Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 4/27 ընտրատեղամասի տարածքում ինչ-որ տղաներ են ցուցակներով ու փոքրիկ պայուսակներով (ֆոտոշարք)

Մայիս 05,2013 14:43

Ynt_10 Ynt_03 Ynt_05 Ynt_06 Ynt_07 Ynt_08 Ynt_09Aravot.am-ը ահազանգ ստացավ, որ Հ. Քոչարի փողոցում գտնվող թիվ 148 դպրոցում տեղակայված 4/27 ընտրատեղամասի մոտ կուտակումներ են եւ որ ավտոմեքենաներով եւ դպրոցի բակում հավաքված ինչ-որ տղաներ ընտրողների՝ մասնավորապես՝ մեծահասակների վրա հոգեբանական ճնշում են գործադրում. նրանց գրիչ են տալիս եւ ասում, որ հենց այդ գրիչով պետք է քվեարկեք: Հորդորել են նաեւ գրիչը հետ տանել. «Հասկանում եք, ներսում էլ են նույն գրիչները, բայց այստեղ հարցն այն է, որ մարդկանց վրա հոգեբանական ճնշում են գործադրում»,-մեզ հետ զրույցում ասաց ահազանգի հեղինակը:

148 դպրոցի բակում կուտակումներ առանձնապես չկային, բայց բակի նստարանի մոտ հինգ-վեց տղաներ էին հավաքված, որոնք ընտրատեղամաս եկող ընտրողներից հետաքրքրվում էին, թե ում են ընտրելու, նրանց ձեռքին ինչ-որ ցուցակներ կային, ուսին փոքրիկ պայուսակներ: Այս ընտրատարածքում տարիներ շարունակ ընտրությունները կազմակերպվել են դպրոցի միջանցքում, այս անգամ դրանք դպրոցի մի փոքրիկ սենյակում էին: «Սենց փոքր սենյակ են ընտրել, որ ինչ ուզեն անեն»,-դժգոհում էին վստահված անձինք:

Թիվ 4/27 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Թաթուլ Մխիթարյանից հետաքրքրվեցինք, թե ինչու ավելի ընդարձակ տարածք չեն ընտրել: Թաթուլ Մխիթարյանի խոսքերով, «Միջանցքում սկվազնյակ էր, մեղք էին հանձնաժողովի անդամները, համ էլ այս տարածքում էդ ժողովրդի դեմը չէի կարա պահեի, ես մտածում եմ հանձնաժողովի անդամների մասին եւ մեր առողջության մասին»:
Այս ընտրատարածքում ընտրողների հետ եկած փոքրիկներին հանձնաժողովականները կոնֆետ էին բաժանում, ընտրակաշա՞ռք եք բաժանում Aravot.am-ի հարցին հանձնաժողովի նախագահը նկատեց՝ չէ, «մանկակաշառք»:

Ընտրության եկած քաղաքացիներից մեկը, որի անձնագրում հանձնաժողովի անդամներից մեկը կնիք դրեց, բորբոքված հարցրեց՝ «էս կնիքն էլ չի անցնելո՞ւ, բա ասում եք անցնելու ա», եւ ցույց տվեց իր անձնագրում նախագահական ընտրություններից մնացած կնիքը:

Այս ընտրատեղամասում 1985 ընտրող կա, ժամը երկուսի դրությամբ ընտրությանը մասնակցել էր մոտ 600 ընտրող:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031