Լրահոս
Օրվա լրահոսը

«ԶԵՓՅՈՒՌԻՆ» ՉԵՆ ԳՈՒՐԳՈՒՐՈՒՄ

Հունիս 05,1998 14:57
gexeckutyan srah

Հունիսի 4-ի առավոտյան, ժամը 9-10-ի սահմաններում, մի խումբ ցուցարարներ էին հավաքվել ՀՀ նախագահի նստավայրի առջեւ։ Նրանց առաջնորդում էր մի կին, որը, հետո պարզվեց, «Զեփյուռ» գեղեցկության սրահի տնօրենն է։ Վերջինս իր շուրջն էր խմբել գեղեցկության սրահի մոտ 50 հոգանոց կոլեկտիվին։

Իրենց պահանջները ներկայացնելու մեր խնդրանքին «Զեփյուռի» տնօրեն Գոհար Կարապետյանը, որն իր իսկ խոսքերով, այդ պաշտոնն է զբաղեցնում շուրջ 14 տարի, հետեւյալ բացատրությունը տվեց։ 31 տարվա պատմություն ունեցող, Աբովյան 26 հասցեում տեղակայված «Զեփյուռ» գեղեցկության սրահը միշտ էլ կատարել ու գերակատարել է պլանները։ 1994 թվականին, կառավարության որոշմամբ այն ընդգրկվել է սեփականաշնորհման ծրագրում։ 1995 թվականի օգոստոսի 8-ին, հաշվի չառնելով այդ հանգամանքը, իրենց կոմբինատի նախկին ղեկավարությունը, քաղաքապետարանի նախկին ղեկավարության հետ միասին՝ գումարած նախկին պետարբիտր Սարգսյանը, «հանցավոր համաձայնության գալով, փորձեցին օբյեկտը վաճառել ինչ-որ ճարպիկ կազմակերպության, որի անունն է «Սփեյս»։ Այն ժամանակ ասում էին, որ քաղաքապետարանի ղեկավարությունն է այդ գործարքը հովանավորում»։

Այնուհետեւ, ինչպես ներկայացրեց Գոհար Կարապետյանը, պետարբիտրը, առանց իրենց տեղյակ պահելու, եւ զրկելով առաջնային սեփականաշնորհման իրավունքից, կոլեկտիվին տարածքից վտարելու հայց է ներկայացնում, ինչն, իհարկե, կանխվում է։ Կոլեկտիվն անմիջապես դիմում է ներկայացնում հանրապետության դատախազին եւ այդ մարմինն էլ բողոքում է արբիտրաժի վճռի դեմ՝ հիմքում ունենալով այն իրողությունը, որ գործարքը կատարվել է կոլեկտիվի բացակայությամբ։

«Զեփյուռի» տնօրենի խոսքերով՝ բողոքն ընթացք է ստանում, եւ ներկայիս պետարբիտր Սուրեն Մամիկոնյանը, անշահախնդրորեն հաշվի առնելով կոլեկտիվի շահերը եւ գործում ի հայտ եկած նոր փաստերը (գործնականում քողարկվել է այն փաստը, որ «Զեփյուռը» գտնվում է սեփականաշնորհման ծրագրում եւ, բացի այդ, մատուցվել էր, թե վարսավիրանոցը պետությանը պարտքեր ունի), այլ վճիռ է ընդունել։ Պարտքեր, իրոք, կան, սակայն դրանք կոմբինատի պարտքերն են, իսկ «Զեփյուռը» միշտ էլ իր վրա դրված պլանի չափով, ինչպես ներկայացրեց տնօրենը, մուծումներ կատարել է։ Արդյունքում, տեղեկանալով իսկությանը, պետարբիտր Մամիկոնյանը բեկանել է նախկին վճիռը եւ տարածքը թողել կոլեկտիվին։

Սակայն դրանից հետո քաղաքապետարանը եւ «Սփեյսը» խնդիրը մտցրել են դատարանական քաշքշուկի ոլորտ։ Դառնալով ՍՊԸ, «Զեփյուռը» պատրաստակամություն է հայտնել վճարել կոմբինատի պարտքերը, որպեսզի այլեւս խնդիրներ չառաջանան։ Սակայն, դատարանական գործընթացը, որը հիմքում ունեցել «Զեփյուռի» նոր կարգավիճակն անվավեր ճանաչելու եւ տարածքից վտարելու հարցը, երկարատեւ է եղել։

«Մյասնիկյանի ժողդատավոր պրն Կատվալյանը, Էրեբունու ժողդատավոր Սիմոնյանն իրենց անօրինական վճիռներով բավարարել են քաղաքապետարանի եւ «Սփեյսի» հայտը՝ կայացնելով բացակա վճիռ։ Ես ունեմ հիվանդության տեղեկանք»,- ասաց «Զեփյուռի» տնօրենը։
Այնուհետեւ խնդիրը քննարկվել է գերագույն դատարանում, նորից մտել գլխավոր դատախազի քննության ոլորտ, իսկ այսօր եկել-հասել է այն պահը, երբ առաջին ատյանի դատարանում պիտի վճիռ կայացվի։

Ցուցարարներին նախագահի աշխատակազմում ընդունեց նամակների բաժնի վարիչ Ռուզան Ասատրյանը, ասելով, որ իրենք խնդրին կարող են ընթացք տալ միայն դատարանի վճռից հետո։ Իսկ «Զեփյուռի» կոլեկտիվն արդար վճռի է սպասում։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

05.06.1998թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930