Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ն սահմանափակում է ՀՀ-ի «ռազմական» ազատությունը

Հուլիս 24,2017 15:30

«Կարող է ինսպեկցիոն խումբը գա ստուգի, ասի՝ այսինչ զինտեխնիկան այդ ռազմական գործողության դեպքում չպիտի օգտագործվեր»,- ասում է վերլուծաբանը ՌԴ-ի հետ համաձայնագրի մասին

Երեկ կառավարության նիստի օրակարգում էր «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» Պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» որոշման նախագիծը: Այն օրակարգում էր ներառվել որպես չզեկուցվող, այսինքն՝ կառավարության նիստում այն չներկայացվեց եւ հետեւաբար չքննարկվեց:

Այս համաձայնագրով նախատեսվում է՝ «Պայմանագրի շրջանակներում ռազմական նշանակության արտադրանք մատակարարող Կողմն իրավունք ունի դրա առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելու: Հսկողության առարկան Պայմանագրի շրջանակներում մատակարարված ռազմական նշանակության արտադրանքն է»: Մեկ այլ հոդվածով էլ նախատեսվում է՝ «Հսկողության նպատակը Պայմանագրի շրջանակներում կնքված կոնտրակտներով մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման ստուգումն է»: Իսկ հոդված 8-րդով էլ սահմանվում է՝ «Այն Կողմը, որի տարածք մատակարարվում է ռազմական նշանակության արտադրանքը, պարտավոր է ներկայացնել հայտում նշված ռազմական նշանակության արտադրանքը, ինչպես նաեւ դրա նպատակային օգտագործումը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը»:

«Առավոտը» գրավոր հարցում է ուղարկել պաշտպանության նախարարությանը եւ խնդրել որոշ մանրամասներ տեղեկացնել այս համաձայնագրի վերաբերյալ: Մասնավորապես, մենք ՊՆ-ից հետաքրքրվել ենք՝ արդյոք այս համաձայնագիրը սահմանափակո՞ւմ է ՀՀ-ի գործողությունները Արցախի բանակին ռազմական տեխնիկա տրամադրելու ուղղությամբ, արդյոք հայկական կողմը պնդե՞լ է, որպեսզի Ռուսաստանը նման մի համաձայնագիր էլ ստորագրի Ադրբեջանի հետ, արդյոք ռազմական տեխնիկա մատակարարող կողմն իրավունք ունի՞ ազդելու հայկական կողմի որեւէ որոշման վրա, թե զինտեխնիկան ե՞րբ եւ ինչի՞ համար է օգտագործվելու: Նաեւ հետաքրքրվել ենք՝ հնարավո՞ր է, որ այս համաձայնագրով նախատեսված հսկողոությունը սահմանվում է բացառապես տեխնիկական նպատակների համար: Համաձայնագրի վերաբերյալ մեր այս եւ մի շարք այլ հարցերին ՊՆ-ն խոստացել է պատասխանել օրենքով սահմանված ժամկետում՝ վստահեցնելով, որ պատասխանելու համար լրացուցիչ ժամկետ է պահանջվում:
Մինչ ՊՆ-ն լույս կսփռի այս համաձայնագրի մութ կողմերի վրա եւ գուցե փարատի կամ էլ հաստատի մեր կասկածները, «Առավոտի» հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանն ասում է. «Զարմանալի համաձայնագիր է»:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավարի խոսքերով՝ «շատ ցանկալի կլիներ իմանալ՝ արդյոք Ռուսաստանը նմանատիպ պայմանագրեր ստորագրե՞լ է Ադրբեջանի հետ՝ ռազմատեխնիկա տրամադրելիս: Եթե սա միայն Հայաստանին է վերաբերում, ապա այն անընդունելի է: Առաջին հերթին մտքիդ է գալիս «Իսկանդերը» կամ նմանատիպ այլ սպառազինությունները, որոնք ՌԴ-ն տրամադրել է, եւ հատկապես վերջին շրջանում Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները: Այս համատեքստում ռուսական կողմը ուզում է վերահսկել, թե իրենից ձեռք բերված զենքը ինչ նպատակներով կօգտագործվի: Բոլոր դեպքերում ռուսական կողմը հստակ գիտի, որ այդ զենքը ձեռք է բերվում ադրբեջանական հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար: Չեմ ուզում ասել, թե արդյոք այլ նշանակությամբ կօգտագործվե՞ր, թե՞ ոչ, Հայաստանն այս տարիներին կասկածների տեղիք չի տվել, որ ասենք՝ այդ զենքը Հայաստանի միջոցով կարող է հայտնվել այլոց ձեռքում»:

