Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես առողջացնել թատրոնը

Հոկտեմբեր 06,2016 15:23

Հայաստանյան թատրոնները՝ առանց մեկենասների

Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը Հայաստանի ամենակայացած մշակութային օջախներից է, անգամ էներգետիկ ճգնաժամի պայմաններում, ձմռան ցրտին ու էլեկտրական հոսանքի բացակայության պարագայում, այն մեկ օր իսկ չի կանգնել: Երեւանի տիկնիկային թատրոնն ամենաշատն է մեկնում հյուրախաղերի, երիտասարդ արվեստագետների համար դառնում ինքնադրսեւորման եւ ստեղծագործական ազատությունների հարթակ, բեմադրում ինքնատիպ ներկայացումներ նաեւ մեծահասակների համար:

ruben-babayan1

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը կարծում է, որ Հայաստանում թատրոնները որոշ կարիքներ ունեն, սակայն ֆինանսականը գլխավորը չէ: «Պետական աջակցությունը պարտադիր բան է յուրաքանչյուր երկրի թատրոնի համար, նույնիսկ ԱՄՆ-ում, մեկենասությունն ու հովանավորչությունը լայնորեն կիրառվում են, միեւնույն է՝ թատրոններն այն հազվագյուտ մշակութային օջախներից են, որոնք ստանում են նաեւ պետական աջակցություն»,-փաստում է արվեստագետը: Մյուս կողմից էլ կարծիք հայտնում, որ միայն պետական աջակցությամբ չի կարելի սահմանափակվել, որովհետեւ պետությունն այլ կարեւոր խնդիրներ էլ ունի:

Պարոն Բաբայանն ափսոսում է, որ Հայաստանի անկախության 25 տարիների ընթացքում այդպես էլ օրենք չընդունվեց մեկենասության եւ հովանավորչության մասին, ու այդ գաղափարը չկայացավ: «Հարցը միայն ֆինանսականին չի վերաբերվում, պետք է բիզնեսը կապել արվեստի հետ, անել այնպես, որ բիզնեսով զբաղվողները շահագրգիռ լինեն արվեստին օժանդակելու գործում, ինչը մեծ նշանակություն ունի ոչ միայն արվեստը ֆինանսավորելու, այլ ընդհանրապես մշակույթը հասարակության մեջ պրոպագանդելու տեսակետից: Հաջողակ մարդիկ հասարակության համար լավ օրինակ են ծառայում: Եվ երբ հանրությունը տեսնում է, որ բիզնեսում հաջողությունների հասած մարդիկ ու կազմակերպությունները հովանավորում են արվեստը, սա արժեքային համակարգ է ստեղծում: Մենք հաճախ որոշակի հարցեր կապում ենք պետական ֆինանսավորման հետ, դա թատրոններում բերում է պետական կարծրացած ստրուկտուրայի: Թատրոնները օրենքով ՊՈԱԿ-ներ (պետական ոչ առեւտրային կազմակերպություն) են, իսկ ՊՈԱԿ ասածները նման օրենքի սահմաններում բացարձակապես չեն ենթարկվում ճկուն զարգացումների: Ստեղծագործական աշխատանքի բնույթը ենթադրում է աշխատանքային ուրիշ հարաբերություններ, այնինչ թատրոններն այլ ոլորտների կառույցների նման գտնվում են նույն աշխատանքային օրենսդրության շրջանակներում՝ մարդկանց ընդունել աշխատանքի, փորձաշրջան, պայմանագիր, դրույքաչափ եւ այլն: Այս պաշտոնականությունը բերում է լճացման ստեղծագործական ասպարեզում, մինչդեռ ինչքան ավելի ազատ լինես հարաբերություններում, այնքան ավելի լավ: Մեր օրենսդրական դաշտն ահավոր կարծրացած է, եւ փաստորեն, բացարձակապես տարբերություն չկա նրբերշիկի արտադրության եւ ներկայացման արտադրության միջեւ: Օրինակ՝ Գնումների մասին օրենքը հաշվի չի առնում թատրոնի էքսկլյուզիվ արտադրանք տալու հանգամանքը: Չէ՞ որ, երբ մենք բեմադրություն ենք անում ընտրում ենք ոչ թե ամենաէժան նյութերը, այլ այն, ինչ պետք է: էքսկլյուզիվ արտադրանք տալը այլ կանոններով պետք է ուղեկցվի»,-համոզված է Ռուբեն Բաբայանը:

Նրա խոսքով, ստեղծագործական անձնակազմում եղած պաշտոններն ու հստակ սահմանված հաստիքներն էլ են բերում թատրոնի լճացմանը. «Բոլոր թատրոնների օրինակով գիտենք, որ բազմաթիվ հաստիքով աշխատող դերասաններ կամ ընդհանրապես չեն խաղում, կամ խաղում են ամսեկան 1-2 ներկայացում, բայց նրանց աշխատանքից չեն ազատում, որովհետեւ միանգամից ծագում են սոցիալական հարցեր: Ցավոք, ապահոված չէ ստեղծագործական աշխատողի կենսաթոշակային հարցը, չգիտենք թե ինչքան ժամանակով է մարդուն տրված տաղանդը, բայց տաղանդի ակտիվ ժամանակ արվեստագետը պետք է այնքան գումար ստանա, որ վաղը հանգիստ իր տեղը զիջի երիտասարդ տաղանդավորին: Մեր երկրում բացարձակապես չեն գործում արհմիությունները, ոչ ոք հետամուտ չէ ստեղծագործական աշխատողների իրավունքներով»:

 Երբ պետական կարգավիճակը խանգարում է

Հայաստանում թատրոնները հազվադեպ են օգտվում միջազգային ֆոնդերից կամ համատեղ միջազգային նախագծեր անում: Տիկնիկային թատրոնին դա չի վերաբերվում: Օրինակ` վերջերս ռեժիսոր Նարինե Գրիգորյանը մաս է կազմել հայ-շվեյցարական նախագծի, ներկայացման ռեժիսորն ինքն է եղել, նկարիչը՝ շվեյցարուհի:

Ռուբեն Բաբայանը պարզաբանում է՝ շատ հաճախի միջազգային ֆոնդերից օգտվելուն խանգարում է հայաստանյան թատրոնների պետական կարգավիճակը, որովհետեւ այդ ֆոնդերը հիմնականում ֆինանսավորում են ոչ պետական կառույցներին: Ռեժիսորը տարակուսանք է հայտնում. «Մեզ մոտ իրար է խառնված է երկու բան՝ պետական կարգավիճակն ու պետական աջակցությունը: Պետական թատրոնների այն քանակին, որ կա Հայաստանում, եվրոպական շատ երկրներ կնախանձեին: Բայց դա չի նշանակում, թե պետական թատրոններն ամբողջովին ապահովված են պետության կողմից: Ավելի ճիշտ կլիներ, որ պետական աջակցությունը մնար, սակայն ոչ բոլոր թատրոններին ու խմբերին տրվեր պետական կարգավիճակ: Միջազգային ֆոնդերը կարծում են, որ եթե դու ունես պետական կարգավիճակ, ուրեմն պետությունը հոգում է քո կարիքները, մինչդեռ պետությունն ընդամենը օժանդակում է»:

