Լրահոս
Օրվա լրահոսը

Պուերտոռիկացու հետ մենամարտից առաջ Վախթանգ Դարչինյանը զայրացել էր

Հոկտեմբեր 02,2012 14:47

Վանաձորցի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բազմակի եւ բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանը շաբաթ օրը Ամերիկայի Մաշանթաքեթ քաղաքում կայացած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 99-91, 99-91, 96-94 հաշվով վստահ հաղթանակ տոնեց պուերտոռիկացի Լուիս Օռլանդո Դել Վալլեի նկատմամբ, որը մինչեւ այդ օրը չէր ճաշակել պարտության դառնությունը եւ նվաճեց Հյուսիսամերիկյան բռնցքամարտի ֆեդերացիայի (NABF) չեմպիոնի թափուր տիտղոսը:

Վիկը, որ արդեն 36 տարեկան է, հանդիսականներին ու մասնագետներին զարմացրեց իր ֆիզիկական պատրաստվածությամբ, պաշտպանության ճիշտ կազմակերպումով եւ նպատակային արդյունավետ գրոհներով: Եվ որ շատ կարեւոր է եւ ինչի պատճառով էլ երբեմն ձախողվել է, այս անգամ մարտավարությունը մեկ՝ գետնին տապալող հարվածի վրա չէր կառուցել:

Մենամարտից հետո Վախթանգը լրատվամիջոցներին հայտարարել է, թե իրեն խիստ նեղացրել էր այն, որ մարզասերների մի մասը եւ կազմակերպիչներն այդ մենամարտի ֆավորիտ համարել են պուերտոռիկացուն: «Կարո՞ղ եք հավատալ, որ կազմակերպիչները ֆավորիտ համարել են այդ երիտասարդին եւ համեմատելով ինձ հետ, առավելությունը նրան տվել: Դա դիպել էր ինքնասիրությանս: Չեմ կարողանում դրան հավատալ: Ինչո՞ւ… Ինչպե՞ս կարող էին հավատալ, որ նա կարող է ինձ պարտության մատնել: Ես հաղթեցի ռաունդներից յուրաքանչյուրում, ինչպես խոստացել էի մարտից առաջ՝ նոկաուտ չանել, այլ հաղթել ռաունդներով: Այս հաղթանակն ինձ համար անսպասելի չէր: Ես գիտեի, որ այդպես էլ լինելու է: Մրցակիցս շատ դանդաղկոտ էր, եւ ես տեսնում էի, թե նա ինչ է պատրաստվում անել: Այնպես որ, մարտը շատ հեշտ ստացվեց: Սատանան տանի, անգամ ծիծաղելի է: Ես աշխարհի չեմպիոնի ութ տիտղոս եմ նվաճել, եղել աշխարհի բացարձակ չեմպիոն: Իսկ հիմա մենամարտում եմ ինչ-որ տղայի հետ: Եվ նրանք այդ տղային ֆավորի՞տ են համարում: Անհեթեթություն է»,- ասել է նեղացած Դարչինյանը:

«Հիմա ես ռեւանշ մրցամարտ եմ պահանջում Աբներ Մարեսից, որից հետո պատրաստ եմ մենամարտել ցանկացած չեմպիոնի հետ: Ինչու Մարեսի՞: Որովհետեւ ինքներդ էլ գիտեք, թե ինչ կատարվեց մեր մենամարտում: Ես հաղթեցի, իսկ մրցավարները հաղթանակը տվեցին նրան: Չեմ վիճում, մենամարտը դժվար էր: Բայց ես հաղթել էի: Դրա համար էլ կրկնական մարտ եմ ուզում, որպեսզի ամեն բան իր տեղը դնեմ: Իսկ դրանից հետո պատրաստ եմ մենամարտել ցանկացած չեմպիոնի հետ»,- եզրափակել է «Կատաղի ցուլ» Վախթանգ Դարչինյանը:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031