Եհովայի վկաներ. քարոզչության նոր մեթոդներ, թե՞ հոգեորսություն

Եհովայի վկաներ. քարոզչության նոր մեթոդներ, թե՞ հոգեորսություն

Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության անդամներին Հայաստանում ամենաշատն են մեղադրում տնետուն այցելելու, իրենց գրքույկներն ու թերթոններն առաջարկելու և քարոզելու համար` այս գործելաոճը որակելով հոգեորսություն:

Վերջին տարիներին հայաստանաբնակ Եհովայի վկաները սկսել են իրենց գրականությունը նաեւ փողոցային շարժական ստենդների միջոցով տարածել ու ներկայացնել, ինչը վիրավորանքների ու սպառնալիքների նոր առիթ է դարձել:

«Պետք չէ անտարբեր անցնել այս ստենդների մոտով, նրանք առանց ճշմարտությունը գիտակցելու նորանոր մարդիկ են հավաքագրում: Պետք է ամեն ջանք գործադրել կանխարգելելու այդ քարոզչությունը»,- իր հետեւորդներին հորդորել է «Եհովայի վկաներ-anti» ֆեյսբուքյան էջի համակարգողը, իսկ մեկ ամիս առաջ էլ անգամ հատուկ ուղեցույց է հրապարակել՝ «Ինչպես վարվել Եհովայի վկաների փողոցային քարոզչության հանդիպելիս»:

«Երևան քաղաքի Արտաշիսյան-Շիրակ փողոցի խաչմերուկում կանգնած այս Եհովայի վկաները կարծում են, որ Աստծո արքայություն կարելի է հասնել լայն ժպիտներով և գրականություն բաժանելով: Ջանասիրություն ցուցաբերելով` նրանցից յուրաքանչյուրը երևի հույսի ունի հասնել Աստծո թագավորության մեջ ընդգկվելիք բարձրագույն դասին` 144 000 ընտրվածներին, առանց գիտակցելու, որ հաշվի առնելով Եհովայի վկաների քանակը նրանց ստեղծման օրվանից, այդ տեղերը արդեն վաղուց զբաղված են: Կույր և միամիտ մարդիկ են նրանք` քարոզչական մեքենայի զոհեր»,- անցած տարվա նոյեմբերի 30-ին այսպիսի գրառում է կատարվել նույն էջում:

Իրենց գրականությունը ստենդների միջոցով բաժանելիս վիրավորանքի կամ բռնության ենթարկվելիս Եհովայի վկաները դիմում են ոստիկանություն՝ հղում անելով օրենսդրությանը` պնդելով, որ որպես գրանցված կրոնական կազմակերպություն իրավունք ունեն իրենց հավատալիքները քարոզել:

«Իհարկե, մեզ հաճելի չէ, երբ վիրավորում են, նվաստացուցիչ խոսքեր են ասում կամ նույնիսկ սպառնում են: Իհարկե, սա հաճելի չէ ու մենք չենք ուզում, որ այդպես լինի, բայց մյուս կողմից հասկանում ենք՝ ինչու է այդպես»,- ասում է Կարեն Մուշումյանը, որ մի քանի անգամ Երեւանի տարբեր փողոցներում հանդիպել է ագրեսիվ վերաբերմունքի իր կազմակերպության գրքերի մասին զրույցների ժամանակ:

Նման մի զրույցի ժամանակ, որ տեղի էր ունենում Կոմիտաս փողոցում, ըստ Մուշումյանի, իրեն վիրավորել է Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներից մեկը.

