Լրահոս
Օրվա լրահոսը

Կոստանյանը՝ Ճվճվ Արոյի որդու վթարի, փոխոստիկանապետի հայտարարության եւ արտոնյալների մասին (Տեսանյութ)

Հունվար 11,2018 14:43

Այսօր ՀՀԿ պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը լրագրողերի հետ զրույցում անդրադարձավ Ճվճվ Արոյի որդու վթարին, որը հանգեցրեց պետավտոտեսուչների մահվան: Հարցին՝ սա չի՞ խոսում այն մասին, որ երկրում կա անպատժելիության մթնոլորտ, եթե նա ղեկին է եղել՝ չունենալով վարորդական իրավունք եւ մինչ այդ նա, իր եղբայրը այլ հանցանքներ են արել եւ փաստորեն ազատության մեջ են եղել, քանի դեռ ոստիկաններ չզոհվեցին, իրավապահները գործի չանցան:

Կոստանյանը պատասխանեց, որ նախ չգիտի, թե նախկինում կատարած իրավախախտումների հետ կապված նա ինչու չի ենթարկվել պատասխանատվության. «Ես չեմ կարող գնահատել, թե նախկինում նա ինչ արարքներ է կատարել եւ ինչ պատասխանատվության է ենթարկվել, կամ ինչ հիմքով չի ենթարկվել: Ես նման տեղեկատվություն չունեմ: Իսկ ինչ վերաբերում է այս իրավախախտմանը, իհարկե, սա սարսափելի է: Ցանկացած մարդու մահվան փաստ ցանկացած իրավիճակում մեզ համար անընդունելի է եւ հանցագործության եւ իրավախախտման դեմ պայքարն ու կանխարգելումն առաջնահերթ է: Բայց ինչ նշանակում է, որ դա անպատժելիության հետեւանք է, ես կդժվարանամ նման հետեւություն անել: Ես չգիտեմ՝ արդյոք նա առանց վարորդական վկայականի է եղել, արդյոք նա վարորդական իրավունք ունի, բայց վկայականը չի եղել, արդյոք ճանապարհային երթեւեկության խախտում թույլ է տվել, թե չէ: Ես նյութերին չեմ տիրապետում, ես չունեմ անգամ փաստ, թե ինքը վարելու իրավունք ունի, թե չունի: Մի բան է, երբ վարելու իրավունք ունես, մեկ այլ բան է, երբ վարորդական վկայականդ քեզ մոտ չի»:

Հարցին՝ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ ինքը կարող է բազմաթիվ փաստաթղթեր ներկայացնել, որ ոստիկանությունը նրանց բռնել է, սակայն գործը տեղափոխվել է Քննչական կոմիտե, դրանից հետո նրանք ազատ են արձակվել, այսինքն, նա շեշտում է, որ իրենց գործը նորմալ արել են, այլ իրավապահ համակարգերում փնտրեն խնդիրը, սա չի՞ խոսում երկու համակարգերի միջեւ եղած հակասության մասին եւ արդյո՞ք անպատժելիությունը Քննչական կոմիտեից է գալիս: Կոստանյանը պատասխանեց. «Ինքը թող մեկնաբանի իր խոսքերը: Թյուր կարծիք է, երբ իրավապահ համակարգում քննարկվում է հետեւյալը, թե ես բռնեցի բերեցի, ուրեմն նա մեղավոր է: Այդպես չի լինում: Այսինքն, օպերատիվ հետախուզական միջոցառումները, հանցագործության կանխարգելման կամ բացահայտման միջոցառումները եւս պետք է ունենան բավարար ապացույցներ: Այն, որ քննիչը, որի օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում անձը ձերբակալվել է, կալանավորվել է, դա դեռեւս չի նշանակում ապօրինություն՝ նախաքննության մարմնի կողմից՝ կամ բավարար հիմքր չեն եղել, կամ բավարար ապացույցներ չեն եղել, բազմաթիվ այլ հարցեր կան: Ոստիկանապետի տեղակալը նման հայտարարություն է անում՝ ճիշտ կլիներ նրանից հարցնեիք»:

Հարցին՝ լինելով նախկին գլխավոր դատախազ՝ ի՞նչ եք կարծում, փորձում են պատասխանատվությունը մեկը մյուսի վրա՞ գցել, կամ պատասխանատվությունի՞ց խուսափել՝ Գեւորգ Կոստանյանը պատասխանեց, որ իրավապահ համակարգերի միջեւ որեւէ խնդիր չկա, բոլորն իրականացնում են իրենց գործառույթները. «Այդտեղ հակասություն փնտրելը առնվազն անհիմն է»:

Լրագրողները փորձեցին հստակեցնել՝ հիմա ոստիկանությունը բացահայտ բարձրաձայն ասում է՝ մենք բռնել տարել ենք, մենք մեղավոր չենք, ուրիշ տեղերում փնտրեք խնդիրը, սա ի՞նչ է նշանակում՝ Կոստանյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում ոստիկանությունը բարձրաձայն նման բան ասի, որովհետեւ նման բան որեւէ մեկը չի ասի: Այդ նույն տրամաբանությունից ելնելով՝ քննիչն էլ կարող է ասի՝ ես էլ իմ մեղադրական եզրակացությունը կազմել եմ՝ դատարանը թող դատի տա: Այդպես չի լինում: Եվ չի նշանակում, որ եթե ոստիկանն ինչ-որ մեկին բռնեց, ուրեմն դա բացարձակ ճշմարտություն է: Եթե էդ լոգիկայով գնանք, ուրեմն դատարան էլ մեր երկրին պետք չի՝ ոստիկանն ում բռնեց, ուրեմն մեղավոր է, պետք է մինչեւ վերջ դատենք: Այդ տրամաբանությունն անընդունելի է եւ անտրամաբանական»:

Կոստանյանն ընդգծեց, որ ոստիկանը, քննիչը, դատավորը ամբողջական շղթայի մասնիկներ են, եթե այդ մասնիկներից որեւէ մեկը պատշաճ չի կատարում իր պարտականությունները, համակարգը չի աշխատի:

Հարցին՝ արտոնյալներ մեր երկրում չկա՞ն՝ Գեւորգ Կոստանյանը կատակեց, որ եթե խոսքը հարկային արտոնությունների մասին է՝ կան. «Այն, որ կարող են լինել տարբեր դրսեւորումներ՝ պաշտոնական դիրքի չարաշահման հետ կապված, կոռուպցիոն բնույթի, դա փաստ է: Առնվազն այդ փաստի առկայության մասին խոսում է այն հանգամանքը, որ բազմաթիվ ոստիկաններ, քննիչներ, դատախազներ, դատավորներ ենթարկվել եւ ենթարկվելու են պատասխանատվության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031