Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանք բանտից դուրս. հասարակությունը մերժում է դատապարտյալներին, համակարգը՝ դարձնում «պորտաբույծ»

Նոյեմբեր 11,2014 16:51

Ամեն տարի քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) միջինը 4000 դատապարտյալ համակարգի անկատարության հետևանքով կորցնում է իր աշխատունակությունը և դառնում պարզապես «պորտաբույծ», ինչը՝ ըստ ոլորտի մասնագետների, մեծացնում է կրկնահանցագործությունների ռիսկերը:

Չնայած պետական կառույցները ցանկություն են հայտնում ավելի շատ դատապարտյալներ ընդգրկելու աշխատանքային զբաղվածության և ուսումնական դասընթացների ապահովման ծրագրերում, այնուամենայնիվ, դատապարտյալների զգալի մասը իրենց օրն անցկացնում է անգործության մատնված:

Քրեակատարողական հիմնարկներում ուսումնասիրություններ իրականացնող իրավաբանական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նշում են, որ դա կապված է լայնամասշտաբ միջոցառումների, բավարար ռեսուրսների բացակայության, ինչպես նաև օրենսդրական որոշ բացերի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2008-ից մինչ օրս հարցումներ է իրականացնում Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներում, որի արդյունքներով, հարցված դատապարտյալների 70-80 տոկոսը ցանկություն է հայտնել աշխատել, կամ այլ զբաղվածություն ունենալ:

Երանուհի Թումանյանց-- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ

Երանուհի Թումանյանց– Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ

«Իրականում այդ պահանջարկը բավականին բարձր է, բայց առաջարկը չի բավարարում: Իսկ աշխատանքային զբաղվածությունը, կամ մշակութային, կրթական, մարզական զբաղվածություն ունենալը կարևոր միջոց է դատապարտյալի ուղղման համար, ինչպես նաև հետագայում՝ պատիժը կրելուց հետո, հասարակության մեջ վերաինտեգրման համար»,-ասում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը:

2014-ի հոկտեմբերի 15-ի տվյալներով՝ ՀՀ-ում գործող բոլոր քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2853 դատապարտյալ:

ՀՀ արդարադատության նախարարության «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը, որը 2001-ից զբաղվում է ՔԿՀ-ներում դատապարտյալների աշխատանքային զբաղվածության և կրթական տարբեր ծրագրերի ապահովմամբ, 2014 թվականի առաջին կիսամյակում կարողացել է աշխատանքով ապահովել մոտ 100 դատապարտյալի:

Նրանք ներգրավված են հացի, մակարոնի, կարի, գորգագործության արտադրության, ինչպես նաև գյուղատնտեսական և անասնապահական աշխատանքներում: «Նուբարաշեն», «Կոշ», «Սևան», «Գորիս», «Վանաձոր» և «Արթիկ» ՔԿՀ-ներում գործող հացի արտադրամասերի շնորհիվ աշխատող դատապարտյալները կարողանում են ապահովել բոլոր քրեակատարողական հիմնարկների հացի, իսկ «Աբովյան» ՔԿՀ-ում գործող մակարոնի արտադրամասի շնորհիվ՝ նաև մակարոնեղենի պահանջարկը:

Դատապարտյալներից ոմանք կատարում են ստեղծագործական աշխատանքներ՝ պատրաստելով փայտյա, մետաղյա քանդակներ, հուշանվերներ, ձեռքի աշխատանքներ, որոնց վաճառքից ստացված հասույթը փոխանցվում է նրանց դեպոզիտային հաշվին:

Ստեղծագործական յուրաքանչյուր աշխատանքի դիմաց նրանք վարձատրվում են 1000-ից մինչև 30 000 դրամով: Իսկ արտադրամասերում աշխատելիս դատապարտյալները ստանում են ֆիքսված աշխատավարձ 25-35 հազար դրամի սահմաններում, երբեմն նույնիսկ ավելի :

Արշակ Գասպարյան--- «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ

Արշակ Գասպարյան— «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ

«Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանի պնդմամբ՝ տարեկան միջինը մոտ 4000-5000 դատապարտյալի առկայության պարագայում, նրանցից 100-150-ին աշխատանքային զբաղվածությամբ ապահովելը բավարար արդյունք չի կարող լինել:

