Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՕՐՅԱ ԲԱԶՄԱՍԵՐԻԱԼ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 01,1998 23:24
Menem

Արգենտինայի նախագահ Կառլոս Սաուլ Մենեմը երեկ այցելեց Հայաստան եւ իր այցով պատմական քայլ կատարեց։ Պարոն Մենեմի այցը արեւմուտքի նախագահներից առաջինի այցն է Հայաստան։ Ժողովուրդը կասեր՝ ոտքը թեթեւ լինի, եւ նոր նախագահներ գան ու գնան։

«Զվարթնոց» օդակայան տանող ճանապարհը ոստիկաններով եւ այլ կարգ պահպանողներով, խիստ պատկառելի տեսք ուներ։ Ասեմ, որ լրագրողներին էլ էին լավ վերաբերվում, եթե չհաշվենք, որ մի լավ թափ տվեցին, զննեցին, մետաղը մյուս նյութերից առանձնացրին։ Օդակայան մտնելով ամենքը մի պահ հավասարվեցին։ Պաշտոնատար անձինք, արգենտինահայ գործարարները, զինվորականները դարձան մի ընդհանուր սպասող զանգված։

Ինքնաթիռը վայրէջք կատարեց ճիշտ ժամանակին։ Ինքնաթիռի երկու կողմերում Արգենտինայի եւ Հայաստանի պետական դրոշներն էին։ Չգիտեմ ինչու, բայց ինձ թվաց, թե օդանավի անձնակազմը վայրէջքից հետո էր դրանք ամրացրել ինքնաթիռին։ Մի տեսակ դժվար էր հավատալ, որ դրոշները եւս հազարավոր կիլոմետրեր էին կտրել եւ չէին պատառոտվել։

Իսկ մեր հիմնը շատ կարճ էր

Ինչպես եւ հատուկ է նման արարողություններին, պաշտոնական պատվիրակությունների հանդիպման պահին հնչեցին երկու երկրների պետական հիմները։ Արգենտինայի հիմնը մի երկար ու գեղեցիկ սիմֆոնիա էր հիշեցնում, արգենտինացիներն էլ՝ իրենց հիմնով հիացած, ձայնակցում էին նվագախմբին, իսկ վերջում՝ բուռն ծափահարեցին։ «Մեր հայրենիքը…» հնչեց այնքան հոգնած եւ ծանոթ, որ չհասցրինք մի կարգին ունկնդրել, մեկ էլ զգացինք, որ արդեն ավարտվեց։ Ներկաներից ոչ ոք քթի տակ երգելու ուժ չուներ, շոգ էր։

Ֆուտբոլ, ֆուտբոլ՝ մինչեւ վերջ

Ֆուտբոլն իսկապես համաշխարհային խաղ է եւ… հանրամատչելի։ Իզուր չէ, որ երկու երկրների նախագահների հանդիպման հենց առաջին պահին, երբ Արգենտինայի նախագահը հազիվ էր հասցրել ոտքը դնել հողին (ուղեգորգին ասելն ավելի ճշմարտանման է), հայ լրագրողներն անմիջապես հարցրին ֆուտբոլի մասին։ Երեւաց, որ պրն Մենեմը ֆուտբոլի գիտակ է, քանի որ անմիջապես ժպտաց եւ ասաց, որ կայանալիք Արգենտինա-Մեծ Բրիտանիա խաղում, անշուշտ, հաղթելու է Արգենտինան։ Վստահ ենք, որ Կառլոս Սաուլ Մենեմը մեկնելուց առաջ դիտել է խաղը, քանի որ նախագահի այցի ծրագրում այն ժամին, երբ տեղի էր ունենալու ֆուտբոլի Աշխարհի առաջնության վերոհիշյալ մրցամարտը, նշված էր, որ նախագահը, իբրեւ թե պետք է հանգստանար։ Իսկ ի՞նչ պակաս հանգիստ է աշխարհի մրցումներում հարազատ թիմի խաղը դիտելը։

«Ես կարծում եմ, մենք այսօր մի տեղ կդիտենք այս խաղը»,- իր ֆուտբոլասիրությամբ Արգենտինայի նախագահից հետ չմնաց նաեւ մերը։

