Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին անհրաժեշտ է մեր պետությանը լոյալ ընդդիմություն, ոչ թե այլ պետությունների, այլ ուժերի կամ «պախանին»․ Ռուբեն Ռուբինյան

Հոկտեմբեր 27,2026 12:45 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը համաձայն չէր, որ իշխանության համար ՀՀ 19 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցված արդյունքները խնդրահարույց են այնքանով, որքանով ընդդիմադիր ուժերը չեն կարողանում կամ չեն ցանկանում մասնակցել ընտրություններին։

Լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով այդ հարցերին, Ռուբինյանը հեգնեց՝ ասելով՝ իրենք ի՞նչ անեն, խնդրե՞ն, որ ընդդիմադիրները մասնակցեն ընտրություններին․ «Ես ի՞նչ մեղք ունեմ, որ իրենք խոստանում էին ՏԻՄ ընտրություններում կտրել մեր թեւերը, բայց արդյունքում իրենք ոչ միայն չկտրեցին մեր թեւերը, այլ իրենք չկան, չեն մասնակցում։ Գնա՞մ, ինչ անեմ, գնամ ծեծեմ, ասենք, Նարեկ Կարապետյանի դուռը, ասեմ՝ խնդրում եմ, առաջադրվեք։ Գնամ իրենց խմբակցությունից մարդ գտնեմ, ասեմ՝ խնդրում եմ, առաջադրվեք թեկնածու, ի՞նչ անեմ»։ Նաեւ հավելեց․ «90 չենք խփում, ստանում ենք այն պատճառով, որ ընդդիմությունը չի առաջադրվել»։

Լրագրողների դիտարկումներին՝ արդյոք ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները չե՞ն ազդում քաղաքական մրցակցության վրա, նա հակադարձեց՝ հիշեցնելով, որ կալանավորվել են նաեւ իշխանության ներկայացուցիչներ․ «Բավականին վերջերս կալանավորվել է Մեղրիի գործող համայնքապետը, որը «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է, նկատե՞լ եք դա։ Այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» ինքն իրեն է բռնաճնշո՞ւմ»։

Ապա հայտարարեց․ «Այսինքն՝ արդար չի մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման մեջ»։

Հարցին՝ ինչպե՞ս է իշխանությունն այսօր վերաբերվում այն մարդկանց, որոնք նախկինում եղել են Հանրապետական կուսակցության կազմում, իսկ այժմ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակներում են, նա նախ վիճարկեց պնդումը, թե ՔՊ-ի ցուցակների առաջին համարները նախկին հանրապետականներ են, ապա ասաց, որ  2018 թվականի հեղափոխությունից հետո իշխանությունը սկզբից հայտարարել էր, որ նոր քաղաքական համակարգում բոլորին հնարավորություն է տրվում․ «Մենք հեղափոխությունն արել ենք սիրո եւ համերաշխության նշանաբանի ներքո, մենք բաց եւ ուղիղ հայտարարել ենք, որ բոլորը ստանալու են երկրորդ շանս»։

Հիշեցրեց Ֆելիքս Ցոլակյանի եւ Դավիթ Տոնոյանի անունները՝ հավելելով, որ այդ քայլերը պայմանավորված էին այն մոտեցմամբ, որ նախկին համակարգի ներկայացուցիչներին նույնպես հնարավորություն էր տրվում ընդունելու «նոր ժողովրդավարական խաղի կանոնները»․ «Այդ շանսից մի մասը օգտվել են։ Ընդ որում՝ շանս ոչ թե մեզ ենթարկվելու, այլ շանս՝ ընդունելու նոր ժողովրդավարական խաղի կանոնները։ Հիմա մի մասը այդ կանոնները ընդունել է, մի մասը որոշել է դառնալ ռեակցիոն ուժ»,- ասաց Ռուբինյանը։

Անդրադառնալով ընդդիմության փոփոխության մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն էլ, Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ Հայաստանին անհրաժեշտ է մեր պետությանը լոյալ ընդդիմություն, ոչ թե այլ պետությունների, այլ ուժերի կամ «պախանին» լոյալ։

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ՏԻՄ ընտրություններին անդրադարձել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով․ «Ես ամենևին էլ երջանիկ չեմ, որ ՔՊ-ն մի շարք համայնքներում ստացել է 90+, 80+ ձայներ, որովհետև ինչքան առաջին հայացքից հաճելի է թվում, այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում։ Դրանք նաև առաջ են բերում ընդդիմության հարցը ՀՀ-ում։ ՀՀ-ն պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031