Լույս է տեսել Նանա Ոսկանյանի «Երվանդունիք» պատմավեպը, հաջորդ վեպը Թորոս Ռոսլինի մասին է
Օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացավ գրող, մանկավարժ Նանա Ոսկանյանի «Երվանդունիք» պատմավեպի շնորհանդեսը: Գիրքը պատմում է Երվանդունի վերջին արքայի գահակալության, Արտաշես արքայազնի վերադարձի, հայոց հին աստվածների, Նավասարդի, Երվանդաշատ մայրաքաղաքի կառուցման եւ հայ-պարթեւական հարաբերությունների մասին: Հեղինակից հետաքրքրվեցինք՝ ինչու որոշեց պատմավեպ գրել եւ ինչու հենց Երվանդունիներին որոշեց անդրադառնալ:
«Ժամանակները բարդ են՝ պատմավեպ գրելու համար, բայց խիստ անհրաժեշտությունը կար, որովհետեւ այսօր էլ խառնակ ժամանակներ են, ինչպես Երվանդունիների ժամանակ: Մ.թ.ա. 3-րդ դարն էր դա, երբ Հռոմեական եւ Պարթեւական պետությունների միջեւ գզվռտոց էր: Այս պատերազմների թատերաբեմում Երվանդ Երրորդ արքային հաջողվել էր կայունություն ձեռք բերել եւ հաստատել իր իշխանությունը, բայց ապօրինի զավակ Երվանդ 4-րդը, որ հետո թագավոր դարձավ, սպանեց ու գահին ինքը տիրացավ: Հիմա, ցավոք, մեր օրերում էլ է այդպես՝ սպանում են, թալանում են, ամեն ինչ անում են, որ իշխանության հասնեն: Երվանդ 4-րդը 20 տարի իշխեց, ու բարեբախտաբար Երվանդ 3-րդի՝ սրի քաշված ընտանիքից Արտաշեսը, որ փրկվել էր, չափահաս դառնալուց հետո եկավ, պատերազմով վերականգնեց իր իրավունքները: Հույս ունեմ, որ նման ժամանակներ կգան, մեր երկրում էլ կլինեն այդպիսի Արտաշեսներ, կկարողանան վերափոխել մեր կյանքը, արդարություն եւ ազատություն կբերեն մեր երկրին ու մեր ժողովրդին»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Նանա Ոսկանյանը:
Նա ասաց, որ գիրքը ուղերձներ ունի. «Առաջին հերթին, ուղերձներից մեկն այն է, որ մեր արմատներից չհեռանանք: Մենք վատ գիտենք մեր պատմությունը, ավելի շատ չգիտենք, որովհետեւ դպրոցում պատմություն լավ չենք ուսումնասիրում, բուհերում չեն ուսումնասիրում: Այս գիրքը գրելու ժամանակ ակադեմիական որոշ հրատարակություններ ուսումնասիրեցի, որտեղ այնքա՜ն խեղաթյուրումներ կային: Կարծում եմ, որ գոնե գեղարվեստական գրականության միջոցով պետք է ինչ-որ բան հասցնել մատաղ սերնդին, որպեսզի տեսնենք, թե ուր ենք գնում, ունե՞նք անցյալ, որ ապագային կարողանանք նայել: Անցյալ չունեցող մարդը ապագա չունի: Անցյալը պետք է, որ մեր ապագան տեսնենք, որ նպատակաուղղված գնանք ապագա, սա է ուղերձը»:
Կարդացեք նաև
Տիկին Ոսկանյանից տեղեկացանք, որ աշխատում է 4-րդ վեպի վրա: «Հաջորդ գիրքը Թորոս Ռոսլինի մասին է: Թորոս Ռոսլինը Մոմիկի ժամանակակիցն է: Սա այն ժամանակաշրջանն էր, երբ թաթար-մոնղոլների տիրապետությունն էր Հայաստանում, իսկ Կիլիկյան Հայաստանը բզկտվում էր տարբեր ճնշումներից ու հալածանքներից: Այս ժամանակահատվածում Թորոս Ռոսլինը հանդես է գալիս ոչ թե որպես ծաղկող գրիչ, այլ իսկական նկարիչ: Եվրոպայից 400-500 տարի շուտ Կիլիկիայում նկարիչներ էին ծնվել, Կիլիկիայում հիվանդանոցներ կային, բժիշները վիրահատություններ էին կատարում, կեսարյան հատումներ էին անում: Դա Թորոս Ռոսլինի ժամանակաշրջանն է, եւ Թորոս Ռոսլինի հերոսները ոչ թե աստվածաշնչյան կերպարներ էին, ինչպես բոլոր մանրանկարիչների մոտ, այլ իրական մարդիկ՝ սկսած արքաներից»:
Ինչպես արդեն նշեցինք, «Երվանդունիքը» Նանա Ոսկանյանի երրորդ գիրքն է, առաջին գիրքը պատմվածքների ժողովածու է՝ «Մերոնց հետ», երկրորդ գիրքը վեպ է Մոմիկ ճարտարապետի մասին:
Հավելենք, որ ավանդաբար Նանա Ոսկանյանի շնորհանդեսների ժամանակ ելույթ է ունենում «Նուբար» հայ ավանդական երգի-պարի անսամբլը, որի ղեկավարն է երաժշտագետ, վավերագրական եւ երաժշտական ֆիլմերի հեղինակ Լուսինե Նազարյանը։ Այս անգամ եւս «Նուբարը» միջոցառումը համեմել է գեղեցիկ համարներով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.12.2024


















