Սաֆարյանի ներկայացմամբ՝ ՌԴ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին զենք է վաճառում եւ հրաշալի գիտի, որ 2-ի համար էլ դիմացինն է թիվ 1 վտանգը, եւ այս իմաստով ՌԴ-ն վերահսկողության այս միջոցով փորձում է իր ձեռքում պահել գործընթացը:
Սաֆարյանի կարծիքով՝ ՀՀ-ն որքան էլ իրավունք ունենա օգտագործելու ձեռք բերված զենքը, տպավորություն է, որ միայն այս համաձայնագրով Հայաստանի ազատությունն այնքան էլ մեծ չի լինելու. «Որովհետեւ ակնհայտ է՝ ՌԴ-ն ցանկացած պահի կարող է վերահսկող խմբին ուղարկել՝ ծանոթանալու, թե որտե՞ղ է գտնվում տվյալ սպառազինությունը, ի՞նչ նպատակներով է օգտագործվելու: Սա ինձ մտահոգում է՝ Հայաստանի կենսական պահերին բավարար չափով օգտագործելու համար»:
Ըստ Սաֆարյանի՝ այնպես չէ, որ, ենթադրենք, պատերազմի օրհասական պահին անհրաժեշտություն լինի, ասենք, «Իսկանդերը» գործի դնել, դրա համար պարտադիր Ռուսաստանի թույլտվությունն է հարկավոր. «Համենայնդեպս, համաձայնագրով չկա նման բան: Ես մի փոքր զգույշ կմնամ՝ ռազմական հարաբերությունների գաղտնիք կա, բայց այդ ուղղությամբ ի՞նչ են պայմանավորվել ռուսական եւ հայկական կողմերը՝ չեմ կարող ասել: Համաձայնագրի տեսանելի մասով տպավորություն է, որ Ռուսաստանը այդ մեխանիզմով արդեն ինչ-որ չափով սահմանափակում է Հայաստանի ազատությունը: Օրինակ՝ ինսպեկցիոն խումբը գա ստուգի, ասի՝ այսինչ զինտեխնիկան այդ ռազմական գործողության դեպքում չպիտի օգտագործվեր»:

Քաղաքական վերլուծաբանը նշեց, որ շատ կարեւոր է, թե 200 միլիոն դոլար վարկով ձեռք բերված սպառազինությունների եւ «Իսկանդերի», որի ձեռք բերման մանրամասներն այդպես էլ գաղտնի մնացին, ի՞նչ պայմանավորվածություններ կան դրանց կիրառման մասով, եւ առաջիկայում նախատեսվող ՌԴ-ից նոր վարկով ձեռք բերվելիք սպառազինությունը որտեղ եւ ինչ նպատակով կարող ենք օգտագործել. «Քանի դեռ սրանք չգիտենք, այլ մանրամասներ չգիտենք համաձայնագրից՝ դժվար է հստակ բան ասել»:
Մեր հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը ստանձնեց ստորագրել այս համաձայնագիրը, Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Տեքստից ակնհայտ է, որ Հայաստանը շահագրգիռ չի եղել, սա Մոսկվայի ցանկությունն է: Ավելի վատ կլինի, եթե պարզվի, օրինակ՝ Մոսկվան սա անում է, որպեսզի Ադրբեջանը չանհանգստանա, որ իր դեմ կօգտագործեն 200 միլիոնի զենքն ու «Իսկանդերը»: Հետեւաբար ՌԴ-ն հավաստիացում է տալիս Ադրբեջանին, որ ինքը վերահսկում է գործընթացը: Կամ էլ Մոսկվան հասկանում է, որ սպառազինությունների մատակարարումն այն ծավալների է հասել, որ այլեւս ինքը չի կարողանա վերահսկել եւ կանխել դրանց տարածումը, ասենք՝ միջադեպի փոքր-ինչ շիկացման արդյունքում կարող են գործի դրվել վտանգավոր զենքերը եւ հասցնել լայնամասշտաբ պատերազմի: Մենք հիմա չգիտենք, թե որն է Մոսկվայի շահագրգռվածությունը»:

Ինչ վերաբերում է այն մտահոգությանը, թե այս համաձայնագրով հնարավոր է սահմանափակվեն Հայաստանի քայլերը՝ Արցախին տրամադրվող զինտեխնիկայի հարցում, Սաֆարյանը չբացառեց այս հանգամանքը, բայցեւ նշեց. «Մենք շատ բան չգիտենք, որպեսզի այս հարցին հստակ պատասխան տրվի»:

«Առավոտի» մյուս հարցին էլ՝ արդյոք այս համաձայնագրով հաստատվո՞ւմ է այն կարծիքը, թե Արցախյան հակամարտության լուծման բանալին Կրեմլում է, Սաֆարյանը պատասխանեց. «Կրեմլն ուզում է այդ բանալին ստեղծել, բայց անգամ սրանով նա չի կարողանալու անել դա: Ինքն ընդամենը ուզում է կարգավորումներն իր ձեռքում լինեն, եւ անգամ ռազմական էսկալացիաների ժամանակ ինքը էական ազդեցության լծակներ ունենա: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ինքը 100% վերահսկողություն չունի: Երբ Սերժ Սարգսյանը դեսպաններին հավաքեց եւ սպառնաց, որ Հայաստանը պայմանագիր է կնքում Արցախի հետ եւ փաստացի մտնում է օրինական գործողությունների մեջ, Ռուսաստանն ահաբեկվեց, որովհետեւ դա իր ծրագրերում չկար»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

22.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31