Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ղարաբաղը հանձնելու ծրագի՞ր է բերում Երեւան Լավրովը

Ապրիլ 21,2016 12:00

Ի՞նչ է առաջարկում Պուտինը Սերժ Սարգսյանին` ռուս-ադրբեջանական պլանների ձախողման ֆոնին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանում է Հայաստան: ՀՀ իշխանությունների հետ բանակցություններից հետո նախատեսված է նրա եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի համատեղ մամլո ասուլիսը: Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ հավանաբար նպատակ ունենալով փոքր-ինչ մեղմել Երեւանից Բաքու մեկնած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կողմից շեհիդների պուրակում եւ Հեյդար Ալիեւի գերեզմանին ծաղկեպսակ դնելու արարողության շուրջ Հայաստանում արդարացիորեն բարձրացած դժգոհությունը:

Բայց այս ամենն ընդամենը քարոզչական-արարողակարգային դետալներ են: Իրականում առավել կարեւոր է հարցը, թե ինչո՞վ է գալիս Երեւան Լավրովը: Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմից ժամեր անց արդեն իսկ ակնհայտ էր, որ Մոսկվան իր ձեռքն է վերցրել կողմերի հետ բանակցելու ղեկը:

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ԼՂ հակամարտության կարգավորման Մոսկվայի նախաձեռնությամբ «ինտենսիվ բանակցությունները» կարող են սկսվել շատ շուտով՝ այս լուրն օրերս հայտնեց Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը: Ռուսաստանյան «Իզվեստիա» պարբերականն էլ հոդված է հրապարակել` ազդարարելով, թե Պուտինը Բաքվին եւ Երեւանին անձամբ է համոզելու գնալ ցավոտ փոխզիջման: ՌԴ-ն, անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն նպաստելու է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում կողմերի միջեւ փոխզիջման հասնելուն, որոնք պետք է որ սկսվեն մոտակա ժամանակներում՝ հայտնել են «Իզվեստիայի» դիվանագիտական աղբյուրները՝ միաժամանակ նշելով, որ հակամարտության կարգավորման ռուսական պլանը ենթադրում է Ադրբեջանին տարածքների մի մասի վերադարձ, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում, փախստականների վերադարձ, ԼՂ-ի անկախության լեգիտիմացում, որից հետո, երբ կրքերը հանդարտվեն, կանցկացվի հանրաքվե: Մինչդեռ, ինչպես նշում է ռուսաստանյան պարբերականը, կողմերից ոչ մեկը համաձայն չէ այս պլանին, եթե հանրաքվեի ելքն իր օգտին չլինի:

Սրանք եւս հայտնի քարոզչական միջոցներ են` կողմերին որոշակիորեն ճնշելու նպատակով, որոնք տարիներ շարունակ բանեցնում են միջնորդները: Սակայն պարզ է, որ եթե այս ամենն իրականացվում է, ուրեմն ռուսներն իսկապես ունեն կարգավորման պլան: Բանակցություններն, իհարկե, նախընտրելի են ռազմական գործողություններից, իսկ հայկական կողմը մշտապես կողմնակից է եղել բանակցություններով խաղաղության հաստատմանը: Խնդիրն այն է, որ պաշտոնական Բաքուն է բանակցությունների սեղանը շրջել ու անցել հարձակման՝ ամենայն հավանականությամբ, իր գործողությունները Մոսկվայի հետ համաձայնեցրած: Հայկական կողմը ադրբեջանական ագրեսիան տապալեց, ռուս-ադրբեջանական պլանը ձախողվեց, ու հիմա Լավրովը գալիս է նոր պլանով:

Ի՞նչ ուղերձով է գալիս Լավրովը Երեւան: Նա, հավանաբար, բերում է Ալիեւի նախապայմանները` բանակցությունները սկսելու դիմաց: Բացի բանակցությունների սեղանին առկա առաջարկներից, որոնք բազմիցս փոփոխվել ու լրացվել են, Մոսկվայի նպատակը թերեւս մեկն է` ռուսական խաղաղապահների տեղակայումը, որին գոնե նախկինում Բաքուն դեմ էր: Հնարավո՞ր է, որ Ալիեւը հիմա համաձայն է դրան` առայժմ պարզ չէ: Հիշեցնենք, որ գրեթե 2 շաբաթ առաջ Deutsche Welle-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը լրագրողի հարցին, թե ինչու հայկական կողմը չի ցանկանում, որ հակամարտող կողմերին բաժանեն խաղաղապահները, օրինակ՝ ռուսները, նշել էր, որ երբեք դեմ չի եղել դրան. «Ընդհակառակը՝ մենք պատրաստակամություն ենք հայտնել ստորագրել համապատասխան փաստաթուղթ, որը կնախատեսի այդ հակամարտության համապարփակ կարգավորում, այդ թվում՝ նաեւ երկու կողմերի միջեւ խաղաղապահների ներկայությունը։ Սակայն ադրբեջանցիները դա չեն ցանկացել»:

