Լրահոս
Օրվա լրահոսը

Իր՝ պաշտպանության նախարար լինելու հարցը Արթուր Ավանեսյանը չի քննարկել

Սեպտեմբեր 30,2026 18:22 Share

«Ուժեղ Հայաստանում» էլ հայտնվեցի հենց այն պատճառով, որ հայրենասիրություն կար մեջս, ուզում էի պայքարել։ Մենք այնտեղ ղարաբաղցիներ ունենք․ երևի գիտեք, զանգեցին, ասացին՝ ուզում ենք հանդիպենք։ Արեգա Հովսեփյանին գիտեք, չէ՞, գնացինք, խոսեցինք, ասում է՝ «կուզե՞ս մտնես թիմ»։ Հետո Նարեկ Կարապետյանը եկավ, զրուցեցինք, ասաց՝ «կուզե՞ս մտնես թիմ, աշխատենք միասին»։

Ասացի՝ բանակի հետ խնդիրներ ունեմ, ուզում եմ մտնեմ ծառայության․ սկզբից մի 10 օր ժամանակ տվեք՝ բանակիս հետ խնդիրները կարգավորեմ։ Եթե Զինված ուժերը ընդունեցին ծառայության, գնալու եմ ծառայության, եթե չէ՝ կգամ, կմասնակցեմ։ 10 օր անցավ, Զինված ուժերից մերժում ստացա ու եկա «Ուժեղ Հայաստան», ասացի՝ մտնում եմ թիմի մեջ։ Ու այդտեղ էլ իրենք ինձ նշանակեցին անվտանգության թիմի ղեկավար»,- այսօր դատարանում, հարցաքննության ժամանակ պատմեց հայտնի հետախույզ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով պատասխանատու Արթուր Ավանեսյանը (Կանդազ)։

«Որպես անվտանգության թիմի ղեկավար՝ ես պիտի, օրինակ, այսօրվա դրությամբ, քանի որ մեծ փորձի կուտակում ունեմ և պատերազմների, և իրավիճակին էի տիրապետում աշխարհում և տարածաշրջանի բանակներին, նամանավանդ Ադրբեջանի բանակին, պիտի փոխվեր բանակի մոդելը․ ուզում էի կոնկրետ փոխել, ստեղծել պրոֆեսիոնալ բանակ և 21-րդ դարին համահունչ բանակ։ Քանակական բանակ պետք չէր մեզ, որակական բանակ էր պետք, ու այդ ամեն ինչի ծրագրերն ինձնից ընդունեցին, որ կարողանանք առնվազն երկու տարվա կտրվածքով ստեղծել մարտունակ բանակ։ Ես պաշտոնի հարց չեմ դրել, քննարկել, բայց ամեն ձևով կաջակցեի․ ինչ-որ որոշեր կուսակցության ղեկավարը, այդ որոշման համաձայն ես պիտի մասնակցեի նոր բանակի կազմավորմանը»,- մանրամասնեց նա՝ հայտարարելով, որ իր՝ պաշտպանության նախարար լինելու հարց չի դրել։

Գործով մեղադրյալ Արթուր Իսկանդարյանի պաշտոնի մասին խոսակցությունները, ըստ Արթուր Ավանեսյանի, Արցախից են գալիս․ «2016 թվականից հետո ենք խոսել, երևի, այդ թեմայով։ Միշտ ֆուտբոլի ժամանակ ինքն ասում էր էլի, որ պաշտոնը, օրինակ, իմ պաշտոնին էր ուզում ծառայեր․ ասեցի՝ ծառայող ես, ոչ մի խնդիր չկա։ Հիմա, ինքն է ասել, ասել է՝ «եթե բանակում ծառայելու պաշտոն լինի․․․»։ Ասեցի՝ եթե սաղ լավ լինի, սաղ ստացվի, օրինակ՝ մենք հաղթենք, ընտրվենք, կլինի»։

Դատախազի դիտարկմանը՝ Արթուր Իսկանդարյանն իր ցուցմունքում նշում է, որ Հայաստանի Զինված ուժերում ծառայելու ցանկություն չի ունեցել, իսկ դուք նշում եք, որ իրեն ասել էիք, որ խոսքը վերաբերում է բանակում պաշտոնի նշանակվելուն եւ հարցին՝ այս երկու տեղեկությունները ինչպե՞ս եք պատկերացնում, Արթուր Ավանեսյանը պատասխանեց․ «Արթուր Իսկանդարյանը ճիշտ է ասում, որ ցանկություն չունի հիմիկվա բանակում ծառայելու։ Եթե մենք հաղթեինք, օրինակ՝ ես ինչ-որ ազդեցություն ունենայի պաշտպանական ոլորտի վրա, ինքը մեծ հաճույքով կծառայեր։ Ոչ միայն Արթուր Իսկանդարյանը, հազարավոր տղերք կգային ծառայության»։

Դատախազի հարցին՝ եթե խոսքը վերաբերել է բացառապես կուսակցության ծրագրային դրույթներին, այսինքն՝ այդ ծրագրի շրջանակներում աջակցություն տրամադրելուն, ո՞րն է պատճառը, որ այդ հեռախոսազրույցների ընթացքում որևէ ծրագրի հղում չի կատարվում, այլ խոսքը վերաբերում է ձայն տալուն, պաշտոնի նշանակելուն, հողամաս, տուն և աշխատանք տալուն։

«Իրենք նախապես տեղյակ էին այդ ծրագրերի մասով, դրա համար էլ զանգել են։ Եթե իրենք տեղյակ չլինեին, կարող է չզանգեին էլ։ Այդ ծրագրերը համացանցում, ամեն տեղ կային, մարդիկ երևի այդ ծրագրերը տեսել են, դրա համար են զանգել»,- պատասխանեց Արթուր Ավանեսյանը։

Դատախազի հաջորդ դիտարկմանը՝ եթե երկու մեղադրյալների մասով էլ ծրագրային դրույթներից եք խոսել, բայց Իսկանդարյանի հետ խոսակցության ընթացքում խոսվում է բանակում պաշտոնի նշանակելու մասին․ բանակում պաշտոնի նշանակելը, իր կարծիքով, վերաբերո՞ւմ է ծրագրի դրույթներին, Արթուր Ավանեսյանը պատասխանեց․ «Այո, ես անվտանգության թիմի ղեկավարն եմ, ու անմիջապես, եթե ընտրությունները մենք հաղթեինք, ես այդ ոլորտում դեր կունենայի ու կարող էի օգնել Արթուր Իսկանդարյանին, ոչ թե մենակ Արթուր Իսկանդարյանին, այլ հազարավոր մարդկանց»։

Արթուր Ավանեսյանը, հիշեցնենք, ձերբակալվել էր ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Հետախույզ Արթուր Ավանեսյանին, ով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարն է, մեղադրում են՝ իբրև ընտրակաշառք առաջարկելու մեջ։ Ավանեսյանն ինքը մեղադրանքը չի ընդունում, ավելին, ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում հացադուլ է հայտարարել, սակայն օրեր անց դադարեցրել։

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ավանեսյանն իբրև խոստացել է ընտրություններում հաղթանակի դեպքում Արթուր Իսկանդարյանին պաշտոն՝ ՀՀ Զինված ուժերում, Գեղամ Զաքարյանին՝ ապահովել աշխատանքով, տրամադրել հողամաս և տուն։ Արթուր Ավանեսյանը պնդում է, որ սույն խոսակցության ժամանակ ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը։ Մեղադրյալի կարգավիճակում են նաև Գեղամ Զաքարյանը և Արթուր Իսկանդարյանը։ Գեղամ Զաքարյանը տնային կալանքի տակ է, Արթուր Իսկանդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է, նա ազատության մեջ է։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930