Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրաստանի անորակ ելակն ու ՌԴ-ից բերած էժան վարունգն է մեր շուկայում, տեսե՞լ եք». Ստեփան Գրիգորյան

Մայիս 22,2017 19:10

Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում փորձագիտական քննարկում էր կազմակերպվել՝ ՀՀ-ում ժողովրդավարության կայացման մասին:

Ինստիտուտի փորձագետ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Ո՞նց մենք կարող ենք զարգանալ, ժողովրդավարության մասին խոսել, եթե գազի գինը Հայաստանում 2 անգամ ավելի բարձր է շուկայականից: Բարդ բաներ չենք խոսում: Գիտեք, մեր ամբողջ արդյունաբերությունը գազի վրա է, մենք էներգետիկայի ուրիշ ռեսուրս չունենք, մենակ գազ ենք ստանում ու սկսած տաքսի սերվիսներից, որոնք գազով ավտո են դնում, վերջացրած ջերմոցները եւ այլն ամբողջը գազով է: Մեր ամբողջ տնտեսությունը հիմնված է գազի վրա ու գազի գինը 2 անգամ ավելի բարձր է, քան հարեւան երկրներում: Ես Ադրբեջանի, Թուրքիայի մասին չեմ խոսում, խոսում եմ Վրաստանի մասին, Ուկրաինայի մասին, այն երկրների, որոնք ռեսուրսներ չունեն Հայաստանի պես: Պարզ չէ՞, որ ՌԴ-ից այնքան ուժեղ կախվածություն կունենաս, որ ԱՄՆ-ն մտածում է՝ իմաստ ունի՞ քո հետ գործ ունենալ»:

Ստեփան Գրիգորյանն ասաց, որ այդ է պատճառը, որ մեր տնտեսությունը զարգանալու փոխարեն դոփում է նույն տեղում. «Մեր արտադրած ապրանքն ավելի լավն է, բայց ես ապշած էի շուկայում, մեկ-մեկ նայեք էլի ինչ է կատարվում: Ելակը Վրաստանից են բերում, Վրաստանի ելակն ավելի վատն է, դա էլ իրենց հողից է գալիս, իրենց հողը խոնավ է, ելակը չի սիրում խոնավություն: Անորակ այդ ելակը գալիս ու ծախվում է այստեղ, որովհետեւ այնտեղ գազի գինը ավելի ցածր է ու արտադրողը 2 անգամ ավելի էժան է բերում: Տեսե՞լ եք Ռուսաստանից բերած վարունգը, անհավատալի բան է, չէ՞, 3 անգամ ավելի էժան է Հայաստանի վարունգից: Դա կախված է մի գործոնի հետ: Ազդեցությունը ՌԴ-ից այնքան մեծ է, որ ԱՄՆ-ն մտածում է իրոք՝ իմաստ ունի՞ սրանց հետ գործ ունենալ: Դա ոչ մի կապ չունի ՌԴ-ի քաղաքականության հետ: Դա կոռուպցիոն պայմանավորվածությունն է մեր կառավարության ՌԴ-ի «Գազպրոմի» հետ: Ջարդեք այդ կոռուպցիոն կապը, որ փոխվի: Քաղաքական էլիտայում դուք մեկից լսե՞լ եք, որ սուր դնի այդ հարցը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031