Սերժ Սարգսյանն օրերս աշխատանքային այցով մեկնել էր Արցախ: Նա Ստեփանակերտում խորհրդակցություններ է անցկացրել բանակի բարձրագույն սպայական կազմի եւ ԼՂՀ նախագահի հետ: Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը այցելել են Պաշտպանության բանակի զորամասեր, որտեղ Ս. Սարգսյանն ուշագրավ միտք է արտահայտել. «Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ եւ անազատ: Մենք դա չենք կարող անել»:

Այնպես է ստացվել, որ եթե ղարաբաղյան բանակցությունները վերսկսվեն` չնայած ռուս-ադրբեջանական պլանների ձախողմանը, մթնոլորտը հայկական կողմի համար ամենեւին էլ բարենպաստ չէ: Հակառակորդը չի հասել իր նպատակներին, սակայն հայկական կողմին, կարելի է ասել, դավաճանում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը: Ռուսական քարոզչությունն առավելապես չեզոքություն խաղալով էր զբաղված քառօրյա պատերազմի օրերին, Մոսկվան ԵԱՏՄ վարչապետների երեւանյան հավաքը տեղափոխեց Մոսկվա, որպեսզի գոհացնի Ալիեւին, Մեդվեդեւը Երեւանում գերադասեց չպատասխանել պաշտոնական Երեւանի քննադատությանը, այնուհետեւ ՌԴ Պետդումայի ներկայացուցիչները Երեւանում առանձնացան բավական ստոր պահվածքով` հրաժարվեցին մեկնել ԼՂ, որպեսզի չտեսնեն Ալիեւի ագրեսիայի հետեւանքները, ապա հրաժարվեցին համատեղ հայտարարություն ընդունել, որում կարող էր Ադրբեջանը մատնանշվել որպես պատերազմ սկսող ու ագրեսիայի պատասխանատու:

Նման պահվածք ցուցաբերած Մոսկվան ի՞նչ դրական բան կարող է հիմա առաջարկել հայկական կողմին ԼՂ կարգավորման գործընթացում. Ղարաբաղը հանձնելու ծրագի՞ր է բերելու Երեւան Լավրովը:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Լավրովը Բաքու էր ժամանել, որտեղ նշեց, որ ՌԴ-ն առաջարկներ ունի, եւ կողմերը մոտ են պայմանավորվածության: Նա նաեւ տեղեկացրեց, որ կարգավորմանն ուղղված համաձայնության բոլոր բաղադրիչները դրված են սեղանին, թերեւս մնում է միայն հստակեցնել ձեւակերպումների հարցը. «Իրականում մենք շատ մոտ ենք համաձայնությանը»: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հաստատեց, որ ադրբեջանական կողմը լրջորեն աշխատում է Լավրովի անցյալ տարվա առաջարկների վրա:

Կարող է հարց ծագել` իսկ ի՞նչ շահ է հետապնդում Մոսկվան: Շատ կոնկրետ: Երկու շաբաթ առաջ Բաքու այցելած Լավրովը Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկեց «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի հարցը, իսկ այս միջանցքը հնարավորություն է տալու էականորեն կրճատել բեռների փոխադրումը Հնդկաստանից Կենտրոնական Ասիայի երկրներ եւ ՌԴ: Այն կդառնա Ասիայից Եվրոպա ամենամատչելի ուղին: Իրանն ու Ադրբեջանը Աստարայի մոտ միացնում են իրենց երկաթգծերը` հնարավորություն ստեղծելով միացնելու Իրանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի երկաթուղային ցանցերը։

Ուշագրավ էր, որ ապրիլի 7-ին, երբ Հայաստանում ու Արցախում կարծում էին, թե Լավրովը ԼՂ-ում հրադադարի հաստատման ջանքեր է գործադրում, նա Բաքվում Ադրբեջանի, Իրանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի ու Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ եռակողմ հայտարարություն ընդունեց, որում ընդգծվեց «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված աջակցությունը:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Ռուս ազգն ու ռուսական պետությունը տարբեր հասկացողություններ են: Ռուսական պետության հետ շատ զգույշ է պետք լինել, հիշելով.
    ա) Ռուսաստանը Բյուզանդիայի հետնորդն է
    բ) Ռուսաստանի քաղաքական դոկտրինան մեր հանդեպ եղել և մնում է «Հայաստանն առանց հայերի»
    գ) Արջն ուժեղ գազան է, բայց ամենազոր չէ

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930