ArmLur.am-ը Բյուրեղավանում զրուցել է համայնքապետ Հակոբ Բալասյանի հետ։ Զրույցի ընթացքում նկատելի էր համայնքապետի ընդգծված վերաբերմունքը ջրամատակարարման, ջրի որակի և այդ հարցերում համայնքապետարանի ու «Վեոլիա ջուր»-ի պատասխանատվության մասին մեր հարցադրումներին։ Մասնավորապես, համայնքապետի դժգոհությունն առաջացրին այն հարցերը, որոնցում մենք բարձրաձայնում էինք քաղաքացիների բողոքները՝ ջրի որակի, հնարավոր աղտոտվածության, ջրամատակարարման և ջրատար խողովակների մաքրման ժամկետների վերաբերյալ։ Բալասյանը պնդում էր, որ այս պահին դեռ հայտնի չէ, թե որն է քաղաքացիների առողջական խնդիրների պատճառը, և այդ պատճառով չի ցանկանում թիրախավորել ջրի որակը։ Սակայն այստեղ առաջանում է մեկ այլ կարևոր հարց․ եթե խնդրի պատճառը դեռ հայտնի չէ, ապա ի՞նչ հիմքով է ՀՎԿԱԿ-ը բնակիչներին նախ հորդորել ընդհանրապես չօգտագործել ծորակի ջուրը, իսկ ավելի ուշ թույլատրել այն օգտագործել միայն եռացնելուց հետո։
Հատկանշական է նաև, որ Բյուրեղավանի ջրի որակի վերաբերյալ հարցերը նոր չեն։ Նախորդ հետազոտությունների ընթացքում ջրի մեջ հայտնաբերվել էր երեք տեսակի վիրուս։
Հետևաբար, այսօրվա իրավիճակը ևս բնականաբար առաջացնում է բնակիչների և հանրության մտահոգությունը՝ արդյոք առողջական խնդիրները որևէ կապ ունեն ջրի որակի կամ ջրամատակարարման համակարգի հետ։ Այս հարցի պատասխանը ստանալու համար ArmLur.am-ը դիմել է ՀՎԿԱԿ-ին։ Կենտրոնից մեզ հայտնեցին, որ լաբորատոր հետազոտությունները դեռ ընթացքի մեջ են, և մոտավորապես 4-5 աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր կլինի ստանալ վերջնական պատկեր։
Այս ամենին զուգահեռ նկատենք, որ Բյուրեղավանի բնակիչների հիմնական հարցը շարունակում է մնալ նույնը՝ եթե ջրի հետ կապված որևէ վտանգ չկա, ինչո՞ւ է ՀՎԿԱԿ-ը նախազգուշացրել բնակիչներին այն չօգտագործել, իսկ հետո թույլատրել միայն եռացնելուց հետո։ Իսկ եթե վտանգի հավանականությունը կա, ապա ինչո՞ւ դրա մասին հստակ և ամբողջական տեղեկատվություն չի ներկայացվում հանրությանը։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































