«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել այն պատգամավորների ունեցվածքը, որոնք չեն ընդգրկվի 2026 թվականի նոր խորհրդարանի կազմում։ Այս անգամ անդրադարձը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանին է։ Հատկանշական է, որ նոր խորհրդարանում Նազարյանը չի լինի, իսկ նրա ամուսինը՝ գործող պատգամավոր Նարեկ Բաբայանը, կշարունակի իր քաղաքական գործունեությունը և ներկայացված կլինի նոր խորհրդարանում։
Մինչև 2017 թվականը նա ակտիվիստ էր, հեղափոխությունից հետո պատգամավոր դարձավ, իսկ 2019-2021 թվականներին՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։
Նազարյանի հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին հինգ տարիների ընթացքում նրա ունեցվածքում ավելացել է անշարժ գույքի քանակը, զգալիորեն աճել են եկամուտները, բայց միաժամանակ պահպանվել են հիպոթեքային պարտավորությունները։
Համեմատելով 2021-2025 թվականների հայտարարագրերը՝ կարելի է արձանագրել, որ Լենա Նազարյանի անշարժ գույքերի թիվը երկուսից դարձել է երեք, երբ 2022 թվականին նա ձեռք է բերել Ծաղկաձորի բնակարանը։ Նրա տարեկան եկամուտները 2021 թվականի 9.4 միլիոն դրամից աճել են մինչև 2024 թվականին արձանագրված 14.5 միլիոն դրամ, իսկ 2025 թվականին կազմել են 10.6 միլիոն դրամ։ Միաժամանակ պահպանվել են զգալի հիպոթեքային պարտավորությունները, թեև դրանց ընդհանուր ծավալը 2022 թվականի 44.6 միլիոն դրամից աստիճանաբար նվազել է մինչև 2025 թվականի 38.6 միլիոն դրամ։ Այդպիսով, խորհրդարանից հեռանալիս Լենա Նազարյանը հայտարարագրում ներկայացնում է երեք անշարժ գույք, ավելի քան 3.4 միլիոն դրամի պահանջ՝ «Անտարես» ԿՀԿ-ի նկատմամբ, շուրջ 2.3 միլիոն դրամ բանկային միջոցներ և 38.6 միլիոն դրամ ընդհանուր հիպոթեքային պարտավորություններ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում


















