 Փոքր բյուջե , պլյուս ստեղծարարություն

Տիկնիկայինի տնօրենին հարցրեցինք՝ հնարավո՞ր է փոքր բյուջեով հետաքրքիր նախագիծ իրականացնել: «Հետաքրքիր գաղափարը պարտադիր չի, որ ծնվի միայն այն ժամանակ, երբ կա մեծ բյուջե: Մեր թատրոնի ամենահետաքրքիր եւ արտասահմանում պահանջված, տարբեր երկրներում եղած ներկայացումները ստեղծված են մեր փոքր ֆինանսների միջոցներով եւ ոչ թե պետության: Կարեւորը ճիշտ մոտեցումն է: Երբ տեսնում ես, որ մի խումբ ստեղծագործողներ կարողանում են նվազագույն միջոցներով հետաքրքիր գաղափար մեջտեղ բերել, պետք է օժանդակել նրանց, որպեսզի այդ նոր գաղափարներն ավելի հետաքրքիր ձեւ ստանան: Մեզ մոտ հակառակն է լինում, հաճախ ասում են գումար տվեք, որ հետաքրքիր բան անենք: Իմիջիայլոց, անգլիացի հանճարեղ ռեժիսոր Պիտեր Բրուկը ասում էր, որ լավ գաղափար իրագործելու համար պետք են մի խումբ համախոհներ եւ վերջ: Ես էլ չեմ կարծում, որ օրիգինալ գաղափար իրագործելու համար անպայման մեծ գումար է անհրաժեշտ: Այլ հարց է, որ պետք է նկատել ու կանաչ ճանապարհ տալ այդ գաղափարն իրագործողներին, օժանդակել, որ առաջ գնան»,-վստահ է մեր զրուցակիցը:

Կանաչ լույս՝ երիտասարդների ճանապարհին

Ազգային թատերական միավորման նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը ևս այն կարծիքին է, որ թատրոնները կարող են հետաքրքիր լինել թե պետական փոքր բյուջեով, թե առանց դրա:

ara-xzmalyan

«Թատրոնների խնդիրը ոչ այնքան ֆինանսական է, որքան ֆինանսների անողջամիտ բաշխման հստակ մեխանիզմների բացակայության հետեւանք: Նույնիսկ թատրոնին տրվող սուբսիդիաներով ավելի խելամիտ կազմակերպման դեպքում հնարավոր է արդյունավետ մթնոլորտ ստեղծել, պարզապես պետք է գրագետ մոտեցում ցուցաբերել եւ օրենքները մշակել հավուր պատշաճի: Նաեւ թատրոններին պակասում են պրոֆեսիոնալ դերասանները, պրոֆեսիոնալ ստեղծագործողները: Տարիներով մեռյալ հաստատությունների վրա անօգուտ վատնվող գումարներով կարող ենք մեր շնորհալի երիտասարդներին ուղղել համաշխարհային տարբեր կենտրոններ լավ կրթություն ստանալու, կապեր հաստատելու, լավ ներկայացումներ նայելու, եվրոպական մշակույթի եւ իրականության հետ շփվելու ու ավելի լայն աշխարհայացք բերելու համար: Պետք է այդ ամենն ապահովել, որպեսզի նրանք հետ գան ու հարուստ փորձով աշխատեն Հայաստանում: Ես գերխնդիրը տեսնում եմ ոչ թե ֆինանսների քանակի, այլ ֆինանսների ծախսման ռազմավարության մեջ»,-հայտնեց պարոն Խզմալյանը: Ինքն անձամբ, երիտասարդներին խրախուսելու մի ճանապարհ գտել է: Ազգային թատերական միավորումը հիմնադրել է Թատրոն X ամենամյա հանրապետական երիտասարդական փառատոնը: Այս փառատոնում առանձնացված լավագույն ռեժիսորներից ոմանք ու ներկայացումներից որոշները նաեւ միջազգային փառատոնների են մեկնել:

