Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողների փոխհատուցումը ինչ միջոցներով է եղել

Օգոստոս 29,2015 14:30

Ոստիկանության պատասխանից դժգոհ են մնացել եւ դիմել են
կրկնակի հարցմամբ

Բոլորս հիշում ենք 2015թ. հունիսի 23-ին տեղի ունեցած իրադարձությունները Բաղրամյան պողոտայում: ՀՀ ոստիկանության գործողությունների ժամանակ տուժեցին ոչ միայն քաղաքացիները, այլ նաեւ լրատվամիջոցները: Այս հարցի կապակցությամբ տարատեսակ մեկնաբանություններ հնչեցին, մասնավորապես, խնդիրն առնչվում էր լրատվամիջոցներին հասցված վնասի հատուցմանը: Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, օրինակա՞ն է, ոչ օրինակա՞ն:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» իրավաբան Գեւորգ Հայրապետյանը երեկ «Առավոտի» հարցմանը պատասխանեց, որ օգոստոսի 6-ին կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել հետեւյալ տեղեկությունները.
Ի՞նչ միջոցներով են գնվել լրագրողական տեխնիկայի սարքավորումները՝ բյուջետային, արտաբյուջետային կամ՝ այլ, որոնք որպես փոխհատուցում տրվել են «Ազատություն» ռադիոկայանի` 2015թ. հունիսի 23-ի ժամանակ Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին:

5-1

Հարցերից մեկն էլ այն էր, թե հարուցված ո՞ր քրեական գործի կամ վարչական, կամ կարգապահական վարույթի շրջանակներում է որոշում կայացվել գնել այդ լրագրողական տեխնիկան եւ տալ լրագրողներին, խնդրում ենք տրամադրել այդ որոշման (որոշումների) պատճենը, եւ՝ որքա՞ն գումար է ծախսվել փոխհատուցման նպատակով լրագրողական տեխնիկայի սարքավորումներ գնելու համար:

Իրավաբան Գեւորգ Հայրապետյանն ասում է, որ ՀՀ ոստիկանությունը պատասխանել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» հարցմանը, սակայն չի տրամադրել 1-ին հարցով պահանջված տեղեկությունը, այլ նշել է՝ «ոստիկանության միջոցներով»:
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանն «Առավոտին» ասաց, որ «Ոստիկանությունը թերի պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 5 օր անց: Պատասխանը համարվել է թերի, քանի որ ոստիկանությունը չի տրամադրել ԻԱԿ-ի հարցման 3-րդ հարցով խնդրված տեղեկությունը: Թեեւ պատասխանը թվագրված է օգոստոսի 7, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է օգոստոսի 10-ին»: Շուշան Դոյդոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ թվացյալ պատշաճ պատասխանը ձեւական է, եւ դա պատճառ է դարձել, որ իրենք կրկնակի հարցում են ուղարկել ՀՀ ոստիկանությանը:

5-3

ԻԱԿ-ը ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներով` խնդրում է հայտնել՝ բյուջետայի՞ն, արտաբյուջետայի՞ն, թե՞ այլ միջոցներով են գնվել լրագրողական տեխնիկայի սարքավորումները, որոնք որպես փոխհատուցում տրվել են «Ազատություն» ռադիոկայանի` 2015թ. հունիսի 23-ի ժամանակ Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին:

Ի դեպ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում: Ուստի, կենտրոնը մեկ անգամ եւս հորդորել է ոստիկանությանը՝ մնալ ժամկետների մեջ:

Կրկնակի հարցումը, մեր տեղեկություններով, նրանք ստացել են օգոստոսի 25-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31