«Պետք է լայնամասշտաբ գործողություններ կատարել և մեծ այլընտրանքներ առաջարկել դատապարտյալներին: Նախևառաջ պետք է նրանց կարիքների գնահատում կատարվի հասկանալու համար՝ ով ինչ հմտություն ունի, և ինչ է ուզում սովորել, քանի որ այդ դատապարտյալները հաճախ ունենում են բավականին պիտանի ռեսուրսներ՝ արհեստով զբաղվելու, հաշվելու, նկարելու, նույնիսկ ղեկավարելու ոլորտներում: Իսկ այսօր մեր բոլոր ՔԿՀ-ները ամեն տարի մոտ 4000-5000 դատապարտյալի դարձնում են պորտաբույծ, անաշխատունակ և աշխատանքի նկատմամբ դեմոտիվացված: Այդ պատճառով, ՔԿՀ-ում մեկ տարուց ավել պատիժ կրող դատապարտյալն արդեն չի էլ ցանկանում աշխատել»,-ասում է Գասպարյանը, ում ղեկավարած ՀԿ-ն զբաղվում է դատապարտյալների վերաինտեգրման խնդիրներով:

Դատապարտյալին «անաշխատունակ» դարձնողը, ըստ Արշակ Գասպարյանի, հենց պետական համակարգն է, որը օրենքով և գործնականում բավարար կերպով չի խթանում, արժևորում ու կանոնակարգում դատապարտյալի աշխատանքի կարևորությունը և այդ աշխատանքը ապահովելու հնարավորությունները:

Խաչատուր Տոնոյան -- «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի ղեկավար

Խաչատուր Տոնոյան — «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի ղեկավար

«Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի ղեկավար Խաչատուր Տոնոյանն ասում է, որ մինչև տարվա վերջ աշխատանքով ապահովված դատապարտյալների թիվը կհասնի 300-ի: Իսկ եկող՝ 2015-ի համար նպատակ է դրված 50 տոկոսի չափով ավելացնել աշխատանքային զբաղվածություն ունեցող դատապարտյալների քանակը:

«Սա շատ կարևոր գործընթաց է, որպեսզի դատապարտյալները պատիժը կրելուց հետո կարողանան ինտեգրվել հասարակության մեջ և իրենց լիիրավ անդամներ զգան: Շատ դժվար է այսօր դատվածություն ունեցող մարդկանց աշխատանք գտնել. հաճախ գործատուները չեն էլ ուզում նախկին դատապարտյալին աշխատանքի ընդունել: Ուստի, մենք առաջիկայում նախաձեռնում ենք, որ մեր հիմնադրամի հետ համագործակցող ընկերությունների արտադրամասերում այդ դատապարտյալները շարունակեն աշխատել անգամ պատիժը կրելուց հետո: Այժմ օրինակ՝ մենք ունենք ավտոտեխսպասարկման կայան, որտեղ դատապարտյալները աշխատում են և պատիժը կրելուց հետո էլ կարող են շարունակել աշխատանքը»,-ասում է Տոնոյանը:

Դատապարտյալները աշխատում են կամավոր և նրանց հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր: Բացի աշխատանքային զբաղվածությունից, դատապարտյալների համար ՔԿՀ-ներում կազմակերպում են կարճաժամկետ ուսումնական դասընթացներ ամենատարբեր արհեստագործական մասնագիտություններով՝ խոհարարություն, ծեփագործություն, փայտամշակում, փականագործություն, հյուսնություն և այլն:

Այսօր շուրջ 150 դատապարտյալ ընդգրկված է այդ ուսումնական դասընթացներում, որոնց ավարտից հետո, նրանք հնարավորություն կունենան կիրառել իրենց մասնագիտական հմտությունները տարբեր աշխատանքներում:

Չնայած հիմնադրամի կողմից ամեն տարի իրականացվող ծրագրերին, պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ դատապարտյալների շատ փոքր տոկոսն այսօր ունի զբաղվածություն, 2013-ի տվյալներով դատապարտյալների ընդամենը 18,6 տոկոսն է ունեցել զբաղվածություն:

Մասնագետները նշում են, որ Հայաստանում շատ քիչ օրինակներ կան, երբ անձը ՔԿՀ-ից դուրս գալուց հետո աշխատանք է գտնում: Իսկ եթե գտնում է, ապա փորձը ցույց է տալիս, որ պարզապես նախկինում էլ է աշխատել նույն մասնագիտությամբ և կալանավայրից դուրս գալուց հետո նախկին գործատուն նորից նրան աշխատանքի է վերցնում:

48-ամյա Ներսես Սարգսյանը (անունը փոխված է) 5 տարի առաջ է դուրս եկել ՔԿՀ-ից: Նա պատմում է, որ մինչ ազատազրկվելը աշխատել է որպես էլեկտրիկ-ինժեներ:
«Քրեակատարողական հիմնարկում նույնպես աշխատել եմ ինժեներ էլեկտրաէներգիայի սպասարկման ոլորտում ու ինչ խնդիր լինում էր, ես էի զբաղվում: Եթե այս աշխատանքն ի սկզբանե չունենայի, շատ դժվար կլիներ բանտից դուրս գալուց հետո աշխատանք գտնել: Հիմա աշխատում եմ նույն տեղում, քանի որ ինձ ճանաչում են, հեշտ ընդունել են գործի»,-ասում է նախկին դատապարտյալ Ներսես Սարգսյանը:

Ինչպես նշում է Երանուհի Թումանյանցը, եթե անձը կատարել է հանցագործություն սոցիալական վատ պայմաններից ելնելով, և դիմել է գողության, ապա նա պատիժը կրելուց հետո՝ կրթական և աշխատանքային փորձ չունենալու դեպքում, վերադառնում է հասարակություն ու նորից է դիմում հանցագործության:

«Այսինքն, եթե դատապարտյալը ՔԿՀ-ում ունենա աշխատանք և զարգացնի իր մասնագիտական հմտությունները, ապա պատիժը կրելուց հետո, նա կկարողանա իր գոյությունը պահել, հացի փող վաստակել, ու կրկին չի կատարի իրավախախտ գործողություն»,-հավելում է Թումանյանցը:

Ի տարբերություն ԽՍՀՄ ժամանակների, երբ երկրի տնտեսական աճին զուգընթաց ՔԿՀ-ներում գործում էին մեծ արտադրամասեր և բոլոր դատապարտյալները պարտադիր աշխատում էին՝ ստեղծելով ավելի լայն սպառման արտադրանք, այսօր պատկերը բավականին տխուր է: ՔԿՀ-ներում գործող մի քանի արտադրամասերը հազիվ սպասարկում են ՔԿՀ-ներին: Նախկինում մեծածավալ արտադրանք տվող տարածքները դարձել են ամայի, կամ օգտագործվում են այլ նպատակներով:

Մասնագետները կարծում են, որ լայնամասշտաբ ռեսուրսների ապահովման հարցը հնարավոր է լուծել անգամ միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման միջոցով:

Դատապարտյալների աշխատանքային զբաղվածության հարցը, ինչպես մատնանշում են ոլորտի մասնագետները, ոչ միայն հետևանք է անբավարար ռեսուրսների, այլև օրենսդրությունում առկա մի շարք խնդիրների. «Իրականում հնարավոր չէ նրանց բոլորին ապահովել աշխատանքով՝ ելնելով կալանավայրում նրանց փակ, կամ կիսափակ պահման ռեժիմից: Այստեղ կան օրենսդրական խնդիրներ՝ կախված հանցագործության ծանրությունից, պատժատեսակից, պահման ռեժիմից, որը թույլ չի տալիս նրանց զբաղվածությունն ապահովել»,-ընդգծում է Խաչատուր Տոնոյանը:

Խնդրի կարևորությունից ելնելով՝ ՀՀ արդարադատության նախարարությունը այժմ օրենսդրական փաթեթ է մշակում ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում որոշ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար, ըստ որի, դատապարտյալների աշխատանքը ուղղակիորեն պետք է կապված լինի նրանց պահման ռեժիմի հետ, և չպետք է լինեն օրենսդրական դրույթներ, որոնք կխոչընդոտեն դատապարտյալի աշխատանքային զբաղվածությունը:

Արշակ Գասպարյանի պնդմամբ՝ օրենսդրությունը այսօր թերանում է նրանում, որ Զբաղվածության պետական ծառայությունը չի կարողանում գտնել գործատու այն դատապարտյալի համար, որը դեռևս պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում:

«Որովհետև Զբաղվածության պետական ծառայությունն աշխատանքներ է իրականացնում ազատազրկման վայրերից դուրս եկած անձանց հետ, իսկ ՔԿՀ-ում պատիժ կրող անձը օրենքով իր թիրախային խումբը չէ: Սա հենց այն օրենսդրական բացն է, որ պատիժը կրելու ընթացքում թույլ չի տալիս, որպեսզի Զբաղվածության պետական ծառայությունը կարողանա այդ մարդու հետ աշխատել ազատվելուց նվազագույնը 3 ամիս առաջ և ՔԿՀ-ից դուրս գալուց հետո դատապարտյալին արդեն աշխատանքով ապահոված լինի»,-նշում է Գասպարյանը:

Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարցը գերկարևոր է, ճիշտ բարձրացված, գրագետ ձևակերպված, վերաբերում է հասարակության սոցիալական առթղջությանը: Շնորհակալություն հարցը բաձրցացնողներին, դրանով զբաղվողներին: Այսպիսի հարցերը պետք է դառնան խորհրդարանի և կառավարության առաջնահերթություններից մեկը: Այ, սրա համար արժի միտինգ անել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930