Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքները բավարար են։ Վերահսկողությունն է պակասում. Քրիստինա Վարդանյան

Հուլիս 22,2026 17:40 Share

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Օրենքները բավարար են։ Վերահսկողությունն է պակասում։

Երկրորդ տարին է, ինչ Երևանի քաղաքապետարանը պարտադիր դարձրեց շինհրապարակներում փոշու մակարդակը ֆիքսող սարքերի տեղադրումը։

Առաջին հայացքից սա դրական նախաձեռնություն է։

Սակայն հարց է առաջանում.

Ի՞նչ իմաստ ունի բոլորին պարտավորեցնել տեղադրել փոշու մակարդակը չափող սարքեր, եթե պատշաճ կերպով չի վերահսկվում արդեն իսկ գործող օրենքների և նորմատիվ պահանջների կատարումը։

Սա նույնն է, ինչ բոլորին պարտավորեցնել գնել տոնոմետր, բայց չվերահսկել արյան ճնշման տատանումների պատճառները։ Չափեցինք, հետո՞ լուծվեց հարցը։

Սարքը միայն չափում է խնդիրը։

Այն չի կանխում շինհրապարակում առաջացող բազմաթիվ խնդիրները։

Այսօր Հայաստանում գործում են օրենքներ, շինարարական նորմեր և Երևանի ավագանու որոշումներ, որոնք սահմանում են, թե ինչպես պետք է կազմակերպվեն շինհրապարակները, ինչպես պետք է կանխվի փոշու տարածումը, ինչպես պետք է պաշտպանվեն հարակից տարածքներն ու ծառերը։

Բայց եթե ամեն օր շարունակում ենք տեսնել բաց շինհրապարակներ, փոշու ամպեր, չծածկված հողակույտեր, վնասված ծառեր և փողոցներ դուրս բերվող ցեխ, ապա խնդիրը նոր սարքերի կամ նոր պահանջների բացակայությունը չէ։

Խնդիրը գործող օրենքների և նորմատիվ պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ վերահսկողության բացակայությունն է։

Փոշու մակարդակը չափող սարքը կարող է ցույց տալ, որ օդը աղտոտված է։ Բայց եթե ամբողջ շինհրապարակը՝ կահավորումից մինչև առօրյա աշխատանքի հակասում է ստանդարտներին, օրենքներին և որոշումներին, ապա այդ ցուցանիշը պարզապես թիվ է։ Առավել ևս ամենն ավելի քան տեսանելի է։

Հանրային առողջությունը պաշտպանվում է ոչ թե չափումներով, այլ օրենքների իրական կատարմամբ, որտեղ ամենը ներառված է։ Չափումը սկիզբն է, մնացածը գիտահեն գործողություն։

Երևանին այսօր նոր սարքերից առավել անհրաժեշտ է գործող օրենսդրության հետևողական և անաչառ վերահսկողությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել