Լրահոս
Օրվա լրահոսը

70 տարեկանի շեմն անընդունելի է բոլոր առումներով

Փետրվար 03,2018 13:00

Ինձ համար մտահոգիչ է ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի հոդված 28-ի 12-րդ կետի պահանջը, որն արգելում է 70 տարին լրացած անձին բուհում դասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար մրցութային ընտրությանը մասնակցելուն: Թե ինչու այս դրույթը դարձավ օրենսդրական պահանջ, իմ սուբյեկտիվ կարծիքով, ընտրական գործընթացի վրա ամբիոնի վարիչների եւ դեկանների վարչական լծակների կիրարկման կանխարգելումն է: Սակայն, մյուս կողմից, այս օրենսդրական պահանջը ոչ միայն հակահումանիստական է, այլեւ մարդկանց աշխատանքային հնարավորությունները եւ հետագիծը գնահատելու մեր անճարության լակմուսն է:

Ով է մեզ իրավունք տալիս արգելանք դնելու մրցութային ընտրությանը մասնակցելու հարցում: Եթե ընտրություն է, թող «երկարամյա պաշտոնավարող» դեկանները, ամբիոնի վարիչները եւ գիտամանկավարժական կազմի տարեց անդամները նույնպես մասնակցեն հայտարարված թափուր պաշտոնների տեղակալման մրցույթին, այլապես այդ գործընթացի կասեցումն օրենքի ուժով, կարծում եմ, որ պետք է հակահումանիստական համարվի:

Ավելին, օրենսդրական այս նախաձեռնության հոդված 28-ը ինձ համար նաեւ մեկ այլ կողմից է մտահոգիչ: Երիտասարդների նկատմամբ այս չհիմնավորված բարեպաշտությունը չի բացառում արդյունարար աշխատանքային գործունեություն ծավալող տարեցների դուրսմղումը համալսարանական միջավայրից: Ով ասաց, որ 70 տարին բոլորած աշխատողը պետք է այսուհետ սկսի վատ աշխատել: Այդ ով հաշվարկեց եւ հիմնավորեց 70 տարվա սահմանագիծը: Միգուցե այդ շեմը պետք է իջեցվեր մինչեւ 63, կամ ընդհակառակը՝ բարձրացվեր` դարձնելով 80: Կա՞ն արդյոք սոցիոլոգիական հետազոտություններ եւ ուսումնասիրություններ, թե ՀՀ բուհերում ինչ արդյունավետությամբ են աշխատում 70 տարին բոլորած մեր գործընկերները, թե՞ միայն աչքի են զարնում եւ մասնագիտական նախանձի առիթ տալիս նրանց «երկարամյա պաշտոնավարումները», որոնք բնավ ոչ բոլորի սրտով են: Իհարկե, մարդու բնական ցանկությունն է ունենալ կարիերայի աճ, որի ճանապարհը միգուցե հնարավորություն ունենան փակելու բուհի «երկարամյա պաշտոնյաները», եւ միգուցե հենց սա է պատճառ հանդիսանում օրենսդրական տարիքային շեմերի սահմանմանը: Բայց եւ այնպես, զուտ օրենսդրական ճանապարհով նման հարցերի լուծումը անտրամաբանական է եւ պարզորոշ ցույց է տալիս մեր հասարակարգի «անճարությունը» հիմնավոր եւ արդար ընտրություններ կատարելիս:

Կարծում եմ, որ բուհում դասախոսական կազմի եւ գիտական աշխատողների բոլոր թափուր պաշտոնների ընտրության գործընթացում օրենքի բիրտ միջամտությունից պետք է մեկընդմիշտ հրաժարվել եւ փոխարենը առաջնահերթ համարել մրցույթի մասնակիցների կարողություններն ու հմտությունները: Անկախ տարիքից, թող դիմորդները մասնակցեն մրցույթին եւ հաղթեն նրանք, ովքեր ունեն առավել բարձր մրցակցային առավելություններ: Ուրեմն պետք է հստակեցվեն ընտրության չափանիշներն այնպես, որ դրանք չունենան ոչ վարչական եւ ոչ էլ «խնամի-դրացիական» ճնշումներ: Իսկ բուհերի կողմից ներկայիս ընդունած թափուր տեղերի պաշտոնավարման ընտրության կարգերը չափազանց խոցելի են հենց այս առումներով եւ տեղիք են տալիս զանազան վարչական ճնշումների եւ անարդարությունների:

Այսօր գերհզոր տերություններ են ղեկավարվում տարեց առաջնորդների կողմից, միջազգային առաջավոր համալսարաններում դասավանդման առաջնայնությունը տրվում է թոշակառու, բայց նախկինում հաջողակ գործարարներին, որոնք իրենց փորձով եւ արհեստավարժությամբ մրցակցային առավելություններ ունեն երիտասարդների նկատմամբ: Եվ եթե մենք չենք կարողանում հավասար մրցակցային պայմանների դաշտ բերել տարեցներին եւ երիտասարդներին, ուրեմն եկեք ոչ թե դիմենք օրենքի կոշտ միջամտությանը, այլ վերափոխենք բուհերում թափուր տեղերի պաշտոնավարման մրցույթների անցկացման անատոմիան, որը ժառանգել ենք խորհրդային ժամանակներից եւ գրեթե փոփոխությունների չենք ենթարկել մինչ օրս:

 

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

Հ. Գ.- Ուզում եմ ընթերցողին տեղեկացնել, որ 60 տարիս դեռ չեմ բոլորել եւ ձեզ հետ կիսվելու մտահոգությունս ոչ թե անձնական շահեր է հետապնդում, այլ պարզապես արտահայտում է օրենսդրական այս նախագծի պարզունակության հանդեպ իմ մտահոգությունը:

«Առավոտ»

02.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728