«Ներկա իշխանությունները գենետիկորեն ընդունակ չեն տնտեսություն զարգացնելու, տարբեր բառերով մեր ժողովրդին շշկռացնում են։ Իրենք ոչ մի բան չեն կարողանալու անել։ Հաջորդ 8 տարին էլ մնան, ոչ մի բան չեն անելու։ Ձևը գտել են՝ պարտքը վերցնում, կախում են երկրի գլխին, դրանով միգուցե դիվերսիֆիկացնում են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքին, որը այս իշխանությունը համարում է կառավարելի, Կարապետյանն ասաց․ «Մենք 500 միլիոն դոլար միայն տոկոս ենք վճարում, շատ լավ կառավարում են։ Մի պարտքը վերցնում, հաջորդ պարտքի տոկոսներն ենք վճարում։ Ինչն են կառավարում։ Չի ստեղծվում հավելյալ արժեք։ Պարտքը կառավարելի կլիներ, եթե զուգահեռ ստեղծեին հավելյալ արժեք ստեղծող ընկերություններ։ Բայց իրենք վերցնում, ասֆալտ են փռում։ 2 տարի հետո այդ ասֆալտը դառնալու է այդ գյուղերի համար խնդիր»։
Կրկին անդրադառնալով Տիգրանաշենի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, թե Քյարքին ՀՀ տարածք չէ, Կարապետյանն այսպես արձագանքեց․ «Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում մարդկանց ունեցվածքն ու ընկերությունները ճանաչել ապօրինի գույք։ Հիմա էլ անցել է մեր տարածքներն է ճանաչում ապօրինի գույք ու հեսա կնվիրի հարևան պետությանը»։
Կարդացեք նաև
Կարապետյանն ասաց, որ ոչ թե պետք է զիջենք այն, ինչ չենք կարողանում զարգացնել, այլ պետք է պարզապես զարգացնենք։
«Մենք չունենք տարածք ուրիշին տալու… Եթե հարևան պետությունը տեսնում է, որ մի հայտարարությամբ սկսում ենք Քյարքի, Գյոյչա, Իրևան ասել, դրան վերջ կա՞։ Հիմա Տիգրանաշենը տվեցինք, կսկսեն հայտարարել Իրևանի մասին»,- հավելեց Կարապետյանը։
Նա նաև հավելեց, որ Փաշինյանի համար ցանկացած խոսք, քայլ պատերազմի սպառնալիք է, որովհետև հանձնվել է․ «Ինչ էլ ասենք, Փաշինյանը դարձնելու է պատերազմի սպառնալիք, որովհետև բացարձակ հանձնվել է։ Ինքը մենակ կառավարության շենքում ու Ազգային ժողովում է լավ տղամարդլամիշ լինում, բայց արտաքին քաղաքականության մեջ տեսնում ենք՝ ինչքան վախկոտ քաղաքականություն է տանում»։
Ի դեպ, այսօր Սամվել Կարապետյանի գործով դատական հերթական նիստն էր, որին նախատեսված էր երեք վկայի հարցաքննություն, որից երկուսը դատարան չէին ներկայացել, իսկ մի վկան հրաժարվեց ցուցմունք տալուց: Նիստը հետաձգվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































