Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Աթոյանց. «Կինոն հենց գժերի համար է»

Դեկտեմբեր 14,2017 15:39

Ճանաչված կինոօպերատոր, կինոյի «հնաբնակ» Լեւոն Աթոյանցը ոգեւորված է Կինոմիության նախագահ Հարություն Խաչատրյանի` կինոթանգարան ստեղծելու գաղափարով, դրա համար էլ իր անձնական իրերից է նվիրել թանգարանին: Ասում է` նման թանգարանի գոյությունը Երեւանում անհրաժեշտություն է` արմատներից չկտրվելու եւ երիտասարդներին դաստիարակելու առումով:

 Վարպետի ձեւակերպմամբ, հայ կինոյի վիճակը կլավանա այն ժամանակ, երբ պետության սիրտը մի քիչ ցավի: «Թե չէ՝ էս ի՞նչ է, սաղ տերիտորիան բրախած, քանդած, ջարդած…Թիֆլիսում տեսեք, թե ինչպես են պահպանում ամեն բան: Ես թիֆլիսեցի եմ, դրա համար եմ Թիֆլիսը օրինակ բերում, չնայած մի 60 տարի ստեղ եմ ապրում, այնտեղ կինոստուդիաները պահել են…Ժամանակին շատերը ստեղից գալիս, ինչ կար -չկար տանում էին, քանդում էին…Հիմա ոնց ասեմ, ճիշտ խոսելն էլ է դժվար…«Հայֆիլմ» չկա, ամոթ է արդեն: Թատրոնի վրա հազարներ են ծախսում, մինչդեռ մի լավ կինոն սաղ աշխարհը կնայի»,- ասում է Լեւոն Աթոյանցը:

Նա նորից է շեշտում, որ կինոթանգարանը երիտասարդների շրջանում կինոյի հանդեպ սեր կառաջացնի, թե չէ, նրա խոսքով, հիմա այլ ուղղությամբ են գնում. «Ոչ թե հեռախոսի մի կնոպկա պիտի հուպ տան ու նկարեն, այլ պիտի կարողանաս իսկական կինո նկարել: Հոլիվուդում հո գի՞ժ չեն, որ մինչեւ էսօր ժապավենով ֆիլմ են նկարում, չնայած, եթե ուզում եք իմանաք, կինոն հենց գժերի համար է: Հիմա ես էլ իմ սոտովին հուպ տա՞մ, ֆիլմ կնկարեմ, բա հետո՞, էլ գիտելիք պետք չի՞»:

Վարպետը նաեւ հավելում է. «Ինչ Հարություն Խաչատրյանն անում է, ճիշտ է անում, երբ էն ցուրտ, փիս տարիներին բոլորը գողանում էին, էդ մարդը ստեղծեց «Ոսկե ծիրան», ուրեմն ինքը կարող է ավելին: Բոլորը պետք է օգնեն գործ անողին, ոչ թե մի բան գտնեն ու տակից քանդեն… Մենք մի փիս շնորհք ունենք, մեկը մի լավ բան անի, անպայման պիտի խանգարենք ու շուխուռ դնենք»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031