«Մի քահանա մոտեցավ ու սկսեց գոռգոռալ, ասել՝ պետք է այս ստենդը հավաքել: Քահանան պնդում էր, որ մեր արած գործը սխալ է, հակաօրինական է, հոգեորսության հետ կապ ունի, սակայն իր պնդումների համար որեւէ հիմնավորում չէր բերում»:

Եհովայի վկաներ կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ Հայ առաքելական եկեղեցու սպասավորը նաեւ ոստիկանություն է զանգել ու իրավապահ մարմինների ներկայությամբ շարունակել է վիրավորել իրենց. «Տարբեր նվաստացուցիչ բաներ էր ասում, օրինակ, աղանդ եք, իրավունք չունեք քրիստոնյա կոչվելու: Նա մեզ որպես կազմակերպություն ու որպես անհատ էր վիրավորում»:

«Մենք ստիպված առաջարկեցինք գնալ ոստիկանություն: Այնտեղ թաղայինը զարմացել էր՝ ինչի են մեզ բերել, քանի որ մենք հակաօրինական բան չենք անում, ու նա քահանային բացատրեց»,- պատմում է Մուշումյանը:

Tigran-Harutyunyan

Ըստ Եհովայի վկաներ կրոնական կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Հարությունյանի՝ այսօր Հայաստանում 11 000 Եհովայի վկաներ կան, իսկ իրենց կազմակերպած ամենամեծ միջոցառմանը՝ Հիսուս Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին՝ 24 000 մարդ է մասնակցում: Կազմակերպության անդամներին ուղղված հիմնական քննադատությունը Հայոց բանակում ծառայելու պարտականությունից հրաժարումն է (չնայած Հայաստանը այլընտրանքային ծառայության հնարավորություն է ստեղծել նրանց համար) և ակտիվ քարոզչությունը:

Այժմ ուշադրության կենտրոնում է հայտնվել նաև Եհովայի վկաների՝ ստենդների միջոցով քարոզչություն իրականացնելու գործողությունը: Տիգրան Հարությունյանը դժվարանում է ասել՝ թե քանի ստենդ է տեղադրված Հայաստանում:

«Սա կամավոր ծառայություն է, ամեն համայնք ինքն է որոշում՝ մասնակցի, թե՝ ոչ: Նրանց թիվը կարող է ավելանալ ու պակասել»,- նշում է նա:

Ու թեպետ ոչ Եհովայի վկաներ կազմակերպությունը, ոչ էլ կառավարության առընթեր Ազգային ու կրոնական փոքրամասնությունների հարցերի բաժինը ստենդների վերաբերյալ որեւէ գրավոր բողոք չեն ստացել, ստենդներով քարոզչություն իրականացնելու դեմ պայքարը դրան դեմ մարդիկ փորձում են համակարգված դարձնել:

«Եհովայի վկաներ-anti» ֆեյսբուքյան համայնքի ուղեցույցն, օրինակ, խորհուրդ է տալիս, «հնարավորինս շատ գրականություն վերցնել նրանցից` այդպիսով փրկելով առնվազն մեկ հոգու Եհովայի վկաների ձեռքերից» կամ «մոտենալ այդ շրջակայքում գտնվող բնակիչներին, խանութների սեփականատերերին և/կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին ու բացատրել, որ այդտեղ կանգնած «բարեկիրթ» տեսքով անձնավորությունները շատ վտանգավոր քայքայիչ աղանդի ներկայացուցիչներ են»:

Եհովայի վկաների դեմ հանդես եկող ֆեյսբուքյան համայնքի ներկայացուցիչները նշում են, որ նրանք իրենց կրոնական գրականությամբ ստենդը տեղադրելու օրինական թույլտվության փոխարեն մարդկանց ցույց են տալիս Սահմանադրության 41-րդ հոդվածը, որը յուրաքանչյուր անձի մտքի, խղճի և կրոնի իրավունքի ազատության մասին է։

«Սակայն այդ հոդվածը ոչ մի կերպ թույլտվություն չի ենթադրում այլոց պարտադրելու սեփական համոզմունքները, զբաղվելու այլ կրոնական դավանանք ունեցող անձանց շրջանում քարոզչությամբ և հոգեորսությամբ։ Ընդհակառակը, Եհովայի վկաների գործողությունները սահմանափակում են այլ դավանանք ունեցողների իրավունքները, երբ քաղաքացին չի կարող քաղաքային այգիներում (նրանք հոգևորսությամբ են զբաղվում նույնիսկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում) հանգիստ քայլել, քանի որ ամեն քայլափոխի ստիպված է բախվել Եհովայի վկաների հետ»,- գրված է «Եհովայի վկաներ-anti» ֆեյսբուքյան համայնքի էջում հրապարակված «Ինչպես վարվել Եհովայի վկաների փողոցային քարոզչության հանդիպելիս» ուղեցույցում:

