Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած հերթական օպերատիվ տվյալը սկսել էին իրացնել դեռևս օգոստոսի 13-ին։
Թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Երևանի Արշակունյաց պողոտայում ձերբակալել և «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին էին տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 35 և 38 տարեկան երկու տղամարդու։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ նրանց ավտոմեքենայում հայտնաբերվել էր կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։
Հիմնավորվեց նաև քրեական ոստիկանների օպերատիվ տեղեկությունը, որ տղամարդիկ թմրանյութը ձեռք էին բերել մի կնոջից։ Օգոստոսի 19-ին իր շենքի բակում ձերբակալվեց և նախաքննական մարմին ներկայացվեց նաև կինը։
Կարդացեք նաև
Նույն օրը դատարանի որոշման հիման վրա կատարված խուզարկությամբ կնոջ տանը նույնպես հայտնաբերվեց կոկաինի նմանվող զանգված։ Նրան առաջադրվեց մեղադրանք և խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը:
Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական ոստիկանները ստացան հավաստի տեղեկություն, որ կինը թմրանյութը ձեռք է բերել Արարատի մարզի Մրգավան գյուղում բնակվող 49-ամյա մի տղամարդուց։
Սեպտեմբերի 11-ի երեկոյան, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկային ծառայողների հետ, քրեական ոստիկանները Երևանի Աճառյան փողոցում ձերբակալեցին 49-ամյա տղամարդուն և իր վարած «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա՝ ներկայացրին վարույթն իրականացնող մարմին:
Դատարանի որոշմամբ նույն օրը Մրգավան գյուղի նրա տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին 225 գրամ մարիխուանայի և 110 գրամ կոկաինի նմանվող զանգվածներ, հոգեմետ 17 դեղահաբ, մարիխուանայի հետքերով աղաց, զիպ փականով տոպրակներ։
Հայտնաբերվեց նաև չհրկիզվող պահարան, որում կար 810 հազար ռուբլի, մոտ երկուսուկես միլիոն դրամ և 33 500 դոլար։ Ըստ տեղեկության՝ սրանք թմրանյութերի իրացումից ստացված գումարներ են։
49-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն


















































