Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔՎԵՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԱԾ ԵՆ

Հունիս 20,1998 00:00

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔՎԵՆԵՐԸ ՀԱՎԱՔՎԱԾ ԵՆ Բազմազավակ ընտանիքներ-2 Հավանաբար երկրի կառավարման վերին էշելոններում թվում է, թե սոցիալական կոչվող ոլորտը ինչ-որ վերացական, ոչ իրական բան է։ Սակայն որոշակի ժամանակահատվածում, ասենք, ընտրությունից ընտրություն, երբ հարկ է լինում դիմել այդ ոլորտին՝ վստահության քվե ստանալու, չեն զլանում խոստումներ տալ։ ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունները եւս հրաշալի օրինաչափություն էին խոստումների եւ հավաստիացումների առումով։ ՀՀ նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն այնքան իրատես գտնվեց, որ նույնիսկ սոցիալապես անապահով քաղաքացիների բողոք-պահանջների ընդունման կենտրոն ստեղծեց։ Ապահովվեց նաեւ այդ բողոքներին պատասխանելու օպերատիվությունը։ Լամպերի գործարանի «Աստղիկ» սանատոր-պրոֆիլակտորիումում (Թբիլիսյան խճուղի 5) բնակվող բազմազավակ մի ընտանիք, մեծ հույսեր կապելով դիմումներ ընդունող այս կենտրոնի հետ, նամակ գրեց ու ՀՀ նախագահի թեկնածուին ներկայացրեց իր վիճակը։ Ասաց, որ 10 երեխա է մեծանում սանատոր-պրոֆիլակտորիումի հատակին։ Ասաց, որ ընտանիքի հայրը՝ 40-ամյա Վարդան Արմենյանը ոչ մի տեղ աշխատանք չի գտնում, թեեւ կարի մեքենաների մասնագետ է։ Ասաց, որ երեխաները դպրոց չեն հաճախում, որովհետեւ հագուստի եւ կոշիկի պակաս կա, որովհետեւ թերսնված են։ Օրվա հացը հաճախ չեն կարողանում գնել՝ հարեւան բոլոր հացավաճառներին պարտք են։ Պետության տվածը յուրաքանչյուր երեխայի հասանելիք 2000 դրամ նպաստն է (ընդամենը 20 հազար դրամ), որից 10-12 հազարը խլում է էլեկտրաէներգիան։ … Պատասխանը չուշացավ։ Պատասխանեցին, թե նամակը, քանի որ սոցիալական ոլորտի է, ուղարկվել է Սոցապնախարարություն։ Հարցերը լուծելու ինչպիսի՜ արագություն։ Իսկ Սոցապնախարարությունից եկավ պաշտոնական գրություն. «Ի պատասխան ձեր դիմումի, հայտնում ենք, որ ձեզ նախարարության սուղ միջոցներից 2000 դրամ օգնություն ենք հատկացնում, որը կստանաք փոստով»։ … Բոլոր նախագահներն ընտրված են եւ առայժմ, կարծես թե, քվեի կարիք չկա։ Իսկ խոստացված 2000 դրամը դեռ տեղ չի հասել։ Ընտանիքի մայրը՝ 36-ամյա Մարիամ Արմենյանը բազմիցս դիմել է Արաբկիրի թաղապետին, սակայն վերջինս չի ընդունել նրան։ Դիմել է նաեւ սոցապնախարարին՝ պատասխանել են. «Տիկին, ծիծաղելի է, որ եկել եք նախարարություն։ Հացի հարցում ձեզ թաղապետը պիտի օգնի»։ Չի՛ օգնում, հետո՞… Որտե՞ղ է օղակը փակվելու։ Հարազատները չօգնեցին՝ գուցե