Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյանին սպանողները դատապարտվեցին 24 եւ 22 տարի ազատազրկման

Նոյեմբեր 09,2017 19:07

Քիչ առաջ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորը հրապարակեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով դատավճիռը:

Հիշեցնենք, որ այսօր մինչ վճռի հրապարակումը ամբաստանյալները պետք է հանդես գային պաշտպանական ճառով: Ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանը հրաժարվել էր, իսկ մյուս ամբաստանյալ Արթուր Միհրանյանը հայտարարել էր՝ «Բազմիցս նշել եմ՝ սպանությունը կատարել եմ ես, Գեւորգը ոչ մի մեղք չունի»:

Միհրանյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանն այսօր վճռեց մեղավոր ճանաչել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքով. «Դատարանը որոշեց՝ հանցագործությունների համակցությամբ պատիժները վերջնական գումարելու եղանակով Գեւորգ Զոհրաբյանի նկատմամբ պատիժ սահմանել 24 տարի ժամկետով ազատազրկում եւ 1 միլիոն դրամի տուգանք: Իսկ Արթուր Միհրանյանի նկատմամբ՝ 22 տարի ժամկետով ազատազրկում եւ կրկին 1 միլիոն դրամի տուգանք»:

Մեր այն հարցին՝ Արթուր Միհրանյանը մեղքն իր վրա էր վերցրել, սա որեւէ ազդեցություն չգործե՞ց դատավորի որոշման վրա, Ֆարմանյանը պատասխանեց՝ «Ոչ, դատարանն այլ ներքին համոզմունքով գտավ, որ Գեւորգ Զոհրաբյանի արարքն ավելի մեծ վտանգավորություն է ներկայացրել ըստ այս պատժի սահմանաչափի: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Միհրանյանի՝ մեղքն իր վրա վերցնելուն, սա նաեւ նախաքննության վերջում եւ դատաքննությունում պարբերաբար նշել է, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք»:

Ֆարմանյանը նաեւ հիշեցրեց՝ դատախազը երկու ամբաստանյալների համար միջնորդել էր ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք նաեւ, որ 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանն ու 43-ամյա Արթուր Միհրանյանը, ըստ առաջադրված մեղադրանքի, 2016 թվականին խաբեության եղանակով առեւանգման ու շահադիտական դրդումներով սպանել են Կարեն Վարդանյանին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930