ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը և հանձնաժողովի նախագահի տեղակալ Սոնա Ղազարյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել են Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ։
«Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունները պատմականորեն աչքի են ընկել բարիդրացիությամբ, իսկ վերջին տարիներին դրանք դինամիկ զարգացում են ապրում»,- ողջունելով Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ ասել է Հարություն Հարությունյանը։
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Լեհաստանը Հայաստանի համար ԵՄ կարևոր գործընկեր է և շնորհակալություն է հայտնել ներդրված այն ջանքերի համար, որոնք ուղղված են Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը։ Այս համատեքստում նա ողջունել է ԵՄ օրենսդրության մոտարկման գործընթացներին նվիրված դասընթացի անցկացումը խորհրդարանում։
Կարդացեք նաև
Լեհաստանի Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լուցիան Պիետժչիկը նշել է, որ ցանկանում են զարգացնել ոչ միայն Հայաստան-Լեհաստան հարաբերությունները, այլև կամուրջ հանդիսանալ Հայաստան-ԵՄ հարաբերություններում։
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է Եվրոպական միության հետ Հայաստանի մերձեցման գործընթացում Լեհաստանի աջակցության կարևորությունը։ Նա վստահություն է հայտնել, որ երկկողմ ջանքերով հնարավոր կլինի էլ ավելի խորացնել քաղաքական երկխոսությունն ու ընդլայնել համատեղ ծրագրերի շրջանակը։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Սոնա Ղազարյանը կարևորել է Լեհաստանի փորձառությունը եվրոպական ինտեգրման ճանապարհին և բարձր գնահատել Լեհաստանի ցուցաբերած աջակցությունը Հայաստանին։
Կողմերը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարների շուրջ։ Կարևորվել են փոխադարձ այցերն ու խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը։
ՀՀ ազգային ժողով



















































