Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2026 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցի մասին
2026 թվականի երկրորդ եռամսյակը լրագրողների և լրատվամիջոցների համար լարված ժամանակաշրջան էր՝ կապված հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ։ Հատկապես նախընտրական շրջանում Հայաստանը բախվեց արտաքին (հիմնականում ռուսական) և ներքին տեղեկատվական մարտահրավերների։ Դրանցից առավել վտանգավորը հիբրիդային ներազդեցության արշավներն էին՝ ապատեղեկությունների, ֆեյք լուրերի, մանիպուլյատիվ թեզերի տարածմամբ, որոնք իրականացվում էին նաև հայաստանյան լրատվական դաշտի մի ստվար մասի միջոցով։ Այդ ամենի համար բարենպաստ միջավայր էր մեդիայի ծայրահեղ բևեռվածությունը և ֆինանսական կախվածությունը տարբեր քաղաքական ուժերից։ Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ խախտվում է հանրության՝ ճշգրիտ տեղեկություններ ստանալու իրավունքը։
ԽԱՊԿ-ի գնահատմամբ՝ ապատեղեկատվության ահռելի հոսքերի վտանգավոր ազդեցությունը որոշակիորեն չեզոքացվել է հետզհետե ավելացող փաստերի ստուգման հարթակների բացահայտումների, մի շարք որակյալ լրատվամիջոցների գործունեության շնորհիվ։
Հայաստանյան մեդիայի բևեռվածության փաստն արձանագրեցին նաև խորհրդարանական ընտրություններին հետևող միջազգային դիտորդները, մասնավորապես՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի խումբը, որն իր զեկույցում նաև նշել է, որ լրատվամիջոցները հիմնականում տարածել են պառակտիչ հռետորաբանություն։
Ընդհանուր առմամբ 2026թ. երկրորդ եռամսյակի ընթացքում արձանագրվել է լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք` 1-ը ֆիզիկական բռնություն է, 30-ը տարատեսակ այլ ճնշումներ, 11-ը տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ։
Կարդացեք նաև
Վերոնշյալ 42 դեպքերի գրեթե 1/4-ը տեղի է ունեցել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդող քարոզարշավի և բուն քվեարկության օրվա ընթացքում։ Մասնավորապես՝ մայիսի 8-ից հունիսի 7-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների ու ԶԼՄ-ների այլ աշխատակիցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 10 դեպք, որոնցից 1-ը՝ ֆիզիկական բռնություն է, 6-ը՝ վիրավորանք և/կամ սպառնալիք, 3-ը՝ կիբերհարձակում։ Նույն նախընտրական ժամանակահատվածում ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների ներկայացվել է ընդհանուր երկրորդ եռամսյակում վարույթ ընդունված 11 նոր դատական հայցերից 5-ը, ընդ որում՝ վերջիններս առնչվում են քարոզարշավի թեմաներին։
Ուշագրավ է, որ այդ 5 հայցերից 1-ը իշխանության ներկայացուցչի կողմից է, 1-ը բիզնես շրջանակից, 3-ը՝ ընդդիմադիր քաղաքական գործիչների։
Եռամսյակի ընթացքում ներկայացված 11 նոր դատական հայցից 3-ը ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից են, 3-ը՝ քաղաքացիների, 1-ը՝ բիզնես ոլորտի ներկայացուցչի, 1-ը՝ լրատվամիջոցի, 3-ը՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։
Նախորդ տարիներին և այս տարվա 6 ամիսներին ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների ներկայացված ու դեռևս քննվող դատական հայցերով որպես պատասխանող առավել շատ հանդես է գալիս «Ժողովուրդ» օրաթերթը (և Armlur.am կայքը)՝ 19 դատական գործ, ապա՝ Oragir.news կայքը և գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը՝ 11, ինչպես նաև՝ Hayeli.am կայքն ու դրա ղեկավար Անժելա Թովմասյանը՝ 8 գործ։
Երկրորդ եռամսյակում շարունակել են քննվել նաև լրատվամիջոցների ու լրագրողների կողմից ընդդեմ պաշտոնյաների ու պետական մարմինների՝ նախորդ ժամանակահատվածներում ներկայացված 10 դատական հայցերը։ Մասնավորապես՝ դրանցում պատասխանող են հանդես գալիս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Գեղամ Նազարյանը, ԱԺ աշխատակազմը (2 գործ), Հանրային հեռարձակողի խորհուրդը (2 գործ)։
Տարեսկզբից տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների թիվը նվազել էր՝ դիտարկվող նախորդ շրջանների համեմատ։ Երկրորդ եռամսյակում, թեև այդ ցուցանիշը 4-ով ավելի է նախորդից, սակայն 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 28-ով։ Այսպիսով՝ 2026թ․ ապրիլ-հունիս ամիսներին ԽԱՊԿ-ն արձանագրել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի 11 խախտում, որոնցից անպատասխան մնացած հարցումների թիվը 4 է, ուշացած և թերի պատասխաններինը՝ 3-ական, ևս 1 հարցման պատասխանի տրամադրումն անհիմն մերժվել է։
Եռամսյակի ուշագրավ իրադարձություններից է ՀՀ կառավարության նախաձեռնությունը՝ քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց սոցիալական կրեդիտների մի մասն ուղղել լրատվամիջոցներին (նաև՝ հասարակական կազմակերպություններին և կուսակցություններին)։ Այս գաղափարը քննարկման փուլում է։
ԶԵԿՈՒՅՑՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ՝ ԱՅՍՏԵՂ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե


















