Vardan Astsatryan

Ազգային ու կրոնական փոքրամասնությունների հարցերի բաժնի ղեկավար Վարդան Ասցատրյանն ասում է՝ կրոնական կազմակերպություններին վերաբերող օրենսդրության ոլորտը հստակ կարգավորված չէ, ինչն էլ նման միջադեպերի առիթ է լինում:

«Ցանկացած իրավունք սահմանափակ պետք է լինի, ի վերջո: Կարեւորը հանրային իրավունքն է, ինչի համար էլ, երբ մեկի իրավունքը սկսում է ոտնահարել մյուսինը, ժամանակն է, որ խնդիրը քննարկվի: Եթե լինեն կարծիքներ, որ Եհովայի վկաների քարոզելու իրավունքը պետք է սահմանափակվի, պիտի հիմնավորի՝ ինչու և ինչպես, քանի որ մեկի դավանանքը մյուսին չպետք է վնասի»,- նշում է կառավարության ներկայացուցիչը:

«Իրենց գրականությունը ամեն տեղ պիտի չդրվի, որովհետեւ կան անչափահասներ, խոցելի խմբեր, որոնք ընտրություն կատարելու համար բավարար հասուն չեն եւ նրանց մոլորեցնելը հեշտ է»,- հավելում է Ասցատրյանը:

Ըստ հայկական ու միջազգային օրենսդրության՝ երեխաների դաստիարակության համար պատասխանատու են ծնողները կամ խնամակալները, որոնք կարող են երեխաներին ներգրավել իրենց անդամագրված կրոնական կազմակերպությունների արարողություններին և տալ համապատասխան կրոնական կրթության:

Այդուհանդերձ, ըստ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ ղեկավար, կրոնի հարցերով փորձագետ Ստեփան Դանիելյանի, ստենդների միջոցով գրականություն տարածելը օրենսդրության խախտում չէ:

«Դա սեփական հայացքների ցուցադրություն է, ինչի մասին կա համապատասխան հոդված սահմանադրության մեջ: Այլապես ոստիկանությունը կմիջամտեր նման դեպքերին: Կարծում եմ, որ օրենսդրության խախտում չկա»,- նշում է Դանիելյանը:

Եհովայի վկա Հովհաննես Բայաթյանը զավեշտալի է համարում, որ օրենքի սահմաններում գործելով հանդերձ, իրենք քննադատության են արժանանում որոշ մարդկանց կողմից. «Քեզ վերաբերվում են որպես հանցագործի, իսկ անցորդները չգիտեն՝ ինչ է տեղի ունենում, այն դեպքում, երբ մենք որեւէ անօրինական բան չենք անում»:

Նա պատմում է Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած մի դեպքի մասին.

«Մի անհատ մեծ հետաքրքրությամբ լսում էր ու գրականություն էր ուզում վերցնել, մոտեցավ Խաչիկ Ստամբոլցյանը, չհասցրի անգամ ինչ-որ բան ասել, նա ստենդը շուռ տվեց, գցեց գետնին, սկսեց ոտքերով հարվածել, գրականությունը շաղ տալ փողոցում: Մենք փորձեցինք հանգստացնել, բայց ապարդյուն, բարկացած, վիրավորական խոսքեր ասելով՝ հեռացավ»:

«Մենք տարբեր մեթոդներ ենք կիրառում մեր գրականությունը ներկայացնելու համար: Սա մեթոդներից մեկն է, որ մենք փողոցում ցույց ենք տալիս գրականությունը, ու ովքեր որ ցանկանում են, իրենք են մոտենում»,-հավելում է Բայաթյանը՝ շեշտելով, որ այսպիսով անցորդներին իրենց հետ առնչվելու ընտրության ազատություն է տրվում ու ում հետաքրքիր չէ, չի մոտենում:

Սառա ԽՈՋՈՅԱՆ

 

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N18643: Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից: Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N18643 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար: Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email: [email protected], Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200, Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք