Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը կարևորել է սահմանային անցակետերում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ապահովումը

Հուլիս 22,2026 17:26 Share

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ագարակ անցման կետ։

Պաշտպանը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել անցակետի գործունեությանը, ինչպես նաև սահմանահատման գործընթացների կազմակերպմանն ու այդ գործընթացներում անձանց իրավունքների ապահովմանն ուղղված աշխատանքներին։ Տեղում քննարկվել են սահմանահատման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հիմնախնդիրները։

Անահիտ Մանասյանը կարևորել է սահմանային անցակետերում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ապահովումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա լիարժեք իրացնելու իր հիմնարար իրավունքները՝ անկախ քաղաքացիությունից, իրավական կարգավիճակից կամ այլ հանգամանքներից։

Այցի ընթացքում քննարկվել են քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, սահմանահատման գործընթացների շարունակական կատարելագործմանը, ինչպես նաև իրավասու պետական մարմինների միջև համագործակցության արդյունավետ կազմակերպմանը վերաբերելի մի շարք հարցեր։

Պաշտպանն ընդգծել է, որ Սահմանապահ զորքերի ծառայողները կարևոր դերակատարում ունեն մարդու իրավունքների իրացումն ապահովելու տեսանկյունից։ Այդ համատեքստում առանձնակի կարևորվել է նրանց մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը, հատկապես՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող և ապաստան հայցող անձանց իրավունքների արդյունավետ նույնականացման, պատշաճ վերաբերմունքի և նրանց իրավունքների լիարժեք ապահովման տեսանկյունից։ Անահիտ Մանասյանն ընդգծել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ ջանքերի համատեղմամբ մի շարք խնդիրներ ստանում են արագ լուծումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր սահմանադրական մանդատի շրջանակում հետևողական ուշադրության կենտրոնում պահել սահմանային անցակետերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ նպաստելով միջազգային չափանիշներին համապատասխան իրավունքահեն գործելակերպի ամրապնդմանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031