Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանի փոխարեն

Նոյեմբեր 09,1995 16:09

«Մի ժողովրդի պատմություն» վերնագրով իմ հոդվածը, որ տպագրվեց հոկտեմբերի 6-ին ու 7-ին «Առավոտ» օրաթերթում, իրարամերժ արձագանքներ առաջացրեց։ Ի տարբերություն «Հայ գրականության աննկատելի մահը» հոդվածիս, որին պատասխանեցին ավելի շատ, բայց՝ միահամուռ ժխտմամբ։ Ինչո՞ւ էին անդրադարձերն այս անգամ սակավ ու տարամետ։ Պատճառներն, իմ կարծիքով, հետեւյալն են։

Նախ, պատմությունը բոլորինն է, իսկ գրականությունը՝ «գրողներինը», իսկ ինչը որ բոլորինն է՝ հանրային, գիտենք, որ նույն հոգատարությանը չի արժանանում, ինչ՝ մասնավոր սեփականությունը։ Ամեն մի գրող գրականության ստեղծողներից մեկն է, եւ, եթե կասկածի է ենթարկվում ամբողջ գրականությունը, նա համարում է, որ իր գործն էլ է կասկածի ենթարկված, ու ոտքի է ելնում ամբողջի պատիվը պաշտպանելու։ Մինչդեռ յուրաքանչյուր քաղաքացի չէ, որ իրեն պատմության կերտող է համարում եւ, ըստ այդմ, իրեն պարտավոր չի զգում գոհ լինելու ոչ միայն ժամանակակից, այլեւ հին օրերի պատմությունից։

Հաջորդ պատճառը, որ «Գրականության մահը» ավելի բուռն դատապարտվեց, նույնանուն հեռուստահաղորդումն էր։ Շատերը վախեցան, որ հեռուստաէկրանից հնչող մահազդին կհետեւի թաղման կառավարական հանձնաժողով ստեղծելու որոշումը։ Բայց երկյուղը մեծ էր, քան վտանգը։ Ոչ մի, թեկուզ՝ զգայացունց, հեռուստահաղորդում չի կարող թաղել կեսդարյա գրականությունից որեւէ բան, որը կենդանի է։

Բայց գլխավոր պատճառը, որ «Մի ժողովրդի պատմությունը» քիչ ընդդիմախոսներ ունեցավ, հրահանգն էր, որ տրվեց «Գոլոս Արմենիի» թերթի առաջին էջում զետեղված մի հոդվածից: Ցուցաբերելով Էրքյուլ Պուարոյին, կոմիսար Մագրեին, նույնիսկ փաստաբան Մեյսոնին արժանի խորաթափանցություն՝ հոդվածագիրը տալիս է ճակատագրական հարցը. «Ո՞ւմ էր դա ձեռնտու»: («Դա»-ն իմ հոդվածն է):

Ցավոք, անձամբ ինձ էլ շատ հետաքրքրող այդ հարցին տրվող պատասխանը հայ ընդդիմադիր մամուլի պատմության չափ հին է, «դա» պատվեր էր։ Պատվերի նպատակը՝ խոսակցություն ծավալել հայ ավանդական ազգային արժեքների շուրջ, որը, անկախ իր արդյունքից, դրանց հանդեպ կասկածներ կսերմանի ընթերցող հասարակության մեջ։ Խուզարկուի եզրակացությունն է՝ ոչ մի դեպքում չմասնակցել այդ խոսակցությանը։ (Եզրակացության հրապարակումը մի փոքր ուշացել էր. մի ընդդիմախոսություն արդեն լույս էր տեսել):

Նեղմտություն էլ կա, նեղմտություն էլ։ Որքան էլ այն լինի ազգային։ Մի՞թե ոչ մի քայլ առաջ չենք գնալու կենացային հայրենասիրությունից ու «էս ա 3 հատ դու շեշ կգցեմ ու քեզ մարս կանեմ» կարգի միջազգային ահաբեկչությունից։ Անօգուտ անցավ նույնիսկ իմ այն խորամանկությունը, որ մեր պոռոտախոս խեղճության մասին խոսելիս չէի տվել այն հնամյա կուսակցության անունը, որի մարտավարությանն ամենից ավելի է բնորոշ ապահով տեղից, լայն թիկունքի ետեւից հոխորտալու սովորությունը: Ինչը արել էի, որպեսզի վերլուծությունս միջկուսակցական ոլորտից տեղափոխեմ ազգային ինքնաճանաչողության հարթություն։

Այսպես, թե այնպես, «Գոլոս»-ից հնչած ձայնը եղավ մեր ժողովրդի պատմության շուրջ լռելու ազդանշան։ Չօգնեց նաեւ այն, որ Վ. Բրուտյանը «Առավոտ»-ում միայն իրեն հատուկ անորոշությամբ ակնարկեց, որ ես սխալ եմ հասկացել «պատվերը»։ Եվ այս առթիվ տվեց մի շարք հանձնարարականներ։ Մարդ ուղղակի հուզվում է, երբ տեսնում է ընդդիմադիր լրագրողների գորովանքը սեփական անձի հանդեպ։ Իրենք բոլորը գաղափարի մարդիկ են, ոմանք նույնիսկ՝ գաղափարական մատիկներ, իսկ հակառակ թեւում հավաքվել են պատվեր կատարողները։ Հուզիչ է, երբ անում են ավելին՝ փորձում են օգնել ճիշտ կատարելու պատվերդ։

Թող անքաղաքավարություն չհամարվի, բայց ուշադրություն չեմ դարձնելու այն հանգամանքին, որ «Գոլոս Արմենիին» «գուշակել» է, թե ում է «դա» ձեռնտու։ Մերժելու եմ նաեւ գործընկերոջ մեթոդական օգնությունը։ Շատ ավելի կարեւոր են ինձ համար Երվանդ Բոզոյանի ու Ստեփան Դանիելյանի արձագանքները, որոնք չվախեցան թեմայի «սրբազնությունից»։ Ե. Բոզոյանը, քչերից մեկը լինելով, համարձակվում է հիշեցնել, որ հաճոյախոսությունը ժողովրդի հանդեպ սիրո միակ ձեւը չէ, ինչպես նաեւ արժեքավոր դիտարկումով արձանագրում այսօրվա «մեծացած-փոքրացած» երիտասարդության թմբիրային վիճակը։ Ս. Դանիելյանը ուժեղ ընտանիքով ու թույլ հասարակությամբ է պատճառաբանում մեր ազգային ինքնամեկուսացման պարբերական միտումները։

Հնդկական մի հեքիաթ կա հինգ կույրի մասին, որոնք փղի են հանդիպում ու հետո երկար վիճում են՝ պա՞տ, սյո՞ւն, պարա՞ն, տե՞գ են շոշափել թե՞ խողովակ։ Նայած ով կենդանու ո՛ր մասն էր շոշափել։ Այս դժբախտների նման մենք անվերջ ու ապարդյուն կարող ենք վիճաբանել. եթե չհասկանանք, որ մեր իմացածը ընդամենը ամբողջի մի մասն է, եւ ամբողջի վերաբերյալ պատկերացում կունենանք միայն այն ժամանակ, երբ ոչ թե պիտակներ կպցնենք իրար ասելիքների, այլ որեւէ օգուտ քաղենք կատարված մտավոր աշխատանքից։

Ընդ որում, ինչքան տարբեր են մեր շոշափած հատվածները, այնքան շատ բան կիմանանք մենք ճշմարտություն կոչվող հսկա փղի մասին։

Վահրամ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խմբագրության կողմից– Հաջորդ երեքշաբթի՝ նոյեմբերի 14–ին մեր թերթում կարդացեք Վահրամ Մարտիրոսյանի «Առանց ընտրախավի» հոդվածը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930