Լրահոս
Օրվա լրահոսը

«Որ եկել եմ Հայաստան, չընդունեցին ծառայության, որոշեցի զբաղվել քաղաքականությամբ։ Դա էլ պայքարելու մի ձեւ է»․ Արթուր Ավանեսյան

Սեպտեմբեր 30,2026 17:59 Share

«Նոր եմ սկսել, ճիշտն ասած։ Որ եկել եմ Հայաստան, չընդունեցին ծառայության, որոշեցի զբաղվել քաղաքականությամբ։ Դա էլ պայքարելու մի ձեւ է ու հոգեհարազատ կուսակցություն ինձ համար դարձավ «Ուժեղ Հայաստանը»,- դատարանում հայտարարեց Արթուր Ավանեսյանը (Կանդազ)՝ մանրամասնելով, որ նախաձեռնությունը եկել է կուսակցության հիմնադիրների կողմից։

Արթուր Ավանեսյանն ասաց, որ գործով մյուս մեղադրյալների հետ իր հարաբերությունները ծառայողական են եղել․ «Գեղամ Զաքարյանի հետ մի միավորումում ենք ծառայել, ուշ-ուշ էինք հանդիպում, բայց որ հանդիպում էինք՝ բարև-բարի լույս։ Արթուր Իսկանդարյանի հետ, որ գնում էի դիրքեր, հետախուզական դասակում էր ծառայում, միշտ ստուգումներ էի ենթարկում, ավելի շուտ էի հանդիպում։ Ու պայմանականորեն ֆուտբոլային «մանյակ» էր, տարբեր թիմերի էինք երկրպագում, դրա համար իրար հետ շփում կար․ ամեն ֆուտբոլի ժամանակ զանգում էր հիշեցումով՝ ֆուտբոլի թեմայով»։

Պաշտպանը հետաքրքրվեց՝ Արթուր Զաքարյանի և Արթուր Իսկանդարյանի հետ խնդրո առարկա խոսակցության նախաձեռնությունն ո՞ւմ կողմից է սկսվել։

«Իրենք են զանգել, եu ոչ մեկին չեմ զանգել այդ հարցերով, ընդհանրապես որևէ մեկին չեմ զանգել։ Ուղղակի իրենք զանգել են, տեսել են ելույթը․․․ Մոտավորապես հիշում եմ, խոսեցինք, սկզբից շնորհավորեց նախաձեռնության, այդ ելույթի համար։ Իսկանդարյանն ասում է՝ «բա ի՞նչ անենք, ինչո՞վ կարող ենք օգնել»։ Այդ օրվա դրությամբ, ինչքան հիշում եմ, մեր անվտանգության թիմի ներկայացումն էր եղել, ես ելույթ էի ունեցել, երևի տեսել էր այդ ելույթը, դրա համար էր զանգել։ Ելույթը դուրն եկել էր»,- մանրամասնեց Արթուր Ավանեսյանը։

Պաշտպանը մանրամասնեց՝ խոսակցության մեջ, մյուս կողմից հարցնում են՝ «հույս կա՞»․ ի՞նչ է նշանակում, խոսքն Արցախի մասի՞ն է։

«Գնալո՞ւ ենք Արցախ, թե՞ չէ, լա՞վ է լինելու․ ասել եմ՝ լավ է լինելու»,- պատասխանեց Ավանեսյանը՝ հավելելով, որ հետո ասել է, թե «մենք արդեն պայքարի մեջ ենք, մի մտածի, սկսում ենք պայքարել, մի բան փոխվելու է էլի»։

«Ասում է՝ «Դե ես էլ ձայն եմ տալու»․ դուք ի՞նչ եք հասկացել այդ «ձայն տալուց», որ ձե՞զ է ձայն տալու, թե՞ ինչ-որ կուսակցության»,- հարցրեց պաշտպանը։

«Չէ, եu գիտեմ՝ ինքը «Հայաստան» դաշինքի մարդ է, այդ մարդն այնտեղ է ձայն տալու»,- եղավ պատասխանը։

Արթուր Ավանեսյանն ասաց, որ խոսակցության ընթացքում եւ հետո էլ որեւէ անգամ չի փորձել տվյալ անձանց ձայները հօգուտ «Ուժեղ Հայաստանի» ներգրավվել։

Ձայնագրության մեջ Արթուր Ավանեսյանը նաեւ ասում է՝ «Դե վերընտրվենք, ընտրվենք, լյոխ լինելու է»։ Թե ի՞նչ է նկատի ունեցել՝ մանրամասնում է․ «Այսինքն, որ մենք ընտրվենք, կդառնանք իշխանություն․․․ Մեր ծրագիրն իրենք տեսել են, ներկայացրել ենք․ իրենք ուզում են, օրինակ, բնակարան, ուզում են հողատարածք, որ տուն լինի, ուզում են ինչ-որ ձևի աշխատանք․ մեր ծրագրի մեջ այդքանը կա, ես ասել եմ, որ դրանք սաղ լինելու են․ 300,000 աշխատատեղ, ու ես անվտանգությունն էի ներկայացնում՝ բանակում բարեփոխումներ և այլն։ Իսկանդարյանը, օրինակ, ուզում էր բանակում ծառայեր, ասում է՝ «ինձ պաշտոն ես տալու՞»․ այնտեղ այդպիսի մի զրույց կա հեռախոսով։ Ով որ ցանկանում է ծառայել այդ բանակում, խնդիր չկա, պիտի ծառայեր, նույնիսկ որ չուզեր, պիտի ծառայեր, որովհետև մեր բանակում յուրաքանչյուր անձ պիտի ծառայի, ոչ թե մենակ պաշտոն կտամ»։

Պաշտպանը նկատեց՝ Իսկանդարյանի հարցը, որն, ըստ էության, այս մեղադրանքը ներկայացնելու փաստական հիմքերից մեկն է, ասում է՝ «ասածդ ուժի մե՞ջ է, ինձ պաշտոն ես տալու, չէ՞, բանակում» եւ հետաքրքրվեց՝ ի՞նչ է նկատի ունեցել։

«Իր վերջին պաշտոնը եղել է ջոկի հրամանատար Հաթերք գյուղում։ Ցանկություն է հայտնում, որ ուզում է ծառայի, մի քանի տարի այդ պաշտոնում եղել է․ պաշտոնը կարող է լինի, օրինակ, դասակի հրամանատար, ու կշարունակի իր ծառայությունը, հերթական պաշտոնն է իր համար»։

Պաշտպանը շարունակեց՝ պատասխանել եք․ «Ես ինչ որ ասել եմ, սաղ լինելու է»․ ի՞նչ եք նկատի ունեցել։ Արթուր Ավանեսյանը կրկնեց․ «Ասել եմ, որ ծառայելու ես, պաշտոն է լինելու, եթե մենք անցնենք»։ Նա հայտարարեց, որ բացի այդ խոսակցությունից, այլ հանդիպում տվյալ անձանց հետ, այլ վայրում՝ չի եղել։

Արթուր Ավանեսյանը չհամաձայնեց պաշտպանի՝ «չարաբաստիկ զանգ» որակման հետ․ «Ինչի՞ չարաբաստիկ, զանգ է էլի, սովորական զանգ է»։

Արթուր Ավանեսյանը, հիշեցնենք, ձերբակալվել է ապրիլի 27-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Հետախույզ Արթուր Ավանեսյանին, որն «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարն է, մեղադրում են՝ իբրև ընտրակաշառք առաջարկելու մեջ։

Ավանեսյանն ինքը մեղադրանքը չի ընդունում, ավելին, ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում հացադուլ է հայտարարել, սակայն օրեր անց դադարեցրել է։

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Ավանեսյանն իբրև խոստացել է ընտրություններում հաղթանակի դեպքում Արթուր Իսկանդարյանին պաշտոն՝ ՀՀ Զինված ուժերում, Գեղամ Զաքարյանին՝ ապահովել աշխատանքով, տրամադրել հողամաս և տուն։ Արթուր Ավանեսյանը պնդում է, որ սույն խոսակցության ժամանակ ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագիրը։

Մեղադրյալի կարգավիճակում են նաև Գեղամ Զաքարյանը և Արթուր Իսկանդարյանը։ Գեղամ Զաքարյանը տնային կալանքի տակ է, Արթուր Իսկանդարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է, նա ազատության մեջ է։

 

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930