Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Գոդել

Հոկտեմբեր 10,1995 21:07

Ֆրանսիական արդի քնարերգության ականավոր ներկայացուցիչ, հայ գրականության երախտաշատ, թարգմանիչ-քարոզիչ Վահե Գոդելն իր հոգու եւ մոր կողմից՝ նախնիների հայրենիք է եկել տասներկուամյա ընդմիջումից հետո։ Մեր հանրապետության անկախության չորրորդ տարելիցին նա իբրեւ ընծա է բերել գեղարվեստական գրականության ֆրանսերեն մի պարունակ, որի գանձերից են Նարեկացուց, Քուչակից, Չարենցից, Վարուժանից իր կատարած բարձրարժեք թարգմանությունների հատորյակները։

Հայաստանի գրողների տան մեծ դահլիճում կայացած ցերեկույթում ջերմորեն ընդունվեցին Վահե Գոդելն ու իր տիկինը։ Ցանկալի հյուրին այստեղ ներկայացրին ու նրա վաստակը բնութագրեցին Հայաստանի ԳԱ վարչության նախագահ Ռազմիկ Դավոյանն ու գրաքննադատ Ալեքսանդր Թոփչյանը, ում գործնական ջանքերով ավելի է մեծանում Վահե Գոդել գրող-քաղաքացու ճանաչումը։ Արտահայտվեցին արձակագիր Ս. Խանզադյանը, բանաստեղծներ Մարո Մարգարյանը, Արեւշատ Ավագյանը, ուրիշներ եւ, իհարկե, ինքը՝ հյուրընկալվողը, ով վերջում հանդիսականների խնդրանքով կարդաց Նարեկացուց ու Վարուժանից իր թարգմանությունների նմուշներ։

Ցերեկույթին ներկա գտնվողները դահլիճից ելան բարձր տրամադրությամբ ու լավագույն տպավորություններով։ Եվ, անտարակույս, այն համոզմունքի ձեւավորմամբ, որ Վահե Գոդել անունն արտաբերելիս այսուհետ պիտի հիշել Եվրոպայում հայ գրականության լիազոր ներկայացուցիչներից մեկին, ով սերված լինելով շվեյցարացի հորից՝ ճանաչված հայագետ, եւ հայուհի մորից, մանկուց է շփվել մեր ժողովրդի բառ ու բանին եւ հավատարիմ է դրանց ծառայելու իր ուխտին։ Արդեն քանի՛ տասնամյակ նա նպատակասլացորեն հայ պոեզիան հանում է Եվրոպական միջավայր՝ դրանով իսկ նպաստելով նրա միջազգայնացմանը եւ ֆրանսիացի ընթերցողի գրադարանի հարստացմանը։

Վահե Գոդելի ստեղծած գրականության քսան գրքերի կեսը կազմում է հայկական պարունակը։

Ժաննա ՄԽԻԹԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031