Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստագետը պետք է ընդդիմադիր լինի»

Նոյեմբեր 11,2011 13:25

Բարսեղ Թումանյանը՝ օպերային արվեստի ու հոգեւոր պահանջմունքների մասին

Օպերային ճանաչված բաս Բարսեղ Թումանյանին, ցավոք, հաճախ չենք հանդիպում հայաստանյան մշակութային կյանքում. շուրջ 20 տարի է՝ նա բեմ չի բարձրանում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, բայց սպասված հյուր է աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում եւ համերգասրահներում: Օպերային իրական աստղի ստեղծագործական կյանքին անդրադառնալու անհրաժեշտություն չկա. նրան գիտի աշխարհը: Միայն մեկ փաստ արձանագրենք. 2010թ. աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոյի հայաստանյան եզակի համերգից առաջ՝ բանակցային փուլում երբ հարցրել են, թե Երեւանում հայ երգիչներից ո՞ւմ հետ է հարմար գտնում հանդես գալ դուետով, մաեստրոն առանց վարանելու տվել է Բարսեղ Թումանյանի անունը, ասելով, որ վառ հիշողություններ ունի՝ կապված աշխարհի լավագույն օպերային բեմերում իր խաղընկերոջ հետ:
«Առավոտը» Բարսեղ Թումանյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիքի է վերջերս շրջանառվող այն մտքի հետ, թե համաշխարհային օպերային արվեստը ճգնաժամի մեջ է: Երգիչը խոսքը սկսեց սեփական աֆորիզմից՝ «Երբ թյուրիմացությունը դառնում է կուռք, իմացությունը չարանում է», հավելելով. «Օպերային արվեստը երբեք վերջ չի ունենա. ճգնաժամը վերաբերում է որոշ փոքր թատրոնների: Վերջերս, երբ Գերմանիայում էի, արձանագրեցի, որ այնտեղ ընդամենը մեկ տարվա ընթացքում օպերային թատրոնների թիվը 2-ով ավելացել է, դարձել 81: Խոսքս պետական, ամուր թատրոնների մասին է: Էլ չեմ խոսում բարձր աշխատավարձերի, հարուստ խաղացանկի եւ ամենակարեւորը՝ ոլորտում ընդգրկված անհատականությունների մասին»:
Մեր զրուցակիցը փաստեց, որ ժամանակին անհատականությունները, որպես օրենք, լինում են ընդդիմադիրներ, նույնիսկ ոչ միայն իրենց ոլորտում, այլեւ սեփական անձի հանդեպ. «Առանց անհատների չի արձանագրվի արվեստի աճ, նաեւ չի գրանցվի եւ ոչ մի առաջխաղացում, եթե չլինի մենեջմենթ, ամենօրյա ստեղծագործական բուռն մթնոլորտ: Այդ ամենին կխանգարի, եթե արվեստի հետ կապ չունեցող մարդիկ հայտնվեն թատրոնում: Եվրոպայում էլ է այդպես. եթե փոքր-ինչ թուլացար, հետընթացն ապահովված է: Ինչ վերաբերում է մեր թատրոնին, 20 տարվա նահանջը, բնականաբար, 20 օրում չես վերականգնի: Դրա համար անհրաժեշտ է հզոր երկիր, հզոր աջակցություն»: Ռեպլիկին, թե շոու-բիզնեսը կլանել է իրական արվեստը, ասում են, թե դա հասարակության պահանջն է, Բարսեղ Թումանյանը նշեց, որ իրական շոուն օպերային արվեստն է, իսկ շոու-բիզնեսը՝ ակվարիումային մի բան. «Վերջերս Հրանտ Թոխատյանի հեղինակած «Հեռուստառեստորան» հաղորդաշարի ժամանակ ճանաչված երգիչ Հայկոն բարձրաձայնեց, թե ռեստորանի երգիչներից ոմանք ավելի լավ են երգում, քան շոու-բիզնեսի ներկայացուցիչներից շատերը: Համակարծիք եմ՝ ռեստորանի երգիչն ավելի լավ է հանդես գալիս, քանի որ ամեն օր աշխատում է՝ հակառակ օպերային մեներգչի, որը կարող է ամիսներով, նույնիսկ տարիներով բեմի երես չտեսնել: Ասվում է, թե օպերային ցանկացած երգիչ լի է էնտուզիազմով՝ առանց հաշվի առնելու, վաղը-մյուս օրը կարող է էնտուզիազմը վերջանա ու զրկվենք եղածներից էլ: Նման կերպ մտածողները մոռանում են, որ ստեղծագործող մարդը երբեք նյութականը առաջնային չի համարում, այլ ձգտում է իր արվեստում իդեալականին: Ինչ վերաբերում է հասարակության ճաշակին, ապա նրա հետ զիջումների չպետք է գնալ. ճաշակ թելադրող պետք է լինի ո՛չ հասարակությունը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930