Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ Գեւորգ Դեւրիկյանի «Հայոց մեծեր» երկհատոր գրքի առաջին մասի շնորհանդեսը

Հոկտեմբեր 01,2012 17:53

Այսօր Հայաստանի գրողների միությունում կայացավ Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանի հանգուցյալ հոր` Գեւորգ Դեւրիկյանի «Հայոց մեծեր» երկհատոր գրքի առաջին մասի շնորհանդեսը: Կրտսեր Դեւրիկյանի խոսքով, հայրն այդ գրքի վրա աշխատել է բավականին երկար, քանի որ ինքնին պատմության ուսումնասիրումը դժվար է, առավել բարդ է դա գեղարվեստականորեն ներկայացնելը: Չնայած դրան, Դեւրիկյանի կարծիքով, իր հոր  մոտ դա ստացվել է:

«Ամենամեծ դատավորը ժամանակն է: Ես կարծում եմ, երբ հայրիկիս երկնային կյանքը ավարտվեց, կարելի է ասել, որ այդ դատավորի վճիռը դրական էր եւ նրա գործերը դիմացել են ժամանակի քննությանը: Մինչեւ հիմա հորս ստեղծագործությունները հուզում են իր ընթերցողին: Դրանցից մեկն էլ «Հայոց մեծեր»-ն է: Հայրիկս մեծ նվիրումով է աշխատել այս գրքի վրա: 1990-ական թվականների պատերազմական դժվարին պահերը արտացոլվել են այս գրքում: Յուրաքանչյուր ստեղծագործություն, անկախ նրանից, թե ինչ թեմա է, միշտ հարաբերվում է գրողի ապրած ժամանակահատվածի հետ: Այստեղ նույնպես կարելի  տեսնել այդ ժամանակահատվածը»,- ասում է Գրականության ինստիտուտի փոխտնօրենը:
Դեւրիկյանը համոզված է, որ իր հոր աշխատանքը օգտակար կլինի նոր սերնդի ու երիտասարդության համար:
Լավ մարդ, լավ ընկեր, լավ ստեղծագործող եւ լավ բարեկամ. այսպես է բնութագրում բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը` Գեւորգ Դեւրիկյանին: Նրանք իրար հետ ծանոթացել  այն ժամանակ, երբ Պետրոսյանը սովորել է մանկավարժական համալսարանում. «Քույրս ինձնից երկու կուրս բարձր էր: Իմացա, որ իրենց հետ սովորում է մի խելացի տղա` Գեւորգ անունով: Ես տեսա, որ նա լինելով ուսանող, ոնց որ գիտելիքի շտեմարան լիներ: Դրանից հետո գրական ճանապարհներում հանդիպեցինք: Նա միշտ էլ եղել է բարձր պաշտոններում: Նրա ձայնը մինչեւ հիմա իմ ականջներում է: Դրական կերպար էր նա, ու ցավում եմ, որ այդքան շուտ հեռացավ մեզանից»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031