Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Արշակյան. «Աթեշյանն անգամ կողպեքներն է փոխել, որ Բեկչյանը չմտնի պատրիարքարան»

Դեկտեմբեր 25,2017 17:52

Դեկտեմբերի 25-ին «Նոյյան Տապանի» մամուլի սրահում տեղի ունեցավ «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամներ լրագրող Գոհար Արշակյանի և մանկավարժ Սոսե Ղլեջյանի ասուլիսը։

Գոհար Արշակյանը նշեց, որ իրենց համար անսպասելի էր Պոլսո հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի երեւանյան այցելությունը. «Բոլորս մտածում էինք, որ ինքը պետք է հրաժարական տա, բայց պարզվում է հասել է Երեւան, դեռ ասուլիս է տվել, եւ ասում է` Բեկչյանը պետք է հրաժարական տա: Եվ սա այն դեպքում, երբ ընտրվել է համապատասխան կանոնակարգով, եւ որի ընտրությունը ճանաչել է նաեւ Մայր Աթոռը…Փոխանակ խնդրի, որ հարցին նորմալ լուծում տա, մի անկյունում նստի, տեսեք ինչեր է անում…Լավ, ո՞վ նրան ներեց, երբ միլիոնուկես մեր նահատակների հիշատակը պղծեց: Ափսոսում եմ, որ Էջմիածնի հոգեւոր գերագույն խորհուրդը աչք է փակում այս ամենի վրա: Աթեշյանն ինչքանո՞վ է անփոխարինելի անձնավորություն»:

Նա տեղեկացրեց, որ Մայթ Աթոռից ինքը հետաքրքրվել է, թե ում հրավերով է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը եկել Երեւան, մամլո դիվանից պատասխանել են, որ ցանկացած հոգեւորական առանց հրավերի կարող է գալ Երեւան:

«Ի դեպ, Աթեշյանը տուն ունի Հայաստանում, Մոսկվայում, Դարդանելի նեղուցներում, նա մեծահարուստ է եւ հիմա էլ պայքարի մեջ մտած ուզում է Պոլսո պատրիարքությունը քայքայի»,- ասաց Գոհար Արշակյանը: Նա նշեց, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անգամ կողպեքներն է փոխել, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը հանկարծ չմտնի պատրիարքարան:

Գոհար Արշակյանը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին պատուհաս է որակում ողջ հայ ժողովրդի գլխին:

Հիշեցնենք, որ վերջերս «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ասել էր. «Պոլսո պատրիարքի աթոռի միաբան, բայց ես դեռ փոխանորդ եմ, քանի որ Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը թուրքական կառավարության կողմից չի ընդունվել: 2010 թվականին ես ընտրվեցի փոխանորդ, որովհետև պատրիարքը հիվանդ էր, անկողին ընկավ: Որոշել էինք աթոռակից ընտրել, դիմեցինք պետությանը: Պատրիարքին աթոռից զրկելու մարմին չկար, նա ցմահ է: Եկեղեցու համագումարն ինձ ընտրեց: 8 տարվա մեջ շատ գործեր արեցի, բայց ոչ ոք չխոսեց իմ արձանագրած հաջողությունների մասին: Միշտ ասում էին, թե Աթեշյանը Էրդողանի եղբայրն է: Ես ասել եմ, որ պատիվ ունեմ: Թուրքիայի նախագահի, վարչապետի հետ լավ եմ, նախարարների հետ լավ եմ, դրանցից համայնքս է շահում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը` «Նոյյան տապանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031