանները հարցականի տակ դնելու սովորությունը, ըստ նրա, գալիս է դեռ մանկությունից։ Տասը-տասնմեկ տարեկանում Աստվածաշնչի դասերից մեկում նա լսել է երկու հակասական միտք՝ Աստված  ստեղծել  է  ե՛ւ վատը, ե՛ւ լավը, բայց Աստծո ստեղծած ամեն ինչ բարի է։ Այդ հակասությունը տարիներ շարունակ չի լքել նրան և հենց այդ ժամանակվանից սովորեցրել է հարցեր տալ՝ կրոնի, գիտության ու փիլիսոփայության մասին։ Թերևս հենց այդտեղից էլ գալիս է նրա արվեստի հարցադրող բնույթը։ Գարո Ուրֆալյանի կտավներում խորհրդանիշները շատ են, բայց դրանց համար բացատրական բառարան չկա։ Նա դիտողին չի թելադրում՝ ինչպես հասկանալ կտավը։ Նկարիչն ավարտում է կտավը, բայց չի ավարտում նրա իմաստը։ Այն շարունակում է դիտողը։

Ինքը՝ Գարոն, այս ցուցահանդեսի նպատակը ձևակերպում է մի պարզ, բայց անհանգիստ հարցով. «Ուզում եմ, որ դիտողն իրեն հարցնի՝  ի՞նչն է ճշմարիտ իմ մեջ, երբ էնտրոպիան հարվածում է։ Ի՞նչն է իրական մեր կյանքում, երբ մենք ցնցումների միջով ենք անցնում»։

Մեկը «Մենակության» մեջ իրեն կտեսնի, մյուսը՝ վաղուց կորցրած մեկին։ Մեկի համար «Ժամանակի» վանդակը անցյալ կլինի, մյուսի համար՝ առօրյա։ «Դու պարտված չես, դու հրեշտակ ես» կտավը մեկին կարող է ցավի մասին պատմել, մյուսին՝ փրկության։

Հենց այստեղ է արվեստի հրաշքը՝ նույն կտավը կախված է նույն պատին, բայց յուրաքանչյուր մարդ տուն է տանում իր նկարը։

«Before the Entropy»-ն Գարոյի համար պարզապես ցուցահանդեսի անուն չէ։ Այն մտածելու տարածք է՝ մարդու, ժամանակի, հիշողության և փրկության մասին։

Նրա կերպարները հաճախ աչքեր չունեն, երբեմն՝ դեմք, երբեմն նույնիսկ ամբողջական մարմին։ Բայց տարօրինակորեն հենց այդ մարդիկ են ստիպում մեզ ավելի ուշադիր նայել մարդուն։ Եվ գուցե՝ ինքներս մեզ։

Գարո Ուրֆալյանի «Before the Entropy» ցուցահանդեսը օրերս փակեց իր դռները, բայց լավ ցուցահանդեսների ամենակարևոր կյանքը հաճախ հենց դրանից հետո է սկսվում՝ հիշողության մեջ, քննարկումների մեջ, հաջորդ կտավի առաջին դեռևս անտեսանելի գծի մեջ։

Գարոյի արվեստը մի հայացքով չի սպառվում։ Նրա կտավների մոտ պետք է կանգնել, որովհետև երկրորդ հայացքը կարող է բացել այն, ինչ առաջինը չէր նկատել։

Եվ մենք ցանկանում ենք հավատալ, որ «Before the Entropy»-ն նրա ստեղծագործական ճանապարհի ոչ թե բարձրակետն է, այլ նոր վերելքի հարթակը։

Գարոյի նման արվեստագետին ուզում ենք մաղթել այն, ինչ նկարչի համար թերևս ամենաթանկ պարգևն է՝ չսպառվող ներշնչանք, ստեղծագործական համարձակություն և նոր կտավներ ստեղծելու անհանգիստ պահանջ։ Թող նրա աշխատանքները դուրս գան արդեն ծանոթ ցուցասրահների սահմաններից և իրենց տեղը գտնեն աշխարհի հեղինակավոր պատկերասրահներում։ Որովհետև իսկական արվեստի ճանապարհը պատով չի ավարտվում։

Պատը պարզապես այն տեղն է, որտեղ կտավը մի պահ կանգ է առնում՝ հաջորդ ճանապարհից առաջ։

Թող բժշկի ճշգրիտ ու վստահ ձեռքը դեռ երկար առողջություն վերադարձնի մարդկանց, իսկ սահմաններ չճանաչող նկարչի ձեռքը՝ շարունակի բացել հոգու այն անչափելի տարածքները, որոնք ոչ մի չափման միավորով հնարավոր չէ չափել։

 Վարուժան Բալյան

Հայաստանի ժուռնալիստների միության անդամ
ԱՄՆ, Լոս Անջելես

«Առավոտ» օրաթերթ
02.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել