Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների դուստրերի ցուցմունքը սպանության մասին. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 29,2016 13:53

Այսօր ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում շարունակվում է Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը: Դատարանը լսեց Ավետիսյանների դուստրերին եւ փեսային:

Դուստրերից Լուսինե Ավետիսյանը, որն ամուսնացած է եւ բնակվում է Երեւանում, դատարանում իրեն շատ վատ զգաց: Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները:

Նա գրել էր, որ հայրը՝ Սերյոժա Ավետիսյանը զբաղվում էր արտագնա աշխատանքով, մայրը՝ Հասմիկ Ավետիսյանը, որոշ ժամանակ աշխատել է Գյումրիի «Լաչինի միջանցք» տարածքում՝ միրգ է վաճառել, եղբայրը որոշ ժամանակ զբաղվել է արտագնա աշխատանքով, վերադարձել էր դեպքից մեկ ամիս առաջ: Քույրը ծաղկի սրահում աշխատել է որպես դիզայներ, իսկ հարսը չէր աշխատում:

Լուսինե Ավետիսյանը իր ցուցմունքում նշել էր, որ մոր հետ վերջին անգամ խոսել է 2015թ. հունվարի 11-ին՝ դեպքից 1 օր առաջ: Դեպքի օրը, ժամը 10.30-ի սահմաններում զանգահարել է մորը: Նա անհասանելի է եղել, հետո զանգահարել էր եղբորը. վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին: Նմանապես հեռախոսազանգերին չի պատասխանել հայրը: Զանգահարել է մորաքրոջը, տեղեկացրել, որ մորաքրոջ տղան գնացել է իրենց տուն, հետաքրքրվել է՝ ինչ է եղել իր ընտանիքին, որ հեռախոսազանգերին չեն պատասխանում: Պատասխանել են՝ նորմալ է, ոչ մի բան չկա: Այնուհետեւ ամուսնու հետ եկել է Շիրակի մարզի Ողջի գյուղ, որտեղ բնակվում է քույրը, ու այնտեղ իմացել է, որ տան բոլոր անդամներին սպանել են, իսկ փոքրիկ Սերյոժային տեղափոխել են հիվանդանոց:

Վկան ասաց, որ իր ընտանիքը շնորհքով, համեստ ապրող ընտանիք է եղել: Չի հիշում որեւէ դեպք, որ որեւէ մեկը փորձեր ապօրինի մուտք գործել իրենց տուն: Ասաց, որ Պերմյակովին չի ճանաչում, ռուսական զորամասի հետ իրենց ընտանիքը որեւէ կապ չի ունեցել: Միայն մտածում է, որ Պերմյակովը մենակ չի կատարել սպանությունները:

IMG_2091 IMG_2097 IMG_2102

Լուսինեի ամուսինը՝ Իգոր Ադամյանը եւս ի վիճակի չէր ցուցմունք տալու, դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը: Վերջինս իր ցուցմունքում նշում է, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին լսել է կնոջ քրոջ ամուսնուց, որը զանգահարել է իրեն ու տեղեկացրել, որ բոլորին սպանել են, ինքն էլ կնոջ հետ եկել է Ողջի, իհարկե կնոջը ճանապարհին չի տեղեկացրել, որ ընտանիքը սպանված է:

Իգոր Ադամյանն ասաց, որ Ավետիսյանները համեստ ընտանիք էին, որեւէ մեկի հետ թշնամական հարաբերություններ չեն ունեցել: Իր ցուցմունքում նշեց, որ Պերմյակովին չի ճանաչում, սակայն չի կարծում, որ նա մենակ է կատարել սպանությունները:

Դատարանը լսեց Ավետիսյանների մյուս դստերը՝ Անահիտ Կոշտոյանին, որն ամուսնացած է Ողջի գյուղում: Վերջինս եւս վատ էր զգում: Դատարանը որոշեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը: Նա ցուցմունքում նշել էր, որ դեպքի օրը զանգահարել է մորը, սակայն անհասանելի է եղել: Քույրը փեսայի հետ եկել են Ողջի, ու քրոջից է իմացել, որ տան անդամներին սպանել են: Անահիտ Կոշտոյանը եւս նշում էր, որ Պերմյակովի հետ ոչ մի շփում չեն ունեցել, զորամասի հետ որեւէ առնչություն չեն ունեցել, չի հիշում որեւէ դեպք, երբ որեւէ մեկը ապօրինի փորձեր մուտք գործել իրենց կամ հարեւանների տուն:

Այս պահին դատարանը լսում է Ավետիսյանների բակում բնակվող Կարինե Ավետիսյանին: Նրա տունը պատկից է սպանված Ավետիսյանների տանը: Վերջինս պնդում է, որ ինքը չի լսել կրակոցների ձայները, իրեն թվացել է, որ առավոտյան 6.20-ին երկրաշարժ է տեղի ունենում եւ արթնացել է այդ ձայնից: Վերջինիս ցուցմունքը կարծես ավելի շատ արդարացում է հիշեցնում:

Նրա ցուցմունքը համոզիչ չէ փաստաբանների համար: Փաստաբան Լուսինե Սահակյանը նրան ասաց՝ ձեր ցուցմունքը էական նշանակություն ունի գործի բացահայտման համար, ճիշտ ցուցմունք տվեք:

Մանրամասները՝ քիչ անց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031