օտա՞րն օգնի։ Այսպես մտածելով, Մարիամ Արմենյանը դիմեց ֆրանսիական դեսպանատուն։ Ֆրանսիացիները եկան, երեխաների համար շորեր բերեցին, իրենց հերթին էլ դիմեցին ՀՀ առողջապահության նախարարություն, թե՝ ձեր ազգի զավակներն են, եկեք տեսեք՝ հիվա՞նդ են, թե՞ առողջ։ Ֆրանսիացիներին ո՞նց մերժենք։ Մեր կոնյակը նրանց ձեռքից ենք խմելու։ Առողջապահության նախարարությունից եկան, երեխաներին զննեցին. առայժմ հիվանդ չեն։ Այս ընտանիքին օգնողները շատ չեն։ Ֆրանսիացիները՝ մեկ, Ամերիկայի արեւելյան թեմի հայ օգնության ֆոնդը՝ երկու, Հայ ավետարանչական ընկերակցությունը՝ երեք։ Առաջին երկուսը մեկանգամյա օգնություն են ցուցաբերել (հագուստ եւ սնունդ)։ Վերջինն էլ հայտարարել է, թե այլեւս չի կարող օգնել, քանի որ նորածնի կերը տալու է մանկատներին։ Իսկ ընտանիքի կրտսերը 6 ամսական է եւ սնունդը, որ հարկավոր է նրան, «սեղանիկի» վրա բավական թանկ արժե՝ պետության տված մեկ ամսվա նպաստից էլ թանկ։ Մայրը դիմել է մի շարք անձանց՝ Քանաքեռի գիշերօթիկում իր դպրոցահասակ երեխաներին տեղավորելու խնդրանքով, սակայն նրան պատասխանել են, թե դպրոցը մանկատան երեխաների համար է։ Դիմել է կանանց հանրապետական խորհուրդ (այն ժամանակ նախագահը ՀՀ առաջին տիկինն էր), պատասխանել են՝ չես կարող պահել, ինչո՞ւ ես բերել, տար մանկատուն։ Դիմել է էլցանց՝ էլեկտրաէներգիայի վարձը զեղչով վճարելու խնդրանքով, ասել են՝ պետությունը այդպիսի օրենք չունի եւ պարտքի դիմաց անջատել են հոսանքը։ Ամռան ամիսներին մայրը երազում էր, որ մեկնումեկը իր երեխաներից մի քանիսին տանի մանկական ճամբար, որ ընտանիքի հոգսը մի քիչ թեթեւանա, երեխաներն էլ հանգստանան ու որոշ ժամանակ կուշտ լինեն։ Մայրը կարծում է, եթե իրենց մասին թերթը գրի, մի բարի մարդ կհայտնվի։ Չի ուզում հավատալ, թե մարդիկ անսիրտ են։ Ընտանիքը պարզապես երազում է, որ ընտանիքի հորն աշխատելու հնարավորություն տրվի. «Եթե Վարդանն աշխատի, մենք քչից-շատից կապրենք։ Բայց ուր գնում է, բանի տեղ չեն դնում»։ Այս կարգի հրապարակումների վերջում լավատես լրագրողներն անպայման ուզում են հավատալ, թե բարերարներ կգտնվեն։ Ես անձամբ հոգնել եմ լավատես լինելուց, որովհետեւ գիտեմ. մարդիկ կկարդան, կասեն՝ վա՜յ, վա՜յ, խեղճ ընտանիք, մի քիչ կհուզվեն (սա լավագույն դեպքում) եւ կգնան իրենց մեքենան լվանալու։ Շատերը, կարդալով վերնագիրը, կփնթփնթան՝ դե հերիք է, էլի, ինչո՞ւ են ուզում օրս պղտորել, ու կգնան խորհրդակցության։ Երրորդները բոլորովին չեն կարդա, ո՞վ ժամանակ ունի հասնել «Խաչմերուկ»։ … Օրվա համար բավական է իր ցավը։ Ու թերեւս պետք չէր գրել եւ մարդկանց զուր հույսեր տալ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել