Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արձան՝ նարդի խաղացողներին

Նոյեմբեր 13,2007 00:00

\"\"Օրերս Մոսկովյան պուրակում բացվեց «Նարդի խաղացողը» արձանը: Մտահղացումը Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի «Կուրաժ» պրոդյուսերական կուրսինն է, որ ղեկավարում է Ռուբեն Ջաղինյանը: Ուսանողներից մեկը՝ Հայկ Ամիրյանը, «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Այս արձանը մեր կուրսի երկրորդ աշխատանքն է, առաջինը երաժշտական տեսահոլովակ էր, որը շուտով կհանձնենք հեռուստադիտողների դատին»: Նույն կուրսի ուսանող Հովհաննես Խաչատրյանն էլ հավելեց. «Նարդին Հայաստանում տարածված խաղ է: Երբ մեր կուրսղեկը հանձնարարեց մտածել հետաքրքիր արձաններ ու կյանքի կոչել, որոշեցի այնպիսի բան առաջարկել, որ կհամապատասխանի երեւանյան միջավայրին ու, ինչու չէ, նաեւ սիրված արձանների շարքը կհամալրի: Մտածեցի՝ ինչու չլինի արձան՝ նվիրված նարդի խաղացողներին: Գաղափարս քննարկեցի կուրսեցիներիս հետ: Ռուբեն Ջաղինյանն էլ մի քանի խորհուրդ տվեց, ու քանդակագործ Էդուարդ Շախիկյանի միջոցով ծնունդ առավ այս արձանը»: «Շարմ» ընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանը հայտնեց. «Կուրսում ինը ուսանող կա: Այնպես որ, ինը արձան է տեղադրվելու Երեւանում: Առաջիկայում պատրաստելու ենք արձան՝ դանակ-մկրատ սրող տղամարդուն նվիրված: Կարեւորն այն է, որ արձանները ճիշտ տեղերում կանգնեցվեն: Նարդի խաղացողի արձանի գաղափարն ինքնին շատ հետաքրքիր է: Մեր այգիներում զբոսնելիս հաճախ ենք հանդիպում նարդի խաղացողների: Մեր ազգը սիրում է նարդի: Այս արձանի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ ցանկացողները կարող են նստել երկրորդ խաղացողի տեղում ու երեւակայական խաղի մասնակից դառնալ, ինչու չէ, նաեւ լուսանկարվել»: Ռ. Ջաղինյանին հարցրինք՝ սիրո՞ւմ է նարդի խաղալ: Նա պատասխանեց. «Ոչ շատ հաճախ, բայց խաղում եմ: Հիշում եմ՝ պապիկս էր նարդու սիրահար»: Միջոցառմանը ներկա Էդուարդ պապիկը պատմեց. «Հիշում եմ, երբ երիտասարդ էինք, մայիսմեկյան, նոյեմբերյան շքերթներից փախչում էինք այգի ու նարդի խաղում: Այդ ավանդույթը հիմա էլ կա: Այս արձանը կարծես մի յուրօրինակ կտավ լինի, որ տեղադրված է Մոսկովյան պուրակում»: Նարդի խաղացողին դիտելու էր եկել նաեւ փոքրիկ Տիգրանը. «Ես նարդի խաղալ չգիտեմ, պապիկս խոսք է տվել, որ մեծանամ՝ սովորեցնի: Իսկ այս պապիկին, որ արձան են սարքել, շատ եմ հավանել, նույնիսկ հետը նկարվել եմ»: Տիկին Նաիրան էլ փաստեց, որ Երեւանը օր օրի համալրվում է հետաքրքիր արձաններով: «Օրինակ, վերջերս էլ բացվեց «Տղամարդիկ» ֆիլմի հերոսների արձանախումբը, որը կարծես պակասում էր: Նարդի խաղացողի արձանի գոյությունն էլ կարեւորում եմ նրանով, որ մտահղացումը պատկանում է ուսանողներին: Բացի այդ, այն երեւանյան կոլորիտ ունի»,- ասաց տիկին Նաիրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930