Ինչո՞ւ է Կարավաջոյի «Սուրբ Պետրոսի ուրացումը» կտավում կենտրոնական դեմքը աղախինը
Ենթադրենք, ձեզ փողոցում «բռնացնում է» մի մարդ, որը սկսում է ձեզ համոզել, որ «30 տարի էդ խեղճ մարդկանց հողերը զավթել էինք, ասում էինք՝ «մերն են», դրա համար պատերազմ եղավ, բայց հիմա՝ որ իրենց հողերն իրենց տվեցինք ու չենք ասում՝ «մերն են», ա՛յ, հիմա խաղաղություն է»: «Ժողովրդի ձայնն է»՝ մի խոսքով: Ի՞նչ կպատասխանեք, ինչպե՞ս կվարվեք:
Այս հարցը տալիս՝ աչքիս առաջ է գալիս Միքելանջելո Մերիզի դա Կարավաջոյի «Սուրբ Պետրոսի ուրացումը» կտավը (1610): Սյուժեն հայտնի է. ինչ-որ մեծահարուստի կամ բարձրաստիճան հոգեւորականի աղախինը երեք անգամ հարցնում է Պետրոսին՝ արդյոք նա կապ ունի՞ Հիսուսի հետ, որն արդեն իսկ ձերբակալված էր ու հարցաքննվում էր: Եվ Պետրոսը երեք անգամ հերքում է այդ պնդումը:
Կտավում 3 գործող անձ կա՝ Պետրոս առաքյալը, աղախինը եւ էլի ինչ-որ մեկը, որն Ավետարանում չի «տեղորոշվում», բայց, հավանաբար, մարմնավորում է Պետրոսի վրա հասարակական կարծիքի ճնշումը: Այն, որ աղախինը հայտնվել է Կարավաջոյի կտավի կենտրոնում, խորքային իմաստ ունի: Պետրոսը դատարանի առաջ չի կանգնել, բայց նա ընկրկում է «ժողովրդի», «մեծամասնության» առաջ: (Եվ, ի դեպ, այդ «ժողովրդի» համար Հիսուսն ու Պետրոսն «օտար» են, որովհետեւ մայրաքաղաքում եբրայերեն են խոսում, ինչպես նկատում է աղախինը, գավառական, գալիլեյան առոգանությամբ, եւ դա նաեւ «տեղայնական կարծրատիպերի» դրսեւորում է):
Կարդացեք նաև
Աղախինը կտավի կենտրոնում է հենց այն պատճառով, որ իրենից որեւէ ուժ, որեւէ պաշտոնական իշխանություն, ինքնին որեւէ լուրջ վտանգ չի ներկայացնում: Պետրոսը կարող է այդ աղջկան, իր հարցերով հանդերձ, ուղարկել շատ հեռու: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մարդկանց թուլությունը, նրանց վախը, ուրացումը սովորաբար արտահայտվում է ոչ թե ինչ-որ էքստրիմալ պահերին, երբ մեկը նրանց կոկորդին դանակ է դրել, կամ՝ երբ կա ազատազրկվելու վտանգը: Ոչ, դա շատ հաճախ տեղի է ունենում առօրյա կյանքում, «ոչ վտանգավոր» վիճակներում:
Հիմա դառնանք մեր բերած հիպոթետիկ օրինակին: «Ժողովրդի» ներկայացուցիչը խոսում է «խեղճ ադրբեջանցիների» մասին, կամ վստահություն է հայտնում, որ Փաշինյանի բոլոր ընդդիմախոսները «Կրեմլի գործակալներ» են: Եթե դա տեղի է ունենում փողոցում, ապա ամենավատ տարբերակն, իհարկե, կռիվ սարքելն է: Ես կնախընտրեմ որեւէ ձեւով շփման մեջ չմտնել նման մարդկանց հետ, իսկ եթե շատ են պնդում, պարզապես ասել, որ նրա կարծիքը չեմ կիսում: Բայց տարածված է, ցավոք, հակառակ ծայրահեղությունը՝ մարդիկ, նույնիսկ համաձայն չլինելով, սկսում են գլուխը տմբտմբացնել, որովհետեւ վախենում են մարգինալ երեւալ, հայտնվել փոքրամասնության մեջ:
Հայաստանի ներկա իրողությունների դեպքում մարդիկ, որոնք ամեն ինչ տեսնում են, բայց չեն ուզում հակադրվել իրական կամ կարծեցյալ մեծամասնությանը, ունեն «հրաշալի», կոպիտ ասած, «ատմազկա»՝ բայց «նախկինները» վատն էին: Չեմ կարծում, որ այդ մարդիկ իսկապես կարծում են, որ դա լուրջ փաստարկ է: Նրանք պարզապես գտել են գլուխն ավազի մեջ սուզելու, ի վերջո՝ ուրանալու տարբերակը:
…1930-ականների սկզբին գերմանացիների մեծամասնությունը դժվար թե վստահ լիներ, որ բոլոր խնդիրներն առաջացել են հրեաների պատճառով: Բայց միլիոնավոր մարդիկ վստահ էին, որ այդպես Է կարծում Գերմանիայի քաղաքացիների մեծամասնությունը եւ վախենում էին «հրեամոլ» երեւալուց:
…1991 թվականի աշնանը ես հարցազրույց էի վերցրել նախագահի թեկնածու Աշոտ Նավասարդյանից, եւ նա, մասնավորապես, ասել էր, որ իրեն միշտ համարել է ճիշտ փոքրամասնության ներկայացուցիչ: Ընտրություններում նա ստացել էր 0,16 տոկոս ձայն: Իմ այսօրվա աշխարհընկալմամբ՝ ես բարձր եմ գնահատում այդ 0,16 տոկոսը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.04.2026


















