Թատրոնը պետք է ձերբազատվի բյուրոկրատիզմից

Ազգային թատերական միավորման նախագահից հետաքրքրվեցինք՝ ավելի շատ ինչի՞ կարիք ունեն հայաստանյան թատրոնները: «Հայաստանյան թատրոններն այսօր կարիք ունեն երիտասարդացման, մենք թատերական իրականությունը դարձրել ենք բյուրոկրատական համակարգ, որտեղ մարդիկ տարիներով քարշ են տալիս թատերական հաստատություններն իրենց հետ դեպի անդունդ: Մենք պետք է երիտասարդացման մասին մտածենք: Հակառակ դեպքում, ինչ միջոցների ուզում եք դիմեք, ինչ օրենքներ ուզում եք մշակեք, ինչ ֆինանսներ ուզում եք հատկացրեք, եթե չունենանք ժամանակակից, հետաքրքիր մտածողությամբ, երկրի հետ իրենց հույսը կապող երիտասարդներ, որոնց կվստահենք ու լծակներ կտանք, ոչինչ էլ չի փոխվի: Կարճ ասած, մինչեւ ֆինանսները, նախ պետք է կադրային քաղաքականությունը շտկենք: Ֆինանսը չի կարող արդյունավետ լինել, եթե թատրոնի գլխին նստած է անցյալ դարի պետական աշխարհայացքով ղեկավար: Թեկուզ այդ թատրոնին ամսեկան 5 մլն եվրո էլ տրվի, ինքը չի կարողանալու գումարը նպատակին ծառայեցնել: Միեւնույն ժամանակ, կարող ենք նվազագույն գումար հատկացնել օժտված երիտասարդ ու աշխատունակ մարդկանց ու տեսնել, թե ինչ հրաշալի արդյունք կլինի»,-ասում է թատերագետը:

Արա Խզմալյանին հարցրինք՝ արդյոք պետական միջոցներով ներկայացում բեմադրելը չի՞ կաշկանդում թատրոններին: Պարոն Խզմալյանն ասում է, որ այդտեղ էլ անելիքներ կան: «Մենք խաղացանկային քաղաքականության, սոցիոլոգիական հետազոտությունների խնդիր ունենք: Օրինակ, Խորհրդային տարիներին Պետերբուրգյան դպրոցը այնպիսի սոցիոլոգիական հետազոտություններ էր իրականացնում թատրոնի ոլորտում, խմբեր էին ստեղծվում հոգեբաններից, սոցիոլոգներից, թատերագետներից, արվեստագետներից կազմված, որոնք հետազոտում էին հանդիսականների տրամադրությունները, խաղացվող ներկայացումների պահանջվածությունը: Իսկ մե՞նք ինչ ենք արել: Թղթից ինքնաթիռ ենք սարքել, մեր պետական միջոցները դրել այդ ինքնաթիռի վրա ու պատուհանից դուրս ենք շպրտել: Ո՞ ւր կհասնի կամ ո՞ւմ, հայտնի չէ: Սա ընդհանուր մշակութային քաղաքականության ձևավորման խնդիր է»,-պատկերավոր մեկնաբանում է թատերագետը:

Օրենքով չպետք է սահմանել ՝թատրոնին ինչ է պետք

yervand-manaryan

Ճանաչված ռեժիսոր, դերասան, «Ագուլիս» թատրոնի հիմնադիր-ղեկավար Երվանդ Մանարյանը, ի տարբերություն պատկառելի տարիք ունեցող իր այլ գործընկերների, դեմ է, որ թատրոնը պետությունից գումար ստանա: Նրա «Ագուլիսը» գոյատեւում է առանց պետական աջակցության: Երվանդ Մանարյանը մամուլի ասուլիսներում մշտապես հայտարարում է, որ եթե պետությունը վճարի, անպայման կուզենա ուղղորդել թատրոնը ու սահմանափակել ազատությունը, իսկ թատրոնը նրա համար է, որ հասարակության հուզող խնդիրները գեղարվեստական ձեւով մատուցի:

Նա նաեւ համոզված է, որ Հայաստանում Թատրոնի մասին օրենք էլ պետք չէ, որովհետեւ օրենքով չպետք է սահմանվի, թե թատրոնում ինչն է կարելի, ինչը՝ ոչ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

banner_flag_am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31