Պաշտոնական մաս

ՀՀ նախագահի նստավայրում երկու նախագահների առանձնազրույցից հետո տեղի ունեցավ այցի առավել պաշտոնական մասը՝ Կառլոս Սաուլ Մենեմը եւ Ռոբերտ Քոչարյանը ստորագրեցին համատեղ հայտարարություն երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատման մասին։

Փաստաթղթերի փաթեթային հանձնում

Հայաստանի ԱԳ նախարարը եւ Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալը ստորագրեցին 4 համաձայնագիր՝ առողջապահության եւ սոցիալական բնագավառում համագործակցության, դիվանագիտական եւ պաշտոնական համակարգի աշխատողների վիզաների համակարգի պարզեցման, մշակույթի եւ կրթության բնագավառի համագործակցության եւ չորրորդը՝ միջուկային զենքի խաղաղ օգտագործման վերաբերյալ։
Այս բոլոր համաձայնագրերը շատ ուշադիր չորացնում էին ծծան թղթով եւ հետո փաթեթային ձեւով փոխանցում մեկմեկու։ Իսկ վերջում այս ամենը մի թեթեւ թրջվեց շամպայնով։

Ճեպազրույց ոտքի վրա

Ով ճարպիկ էր՝ խցկվեց։ Ում ձեռքը երկար էր՝ հասցրեց, ով բարձրահասակ էր՝ հեռվից հարց տվեց, ով ցածրահասակ էր՝ թեւերի տակով անցավ։ Բոլորն էլ, այսպիսով, հարց տալու հնարավորություն ստացան, եւ երկու երկրների նախագահներն էլ պատասխանեցին բոլոր հարցերին։

Կառլոս Սաուլ Մենեմ

-Իմ անունից եւ իմ պատվիրակության անունից կասեմ, որ մենք գոհ ենք այս հանդիպման համար։ Մենք զրուցել ենք պրն նախագահի հետ երկու երկրների հարաբերությունների մասին, ինչպես պրն նախագահն ասաց, քննարկել ենք նաեւ հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային խնդիրներին։ Առաջարկել ենք պրն նախագահին մեր աջակցությունն ու համագործակցությունը։ Միայն երախտագիտական զգացումներ եւ խոսքեր ունեմ պրն նախագահի հանդեպ, որի հետ այսօրվանից սկսած հաստատել ենք անձնական բարեկամություն, որը միայն մեր երկրների օգտին է։

Ռոբերտ Քոչարյան

-Ես ավելացնեմ, որ Արգենտինայի վերջին մի քանի տարիների հաջողություններն իրոք տպավորիչ են, եւ այն քայլերը, որոնք հիմա մենք ձեռնարկում ենք մեր տնտեսությունը զարգացնելու, ինչևոր տեղ բավական նման են այն քայլերին, որոնք ձեռնարկվել են Արգենտինայում պրն Մենեմի ղեկավարությամբ։ Այդ հաջողությունները բերեցին նրան, որ Արգենտինայի միջազգային վարկը բավականին բարձրացավ։ Դա հետաքրքիր երկիր է, որի հետ հարաբերությունները շատ կարեւոր են։

Այնտեղ, ուր մենք չեղանք

Արգենտինայի նախագահի այցելության ծրագիրը գերհագեցած էր՝ «Արգենտինյան դպրոց», Մեծ եղեռնի հուշահամալիր, Ազգային ժողով եւ այլն։ Իսկ ուշ գիշերին, ֆուտբոլային խաղից անմիջապես հետո, մեկնում Հայաստանից։

Վերջում

Թեմայի հետ թվում է կապ չունեցող «Առավոտ»-յան երկու փոքրիկ նկատառում. Արգենտինայի Հանրապետության նախագահին ուղեկցում էր նաեւ նրա դուստրը՝ օրիորդ Սուլեմա Մարիա Էվա Մենեմը, որը հայ լրագրող տղաներին անչափ դուր եկավ իր ջրահարսի կազմվածքով։ Իսկ Արգենտինայի նախագահի մազերը հետաքրքիր գույն ունեին (հո ներկած չէր)։

Բազմասերիալ այցելությանը մասնակցեց եւ մանրամասները ներկայացրեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031