Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն ասում էր՝ սաղին բոմժ եմ սարքելու, հիմա ինձ տնից հանում, սարքում են բոմժ. Քաղաքացիները թույլ չեն տալիս քանդել իրենց տնակները

Օգոստոս 31,2026 14:29 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ, փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Իրավիճակը լարվեց։ Բնակիչները թույլ չտվեցին տրակտորներին մոտենալ իրենց տնակներին և քարերով սկսեցին հարվածել։ Կանանցից մեկը երեխային գրկած մոտեցավ տնակները քանդելու եկած աշխատակիցներին։ «Մի արա, նորածին երեխա է, կվախենա»,- նրան փորձեց հետ պահել մի տղամարդ։ Տնակատեր կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ, նա սրտի խնդիր ուներ, նաև հաշմանդամություն։

«Դուք տնով մարդուն չեք ապահովում, ուզում եք տանը նստած մարդու գլխին տունը քանդե՞ք, դա որտե՞ղ է գրված… Փաշինյանն ասում էր՝ սաղին բոմժ եմ սարքելու, հիմա ինձ տնից հանում են, սարքում են բոմժ… Քեզ պիտի բոմժ սարքեն… Իմ երեխան հիմա դիրքերում է, ում համար ծառայի, պահին իմանա, վատանալու է»,- ասաց տնակատերերից մեկը։ Նա հավելեց, որ ինքը հաշմանդամություն ունի, և իրեն օգնել են մի շարք կազմակերպություններ՝ այդ թվում Կարմիր Խաչի օգնությամբ է փորձել փոքր-ինչ կարգի բերել տնակը, որպեսզի, իր խոսքով, օձ ու կարիճ չխայթեն երեխաներին։«Երևանի քաղաքապետարանը մեծ-մեծ խոսում է՝ անապահով ընտանիքներին օգնում եմ, ոնց ես օգնում… 46 հազար դրամով ես ոնց ապրեմ»,- նեղսրտեց նա։

Լրագրողի հարցին՝ ինքն արդյոք Նիկոլ Փաշինյանին է ընտրել, կինը հետևյալ կերպ պատասխանեց. «Ոչ, ինչի համար… Այդքան երեխա զոհ տվին, Եռաբլուրը պատել է, ինչու ընտրեի… Երևանի քաղաքապետարան լինի, Ավինյան լինի, մի հատ մատ կպնի, արյունահեղություն է լինելու, մենք այս տները մեր արյան գնով ենք սարքել, ոնց եք քանդում»

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Իրենք տարածքն աղբավայրի են վերածել, գումարի դիմաց մեքենաներով շինարարական աղբ են ընդունել. Դա հանրային տարածք է և չէր կարող այդտեղ աղբավայր լինել, իրենք են վերածել աղբանոցի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր թաղապետարանի աշխատակիցները ոստիկանական ուժերի տրակտորների ուղեկցությամբ եկել են, որպեսզի քանդեն տնակները, որտեղ մեծ թվով մարդիկ են ապրում։

«Ամբողջ խնդիրն այն է, որ մենք իրենց այդ, այսպես կոչված, բիզնես գործունեությունն ենք ուղում դադարեցնել։

Այս խնդիրը գալիս է 2022 թվականից, իրենք 2022 թվականից իրենք այդ տարածքը վերածել են աղբավայրի, այսինքն` գումարի դիմաց աղբով լցված մեքենաներին թույլ են տվել, որ այդ տարածքում աղբը թափեն։

Բացի դրանից էլ, որ ասում են՝ 30 տարի ապրել են այդտեղ, այդ 30 տարվա ընթացքում ծավալվել են, արդեն 7–10 շինություն կա սարքած, որոնք նաև վարձով են տրամադրում։

Հաշվի առնելով, որ այդտեղ հաշմանդամ երեխաներ կան, կա երկու ամսական երեխա, մենք քանդման որոշումը այսօր կանգնեցրել ենք, վաղը իրենց հրավիրել ենք թաղապետարան, միասին կքննարկենք։ Այստեղ լինելու են նաև սոցապնախարարությունից, սոցվարչությունից, քաղաքապետարանի ներկայացուցիչներ։

Նախ` իրենց պետք է նախազգուշացնենք, որ նման գործունեությունը դադարեցնեն, որովհետև հակառակ դեպքում այդ քանդումը լինելու է։ 2022–ից իրենց ասվել է, որ նման բան չանեն»,–ասաց նա՝ հավաստիացնելով, որ հենց դա է պատճառը, որ նման որոշում է կայացվել։

Դիտարկմանը, որ այն, որ նրանք սեփականության վկայական չունեն, դա խնդիր չէ՞, պատճառը միայն աղբանոցի վերածե՞լն է, թաղապետը պատասխանեց. «Դա էլ է խնդիր, բայց այդ խնդրից առաջացել է այն մյուս խնդիրը։ Հիմա մենք ասում եմ՝ հաշվի առնելով, որ այդտեղ կան 13 երեխա, հաշմանդամ երեխա, երկու ամսական երեխա, քաղաքապետը որոշեց, որպեսզի մեկ անգամ ևս իրենց հնարավորություն տվի, որ այդ գործունեությունը չծավալեն, գոնե այդքանը չանեն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31