Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ ԵՔ, ԹԵ՞ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Հունիս 16,1998 23:23

Անհստակ է Հայաստանի ներկայիս քաղաքական դաշտի դասավորությունը։ Միացել են ուժեր, որոնց կողք-կողքի գտնվելն անգամ անբնական է։

Ուստի՝ պատահական չէ ամենեւին, որ հատկապես Ռոբերտ Քոչարյանին սատարած «Արդարություն եւ միասնություն» համագործակցության ներկայացուցիչներն են վերջին ժամանակներս շտապում հայտարարել, թե իրենք, իշխանություն համարվելով, այդպիսին չեն։ Այսօրինակ հայտարարություններն էին, որ որոշակի տարակույսների տեղիք տվեցին, ինչից ելնելով էլ «Առավոտը» Ռոբերտ Քոչարյանին սատարած քաղաքական ուժերին ուղղեց մեկ հարց. «Այսօր ի՞նչ կարգավիճակ ունի ձեր կազմակերպությունը. իշխանությո՞ւն եք, իշխո՞ղ, իշխանամե՞տ, թե՞ ընդդիմություն»։ Պատասխանները կներկայացնենք շարունակաբար։

Ալեքսանդր Աղամալյան (ԳիԱրՔՄի)- Մեր կուսակցությունն այսօր իր տեղը տեսնում է կառուցողական ընդդիմության դերում։ Դա կարելի է, այսպես ասենք՝ նաեւ ներքին ընդդիմություն համարել։ Մեր դիրքորոշումը հետեւյալն է. բոլոր այն գործընթացները, որոնք համահունչ են նախագահի ծրագրին, որին մենք սատարել ենք, պետք է նաեւ մեր ջանքերով իրականություն դառնան։ Մենք այստեղ պետք է դրսեւորենք առավելագույն ջանք։ Սակայն դա չի նշանակում, որ մենք դրանից զատ այլ բան չենք անելու։ Մի փոքր շեղումն անգամ քննադատելու ենք։ Բայց միարժեք է, որ քննադատությունը պետք է կառուցողական բնույթ ունենա եւ կատարվի իրերի իմացությամբ։ Այսինքն՝ քննադատությունը պետք է լինի առարկայական։

Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, ապա պետք է ասեմ, որ որեւէ ծրագրի սատարելն արդեն իսկ պատասխանատվություն ստանձնել է նշանակում։ Մենք դրանից չենք հրաժարվում, բայց այստեղ հարկավոր է որոշել չափը։ Կրկնեմ՝ մենք սատարելու ենք այն գործընթացներին, որոնք համահունչ են մեր մոտեցումներին։ Հակառակ դեպքում՝ կարող ենք հնչեցնել քննադատություն, որը նույնպես օգնություն է։ Քննադատությունն այս դեպքում նույնպես սատարում եւ ոչ թե պատասխանատվությունից խուսափել կնշանակի։ Եթե հարցն ավելի է որոշակիացվում, թե ո՞վ է ստանձնել ամբողջ պատասխանատվությունը, բնական է՝ դա, առաջին հերթին, նախագահն է։
Կարծում եմ, վերեւի իմ ասածներից կարելի է բխեցնել, որ այսօրվա դրությամբ ԳիԱրՔՄի-ն կառուցողական ընդդիմություն է։

Հրայր Կարապետյան (ՀՅԴ) (լուսանկարում)- «Արդարություն եւ միասնություն» համագործակցության («ԱՄ»Հ) մեջ ընդգրկված են այն քաղաքական ուժերը, որոնք անցյալ նախագահական ընտրություններում պաշտպանել են Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, եւ իրենց այդ քայլով, բնական է, արդեն իսկ որոշակի պատասխանատվություն կրում են այն ծրագրերի իրականացման համար, որոնք ներկայացվել են պաշտպանյալ թեկնածուի կողմից։ Բնական է, որ ՀՅԴևն լինելով Ռոբերտ Քոչարյանին պաշտպանող ամենահիմնական քաղաքական ուժերից մեկը, պետք է լուրջ մտահոգություններ ունենա, որպեսզի ներկայացված ծրագրերը հնարավորինս հետեւողականորեն եւ հնարավորինս արագ իրականացվեն։ Այդ մտահոգությունն այսօր առկա է «ԱՄ»Հ-ում։

Մենք բազմաթիվ քննարկումներ ենք անցկացրել, որոնք վերաբերում են ԱԺ գալիք ընտրություններին, ընտրական օրենսգրքին։ Հատկապես լուրջ խոսակցություն է ծավալվել համամասնական-մեծամասնական ընտրասկզբունքների շուրջ։ ՀՅԴ-ն հակված է, որ համամասնականևմեծամասնականի տոկոսային հարաբերակցությունը լինի 70/30՝ հօգուտ առաջինի։ Լուրջ խնդիր է նաեւ ընտրությունների վերահսկելիության հարցը, ինչը ուղղակիորեն առնչվում է հանձնաժողովների ձեւավորման կարգին։ Մեր տեսակետն այն է, որ կուսակցություններն իրենց ներկայացուցիչները պետք է ունենան հանձնաժողովներում, որպեսզի վերահսկողությունը լինի լիակատար։ Արծարծվել են նաեւ կադրային քաղաքականությանն առնչվող հարցեր։ Ժողովուրդը տեղերում դեռեւս որեւէ փոփոխություն չի նկատել տեղական իշխանությունների գործելակերպում։

Հովանավորչության, կաշառակերության դեպքերը ժողովրդի մեջ նորից հուսահատության տեղիք են տալիս։ Շատ կարեւոր ենք համարում տնտեսական հանցագործությունների հետապնդման խնդիրը։ Տեղյակ ենք, որ այս ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են, բայց դրանց արագությունը հեռու է գոհացուցիչ լինելուց։ Դրանք պետք է արդյունավետ լինեն եւ հրապարակային։ Մտահոգ ենք նաեւ սոցիալևտնտեսական ոլորտների խնդիրներով, առաջին հերթին՝ սոցիալական արդարության խնդրով։ Իշխանության եւ իշխանության կողքին կանգնած կուսակցությունների հիմնական խնդիրը Հայաստանում արդարության մթնոլորտի վերահաստատման հարցն է։Առաջիկայում, հավանաբար, կստեղծվի Քաղաքական խորհուրդը, եւ մենք սիստեմատիկ հանդիպելով նախագահին, այս կարգի մեր բոլոր մտահոգությունների մասին նրան տեղյակ կպահենք։ Մեզ համար մտահոգիչ են նաեւ ՀՀՇ-ական լիդերների այն հայտարարությունները, որոնք ցանկանում են Արցախի հարցում ժողովրդին վերադարձնել պարտվողական ոլորտ։

ՀՅԴ-ն իշխանության հետ է ի սկզբանե՝ սկսած 1990 թվականից, երբ սկսել է գործել Հայաստանում։ Միշտ հետապնդել ենք նույն սկզբունքը։ Եթե, մեր կարծիքով, իշխանություններն ազգային քաղաքականություն են վարել, իսկ այսօր մենք պետք է ընդունենք, որ գլոբալ իմաստով, մանավանդ՝ Արցախի եւ արտաքին քաղաքականության հարցերում արդյունքները գոհացուցիչ են, մենք սատարել ենք իշխանությանը։ Իսկ մյուս բոլոր հարցերում, որոնց մի մասը ես թվարկեցի, Դաշնակցությունը հանդես է գալու ամենակոշտ ընդդիմության դիրքերից։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930