Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական զորամիավորման հավանական վտանգներն ու օգուտները

Դեկտեմբեր 05,2016 14:00

Ըստ «Ռազմինֆո» կայքի խմբագիր Կարեն Վրթանեսյանի՝
այդ պայմանագիրը որոշ չափով նաեւ ՀԱՊԿ-ի բացերն է լրացնում

Հայ-ռուսական զորամիավորման մասին պայմանագրի կնքումը տարակարծությունների տեղիք է տվել: Փորձագետները, քաղաքագետները, նախկին ու ներկայիս պաշտոնյաներն իրարամերժ կարծիքներ են հայտնում:

Օրինակ` պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, պաշտպանելով այսպիսի զորամիավորում ստեղծելու գաղափարը, հայտարարել էր, թե ակնհայտ է, որ նման միավոր ստեղծելը բխում է Հայաստանի շահերից:
«Առավոտ»-ը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց` որտեղի՞ց այս լավատեսությունը, երբ ՀԱՊԿ-ի անգործության փաստը աչքներիս առաջ է, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Իրենք պետք է պատասխանեն, թե որտեղից այդ լավատեսությունը: Միայն ընդհանուր բառեր ասելով չէ, ինչպես այժմ հայտարարոում են, թե մեր պաշտպանությունը կավելանա եւ այլն»:

Ստեփան Սաֆարյանը գերադասում է խոսել այն վտանգների մասին, որոնք կարող են բխել այս զորամիավորման գործունեությունից. «Մեր հիմնական սպառնալիքը գալիս է ԼՂ հակամարտությունից, եւ բնականաբար, այդ սպառնալիքի հետ կապված՝ ՀԱՊԿ ստեղծման պահից ի վեր, ինչպես նաեւ հայ-ռուսական դաշնակցությունից ի վեր, հարցերի հարց է մնում` արդյոք երկու միավորումները հովանո՞ց են ապահովում նաեւ ՀՀ-ի համար Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայից, որի փորձերին ականատես եղանք 2014-2016-ը, եւ դեռ այդպիսիք կլինեն: Այս հարցի պատասխանը որեւէ մեկը չունի: Եթե արցախյան ուղղությամբ այդ հովանոցը չի գործում, եւ այդ ուժերը միտված չեն այդ ռիսկը վերացնելու, այդ դեպքում հարց է ծագում՝ ուրիշ ի՞նչ ռիսկերի համար է այդ զորամիավորումը, եւ արդյոք, եթե հիմնական ռիսկը վերացնելը չէ, արժե՞ ունենալ նման լավատեսություն»: Պարոն Սաֆարյանը հիշեցնում է` մենք ականատես ենք եղել, որ ՌԴ-ն ԼՂ խնդրով ունի երկու գլխարկ` մեկը միջնորդի գլխարկն է, երկրորդը՝ խաղաղապահինը, որն ուզում է հագնել ամենատարբեր էսկալացիաների ժամանակ, հասկանալի է, որ դա ռուսական խաղաղապահների տեղակայումն է:

Մեր հարցին` հնարավո՞ր է Ռուսաստանը զորամիավորման այս հարթակն օգտագործի խաղաղապահների տեղակայման` իր վաղեմի ցանկությունն իրագործելու համար, պարոն Սաֆարյանը պատասխանեց. «Այս պահին դժվար է ասել, թե ինչպես ՌԴ-ն կօգտագործի այդ հարթակը, բայց եթե ունի նման ցանկություն, նաեւ կփորձի սա օգտագործել, եթե հերթական էսկալացիայի պահը լինի»: Ստեփան Սաֆարյանը թերահավատ է, որ այս զորամիավորումն ընդհանրապես գործելու է Ադրբեջանի դեմ` առավել եւս, երբ պատերազմի ժամանակ, ինչպես նշվում է պայմանագրում, այն գտնվելու է ռուսական հրամանատարության ներքո: Ըստ Ստեփան Սաֆարյանի` հարց է ծագում` արդյոք կոլիզիա չե՞նք ունենա նորմերի եւ որոշումների, երբ պատերազմի ժամանակ անհրաժեշտություն ծագի այն օգտագործելու, պարզվի, որ հրամանատարության որոշումները այդ իրավիճակում պատկանում են ռուսական կողմին:

Նշենք, որ այս պահին պաշտոնապես չի հայտարարվել նաեւ այն, թե որտեղ է տեղակայված լինելու այս զորամիավորումը: Սա եւս մտահոգությունների տեղիք է տալիս: Ստեփան Սաֆարյանը տեղեկացրեց, որ պարզապես չորրորդ բանակային կորպուսի հրամանատարն է հայկական կողմից ղեկավարելու զորամիավորումը: Ըստ Ստեփան Սաֆարյանի` զորամիավորման տեղակայման վայրը չպետք է գաղտնիք լինի. «Միայն գիտենք, որ զորամիավորման մեջ մեկ բանակային կորպուս ընդգրկվելու է հայկական կողմից եւ ռուսական կողմից ընդգրկված է լինելու 102-րդ ռուսական ռազմաբազան»:
«Ռազմինֆո» կայքի խմբագիր Կարեն Վրթանեսյանը մեզ հետ զրույցում շեշտեց, որ զորամիավորումը եղել է ու տասնամյակից ավելի կա: Նա պարզաբանեց, թե այն, ինչ արվում է, ուղղակի կանոնակարգում եւ իրավական բազա է ստեղծում: Կարեն Վրթանեսյանը հիշեցրեց, որ այդ միավորը տարիներ շարունակ գործել է հայկական հրամանատարության ներքո:

Անդրադառնալով այն մտահոգություններին, թե վտանգներ կան, որ հայ-ռուսական զորամիավորումը կարող է օգտագործվել Վրաստանի, Իրանի դեմ կամ խառնվել ԼՂՀ ռազմական գործերին, պարոն Վրթանեսյանը արձագանքեց` վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքերը` «մենք հո չե՞նք ստեղծել զորամիավորում մեր դեմ օգտագործելու համար»: Կարեն Վրթանեսյանը վստահեցրեց, որ զորամիավորումը ստեղծվում է առաջին հերթին արտաքին սպառնալիքներին դիմակայելու համար. «Այդ զորամիավորումը կոչված է պաշտպանելու ե՛ւ ՀՀ-ի, ե՛ւ ՌԴ-ի շահերը: Շատերի մոտ կասկածներ կան, թե ինչ կլինի, եթե ՌԴ շահերը բախվեն Հայաստանի շահերին: «Ինձ թվում է՝ օրինական փաստաթղթի իրավական մասով կարգավորելը որոշ չափով նման ռիսկերը նվազեցնում է»:

Հիշեցմանը, թե զորամիավորման ստեղծումը քննադատողները մտահոգություն են տեսնում, որ ՌԴ-ն հող է նախապատրաստում խաղաղապահների տեղակայման համար, Կարեն Վրթանեսյանը շտապեց փարատել այդ մտահոգությունները` հիշեցնելով, որ խաղաղապահ ուժերը սովորաբար մտցվում են երկու կողմի համաձայնությամբ` անկախ այն բանից, թե ինչ պայմանագիր կա. «Եթե ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանն ինչ-որ պահի ցանկանան խաղաղապահներ մտցնել, այս փաստաթղթի լինել-չլինելը որեւէ բան չի որոշելու: Խաղաղապահներ բերելու համար կողմերը դիմում են երրորդ երկրի կամ ուժի: Այս փաստաթղթի ստորագրած լինել-չլինելը որեւէ բան այդ հարցում չի փոխում. Խաղաղապահ միավորման մուտքը ԼՂ հակամարտության գոտի, գոնե իմ կարծիքով, ավելի շատ վնաս, քան օգուտ է տալու: Բայց միեւնույն ժամանակ ցանկացած դեպքում այս փաստաթղթի ստորագրումն այդ հարցի հետ կապ չունի»: Կարեն Վրթանեսյանը համամիտ չէ այն կարծիքներին, թե այս պայմանագիրը ներկայացնում է զուտ ՌԴ շահերը: Նա հույս ունի, որ բավականին լուրջ համագործակցություն է լինելու: Ինչպես նաեւ մեր զրուցակիցը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ զորամիավորման հրամանատարը ՀՀ ԶՈՒ գեներալ Անդրանիկ Մակարյանն է:

Մեր այն դիտարկմանը, թե շատ փորձագետներ քննադատում են այս պայմանագրի ստորագրումը, քանի որ ՀԱՊԿ-ի անգործության օրինակը բոլորիս աչքի առաջ է, պարոն Վրթանեսյանն արձագանքեց. «ՀԱՊԿ-ի հասցեին քննադատությունն իրականում ցույց է տալիս, որ այսպիսի ուղիղ հայ-ռուսական պայմանագրի կարիք կար: ՀԱՊԿ-ի անդամ պետություններից շատերն ավելի շատ շահեր ունեն Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ, քան ՀՀ-ի կամ ՌԴ-ի, ուստի չի կարելի ՀԱՊԿ-ի թերությունների քննադատությունը կապել այս պայմանագրի քննադատության հետ, քանի որ այս պայմանագիրը որոշ չափով նաեւ ՀԱՊԿ-ի բացերն է լրացնում»:

Կարեն Վրթանեսյանը միեւնույն ժամանակ այն կարծիքին չէ, թե պայմանագիրն իդեալական է. «Ցանկացած պայմանագիր, համաձայնություն, բնականաբար, իդեալական չի լինում: Ես շատ լուրջ վերլուծություն կուզեի տեսնել թերությունների, ռիսկերի վերաբերյալ, բայց այսօր հիմնական քննադատությունը մոտավորապես այս կերպ է հնչում. «ՌԴ-ի հետ ոչ մի բան չանենք»: Դա անլուրջ է»:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

03.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031